Ուրբաթ, 07. 10. 2022

Սուրբ Վարդանանց Տօնին Կատարուեց Քահանայական Ձեռնադրութիւն

     Փետրուարի 24-ին Սուրբ Վարդանանց զօրավարների տօնի առիթով Արմաւիրի թեմի Սուրբ Աստուածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ, մատուցուեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ քահանայական ձեռնադրութիւն:

     Սրբազան արարողութեանը ներկայ էին հայաստանեան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանութիւնը եւ բազմաթիւ ուխտաւոր հայորդիներ:

     Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառոյցներում եւ թեմերում սպասաւորող ութ սարկաւագներ:

     Սուրբ Պատարագի ընթացքում Արմաշ Սրբազանը, քահանայութեան կոչելով նորընծաներին, Սրբալոյս Միւռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպէս նաեւ նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգեւոր անուններ: Բարեշնորհ Կամօ սարկաւագ Թազայեանը վերակոչուեց Տէր Ղեւոնդ քահանայ, Դաւիթ սարկաւագ Մովսէսեանը` Տէր Ադամ քահանայ, Արտաշէս սարկաւագ Ներսիսեանը` Տէր Վարդան քահանայ, Սպարտակ սարկաւագ Իսրայէլեանը` Տէր Արսէն քահանայ, Հրաչ սարկաւագ Սուլթանեանը` Տէր Արտակ քահանայ, Եղիշէ սարկաւագ Յարութիւնեանը` Տէր Յովսէփ քահանայ, Սարգիս սարկաւագ Մկրտչեանը` Տէր Դանիէլ քահանայ եւ Դաւիթ սարկաւագ Յունանեանը` Տ․ Յարութիւն քահանայ: Ապա նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը փոխանցեցին ներկաներին:

     Այնուհետեւ Սրբազան Հայրը, իր քարոզում խօսելով Սուրբ Վարդանանց խորհրդի մասին, մասնաւորաբար ընդգծեց․ «Դարեր անց էլ Վարդանանց սերունդները` մեր հերոսները, մեր օրերի վարդանները, պայքարում են վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց: Այո՛, առաքելահաստատ քրիստոնէութիւնը մեր ինքնութիւնն ու մաշկի գոյնն են, որոնք հնարաւոր չէ փոխել: Դա ապացուցեցին պատմութիւնն ու ժամանակը: Դա ապացուցում են շատերը նաեւ այսօր իրենց խօսքով ու գործով, այլեւ նորովի մեր հերոսները` հայրենիքի պաշտպանները, իրենց նահատակութեամբ եւ զոհաբերութեամբ վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ: Վարդանանց կերտած սրբութեան ուղին այսօր էլ խօսուն է, պարտադրող եւ հրամայական է մեզ համար»:

     Խօսքն ուղղելով նորաօծ քահանայ հայրերին` Արմաշ եպիսկոպոսն ասաց․ «Քահանայական օծումով նախ եւ առաջ Ձեզ տրւում է իշխանութիւն կանգնելու  Աստծոյ զոհաբերութեան Սուրբ խորանի առջեւ եւ սրբագործելու հացն ու գինին: Դուք իրաւասու էք  պատրաստելու սուրբ Հաղորդութիւնը` Քրիստոսի իրական մարմինն ու արիւնը, եւ բաշխելու հաւատացեալներին մխիթարութեան ու մեղքերի քաւութեան համար: Արդարեւ, դուք կոչուած էք քարոզելու Աւետարանի խօսքը եւ յայտարարելու Աստծոյ փրկութիւնը: Այսպիսով,  քահանայագործ ձեր ծառայութեամբ Քրիստոս է, որ պիտի փառաբանէք, որպէսզի ամէն ոք միանայ Փրկչին»:

     Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաեւ, որ քահանաների պարտականութիւնն է` իբրեւ սուրբ խորանի սպասաւորներ, մարդկանց կեանքում եւ հոգում դրոշմելու Քրիստոսի ներկայութիւնը եւ Սուրբ Հոգու զօրութիւնը, որ նրանք ունեն սրբանալու, արդարանալու եւ փրկուելու անանցանելի խոստումը:

     «Եւ վերջապէս դուք հրաւիրուած էք հովուելու հաւատացեալ ժողովրդին: Քարոզեցէ՛ք Քրիստոսի խաչելութիւնը եւ Նրա հրաշագործ ու կենսատու յարութիւնը: Սիրեցէ՛ք ձեր հօտի հաւատացեալներին: Դարձէ՛ք քաջ հովիւներ, մխիթարեցէ՛ք բոլորին, կարեկից ոգով օգնեցէ՛ք կարօտեալներին, այցելէ՛ք հիւանդներին, ընկերակի՛ց եղէք նրանց ցաւերին եւ ուրախութիւններին: Բայց մանաւանդ սիրեցէ՛ք բոլորին: Յիշէ՛ք, որ դուք զգեցաք Քրիստոսին: Եղէ՛ք նրա համեստ, հաւատարիմ, հզօր եւ կարող ծառաները», – պատգամեց Արմաշ Սրբազանը` յորդորելով նորաօծներին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով հաստատել Աստծոյ զօրութիւնը մարդկանց հոգիներում:

     Սրբազանը միաբանութեան եւ ներկայ հաւատացեալ ժողովրդի անունից շնորհաւորեց նաեւ Հայոց Հայրապետին անուանակոչութեան օրուայ կապակցութեամբ` մաղթելով, որ Տէրը ծաղկուն պահի Նորին Սրբութեան հայրապետական գաւազանը հովուելու եւ առաջնորդելու հաւատաւոր հոտին, պարգեւի կենաց արեւշատ օրեր, քաջառողջութիւն եւ հովուապետութեան երկար տարիներ` ի փառս Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի բարօրութիւն հայ ազգի:

     Ապա «Ողջոյնի» ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ներկայ հոգեւոր դասը, բարձրացան Սուրբ Խորան եւ շնորհաւորեցին նորաօծ քահանաներին` համբուրելով նրանց միւռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

     Յընթացս Սուրբ Պատարագի,  նախագահութեամբ Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանի, կատարուեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղօթք բարձրացրեցին առ Աստուած Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան անսասանութեան եւ պայծառութեան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատութեան ու արդիւնաշատ հովուապետութեան համար:

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրեայ պատրաստութեան շրջանից յետոյ նորընծայ քահանաներն ծառայութեան կը կոչուեն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառոյցներում:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին