Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Ուսուցչի Օրուայ Առիթով

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

    Հայ Մշակոյթի եւ Ուսուցչի Օրուայ առիթով, կցում եմ Հայաստանի Գրողների Միութեան նախկին նախագահ Լեւոն Անանեանի գրութիւնից մի հատուած, որ վերաբերում է Հայաստանի անկախութիւնից յետոյ կրթական բարեփոխումներին։

    Չեմ իմանում, եթէ ողջ լինէր Անանեանը, ի՞նչ կասէր Հայաստանում կրթական ներկայ վիճակի մասին։ Մանրամասնութիւններ չգիտեմ, բայց յաճախ կարդում ենք, որ միջնակարգ դպրոցն աւարտած հայ աշակերտները չեն կարողանում ճիշտ պատասխանել ու անցնել հայոց լեզուի քննութիւնը՝ համալսարաններ մուտք գործելու համար։ Նոյնը տեսնում ենք սոցցանցերով՝ հայերէն գրառումներում։ Այդտեղից պիտի հանենք սփիւռքահայերին, որոնք յաճախ լատին տառերով հայերէն են գրում։

    Ի՞նչ կասէր Լեւոն Անանեանը՝ ի տես այն իրականութեան, որ Հայաստանի դպրոցներում դասաւանդուող՝ հայոց պատմութեան դասագրքերը մշակում են Թուրքիայում պատրաստութիւն անցկացրած «հայերը»։

    Ի՞նչ կասէր Անանեանը, երբ որ լսէր Հայաստանի թիւ մէկ քաղաքական դէմքի հայերէնն ու նրա բառապաշարը․․․ Չէ՞ որ ղեկավարը պիտի օրինակելի լինի ամեն ինչով։ Ուսուցիչն էլ պիտի օրինակելի լինի նախ ինքը կրթուի ու զարգանայ, ապա ճիշտ մօտեցումներով մարդ կերտի, հայ մարդ կերտի։

Կարդանք Լեւոն Անանեանի կարծիքը։

Լեւոն Անանեան
 (1946 - 2013)
 (Լեզուաբան, լրագրող, թարգմանիչ, խմբագիր)
 (Հայաստանի Գրողների միութեան նախկին նախագահ)
  
     Անկախութեան շրջանի կարեւոր ձեռքբերումներից մէկը հայոց լեզուի պետական կարգավիճակն է՝ վաւերացուած ՀՀ Սահմանադրութեամբ եւ Լեզուի մասին ՀՀ օրէնքով։
     Ցաւօք, գաղտնիք չէ, թէ անցեալ դարավերջին (եւ այսօր էլ) ի՜նչ ծանր փորձութեան ենթարկեցին մեր կրթական համակարգը, այսպէս կոչուած՝ բարենորոգումները․ վարեցին ու ցանեցին մեր աւանդական մանկավարժութեանը խորթ, օտարամուտ հունտեր, անդառնալի աւերներ գործեցին յատկապէս լեզուա-քաղաքականութեան մէջ՝ որբի գլխին վարսավիրութիւն սովորելով։ Տուեալ դէպքում՝ որբը մեր ոսկեղնիկ հայերէնն է ու բազմադարեայ գրականութիւնը։
     Ուստի եւ մեր պարտքն ու պարտականութիւնն է մատաղ սերնդին պատգամել, որ իրենք զինուորներն են Ս․ Մեսրոպ Մաշտոցի զօրագնդի, որը դարերի հոլովոյթում անզիջում մարտերով պաշտպանել ու մեզ է յանձնել մեր ինքնութեան անձնագիրը՝ մաշտոցեան հայերէնը, եւ որ մանաւանդ նրանք գիտակցեն, որ լեզուի կորուստը ազգի կորուստ է։
   
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին