Երեքշաբթի, 16. 04. 2024

spot_img

Հայութեան Տունը Քանդւում Է Չարքերի Շարքերի Պատճառով

Համացանցի Վրայ

Ֆէյսպուքից երկու կարճ գրութիւն եմ առանձնացնում այսօր, որ ճիշտ ու ճիշտ հայութեան պատկերն է Հայաստանում եւ Սփիւռքում։

Առաջին գրութեան հեղինակին չեմ ճանաչում։ Գրութիւնը կիսել էր իմ ծանօթներից մէկը։ Նաեւ չգիտեմ ինչքան ճիշտ է այն պատմական դրուագը, որի մասին վկայել է։ Բայց նրա խօսքը ճիշտ է։

Երկրորդ գրութիւնը դոկտոր Վարդգէս Դաւթեանի ակնարկն է «Թաւշեայ յեղափոխութեան» եւ իշխանութիւններում նշանակուած քատրերի կապակցութեամբ։ Դոկտոր Դաւթեանը ճանաչուած հոգեբոյժ է։ Նա ունի նաեւ գրական արձակ ստեղծագործութիւններ․ բազմաթիւ գրքերի հեղինակ է եւ գրական իր ուրոյն ճամբան է անցնում։ Առիթ կը լինի առանձին անդրադառնալու Վ․ Դաւթեանի գրականութեան մասին։

Կարդանք։ Հայութեան տունը քանդւում է չարքերի շարքերի պատճառով։ Այս երկու գրութիւնները վերաբերում են չարեաց մեծագոյնին։

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Դաւիթ Պարեանի ֆէյսպուքեան էջից

Նոյեմբերի 17, 2021

Սովետական KGB-ն Հարաւսլաւիայի նախագահ Տիտոյին յայտնում է, որ իր մերձաւորների շարքերում դաւաճան կայ, որը հաւաքագրուած է CIA-ի կողմից եւ տալիս է մէկ ամիս ժամանակ դաւաճանին բացայայտելու համար։ Անցնում է մէկ ամիս, սակայն Տիտոն չի կարողանում բացայայտել դաւաճանին եւ խնդրում է ռուսներին, որպէսզի նրանք յայտնեն դաւաճանի անունը։

Պարզւում է՝ դաւաճանը իր տեղակալն է լինում։ Երբ իր տեղակալի հետ Տիտոն առանձին է լինում, զէնքը դնում է գլխին եւ յայտնում է, որ նա ամեն ինչից տեղեակ է։ Բացայայտուելուց յետոյ՝ տեղակալը չի արդարանում, որովհետեւ ամեն ինչ պարզ էր։

Տիտոն մէկ բան է հարցնում դաւաճանից։ Հարցնում է՝ թէ նրանք ինչ ցուցում են տուել իրեն։

Տեղակալը յայտնում է՝ որ իրեն ուղղակի հրամայել են տարբեր պաշտօններում նշանակել ոչ մասնագէտ մարդկանց։


Վարդգէս Դաւթեան

Սիրում եմ – չեմ սիրում …

Միշտ կարծել ենք, թէ միայն երկրաշարժն ու հրաբուխն են տարերային աղէտ. արի ու տես, որ մեզ համար յեղափոխութիւններն էլ են դառնում աղէտ. բնական տարերքի պէս անկանխատեսելի, բնական աղէտի չափ անկառավարելի: Սպասում ենք, որ յեղափոխութիւնները թարմութիւն ու առաջընթաց պիտի բերեն մեր հոգիներում, սակայն մինչ այդ, ամեն ինչի հանդէպ կոյր, ամեն ինչից խուլ միջակութեան լաւան հասցնում է ծածկել ու այրուող անապատի վերածել մեր յոյսերի աշխարհը: Շատ չե՞ն արդեօք այսքան աղէտները մի սերնդի կեանքում: Տարիներ շարունակ վերեւից (ասես Սիքստինեան առաստաղից) եկող բիրտ ու չարագուշակ ուղերձը – «Չքաղաքականացնել» – փաստօրէն ուղեցոյց դարձաւ նաեւ «թաւշեայ յեղափոխութեան» համար: Իսկ սոցիալական յեղափոխութիւնից երբ հանում ես քաղաքական եւ հումանիստական տարրերը, տակը մնում է այն գորշ, արագահոս եւ կատաղի միջակութեան լաւան, որը սրբում է ամեն նուրբ ու լուսաւոր բան իր ճանապարհին: Բանականը, բարոյականը եւ ամենագլխաւորը – մտքի աշխատանքը չի երեւում այս բովանդակ ընթացքի մէջ: Էլի ինչ-որ թրանսցենդենտալ (վերանցական, մտացածին – Խմբ.) ծրագրեր են մէջտեղ բերում, որոնք աւելի շուտ բարի ցանկութիւններ են (բաժակաճառեր), քան կոնկրետ նպատակ եւ գործողութեան ուղեցոյց:

Ամենասկզբում այս ամենը ես գնահատեցի իբրեւ քրիստոնէական ակունքներին միտուած շարժում, բայց հիմա՞։ Չէ՞ որ քրիստոնէութիւնը հռչակում է երկու կարեւոր գաղափար – անձի ազատութիւնը եւ անձի պատասխանատւութիւնը սեփական արարքների համար: Բայց ոչ – տգէտ սնապարծութիւնն ու հեշտասէր վակխանալիան գլուխ են բարձրացնում օր-օրի : Էլի ամբոխը, էլի խալխը – իր մթագնած ուղեղի գրգիռներով ու պահանջներով: Ու կրկին, մտածելու ընդունակ մարդը քշւում է կեանքի ետնախորշերը – իբրեւ հայկական յեղափոխութեան համար ոչ պիտանի մատերիալ (նիւթ -Խմբ.)…

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին