Չորեքշաբթի, 15. 04. 2026

spot_img

Ո՞վ է Ռաֆայէլ Լեմքինը

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Ամիսը Ապրիլ է։ Մօտենում է հայոց մեծագոյն վիշտ՝ Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակը նշելու օրը։ Մտահոգուենք ի տես այն նոր ընթացքի, որով հայութեան նկատմամբ ցեղասպանութիւնը սկսել են կոչել Եղեռն ու Մեծ Եղեռն․․․ Մտահոգուենք։ Սա եւս մի ուրիշ հակահայ ընթացք է, որ սկսեց անցեալ տարուանից։

Հետեւեալը կենսագրական գիծերն են «Ցեղասպանութիւն» բառ-եզրոյթը յօրինող եւ դա միջազգային իրաւանց հարթակում գրանցել տուող Ռաֆայէլ Լեմքինից։ Նրա գործունէութիւնը չի սահմանափակւում այնքանով, որ ստորեւ ներկայացնում եմ։ Սա մի համառօտ ուրուագիծ է այս մեծանուն իրաւաբանի կեանքից, ում համար ճակատագրական եղաւ Սողոմոն Թեհլիրեանի՝ Թալեաթ փաշայի սպանելը։ Մանրամասնութիւնները՝ գրութեան մէջ։

Կարծում եմ հայութիւնը պարտք ունի Լեմքինի հանդէպ՝ յիշելու նրան եւ այցելելու նրա շիրիմին՝ ԱՄՆ Նիւ Եորք քաղաքում։ Թող այս տողերը յիշատակի եւ յարգանքի փորձ լինեն Լեմքինի հանդէպ։


«Ցեղասպանութիւն» բառն ստեղծողը Ռաֆայէլ Լեմքին (Raphael Lemkin)

(1900 թ, Ռուսական Կայսրութեան Վոլկովիկս նահանգ – 1959 թ, Նիւ Եորք)

Անուանի իրաւաբան Ռաֆայէլ Լեմքինը մի ողջ կեանք աշխատեց, որպէսզի ցեղասպանութիւնը որպէս միջազգային ոճիր ու յանցանք ճանաչուի։ Բրիտանիայի ժամանակի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, 1944 թուականին դա անուանեց «Անուն չունեցող յանցագործութիւն»։

Եւ, արդարեւ, ոչ-մի բառ-եզրոյթ գոյութիւն չունէր մարդկութեան նկատմամբ մեծագոյն եւ սարսափելի այդ յանցագործութիւնը բնորոշելու համար։ Դա պատահեց Երկրորդ Աշխարհամարտի տարիներում հրեաների նկատմամբ, իսկ դա նախընթաց է ունեցել հէնց 20-րդ դարում․ թուրքերի եւ աշխարհակործան ուրիշ ուժերի կողմից հայերի կոտորածներն Օսմանական Կայսրութիւնում ու նրան յաջորդած տարիներում։ Նախապէս ծրագրուած աննախընթաց ու սարսափելի կոտորածներ՝ ազգային, ցեղային եւ կրօնական ինքնութիւններ բնաջնջելու համար․․․ Ու 20-րդ դարում, երբ շատեր հաւատում էին մարդկութիւնը թեւակոխել է առաջադէմ եւ ժամանակակից դար։

Այդ «անանուն յանցագործութեան» համար, ի վերջոյ, գտնուեց համապատասխան բառը, եւ դա շնորհիւ մի հրեայ լեհացու, ով հաստատակամութիւն ունեցաւ ստեղծելու եւ գրանցելու այդ բառը․ «Ցեղասպանութիւն»։

Նրա անունը Ռաֆայէլ Լեմքին էր։ Իսկ «ցեղասպանութիւն» բարդ բառը բաղկացած է յունարէն “Genos”/ ցեղ եւ լատիներէն “cide” / սպանել բառերից, եւ դա հասկացւում է որպէս «ազգային, քաղաքական, կրօնական, ցեղային պատճառներով մարդկութեան որեւէ խմբի/հասարակութեան ծրագրուած վերացում եւ ոչնչացում»։

Կենսագրական գծեր

Ռաֆայէլ Լեմքինը ծնուել է 1900 թուականին, Ռուսական Կայսրութեան Վոլկովիսկ նահանգում, որը 1919 թուականին Լեհաստանի կազմում էր, եւ 1945 թուականից յետոյ անցաւ Բելառուսին։

Կայ մի կարեւոր ու նշանակալի թուական, որ շրջադարձային եղաւ Լեմքինի կեանքում․ 1921 թուականի Մարտի 21-ը, երբ Գերմանիայի Բեռլին քաղաքում Սողոմոն Թեհլիրեանը ահաբեկեց Օսմանական Կայսրութեան Ներքին Գործոց նախարար Թալեաթ փաշային։

Թեհլիրեանի ողջ ընտանիքը թուրքերի կողմից հայութեան նկատմամբ ջարդերի ու զանգուածային կոտորածների զոհերից էին, ու գլխաւոր պատասխանատուներից էր Թալեաթ փաշան։ Հայոց Ցեղասպանութեան զոհերի թիւը ընդունուած է կարծել 1․5 միլիոն, բայց այդ թիւը նկատելիօրէն պակաս է իրական թուերից։

20 տարեկան Ռաֆայէլ Լեմքինը այդ ժամանակ ապրում էր Բեռլինից հեռու՝ Լեհաստանում։ Նա լեզուաբանութիւն էր ուսանում, բայց երբ սկիզբ առաւ Թեհլիրեանի դատավարութիւնն ու բացայայտուեցին կոտորածների մանրամասնութիւնները, նա հոգեպէս ցնցուեց ու որոշեց թողնել լեզուաբանութիւնը եւ զբաղուել իրաւաբանութեամբ։

Նրա յուշերում կարդում ենք,- «Հասկացայ, որ աշխարհը ցեղային եւ կրօնական հիմքով ջարդերի դէմ պիտի օրէնք ունենայ»։ Նա վճռակամ էր հաստատելու այդ օրէնքը։

«Ցեղասպանութիւն» բառը յօրինելուց առաջ, Լեմքինը այդ ջարդերը նշում էր «Բարբարոսական յանցագործութիւններ», ու դա բացատրում էր «քաղաքական ու կրօնական» պատճառներով «ոչնչացնելու գործողութիւններ»։

1933 թուականին, երբ Լեմքինն արդէն աշխարհում ճանաչուած իրաւաբան էր, Իսպանիայում գումարւում է «Մադրիդի Ազգերի Լիգայի Իրաւական Խորհրդի Միջազգային Քրէական Օրէնքի կոնֆերանսը»։ Լեմքինը չկարողացաւ մասնակցել այդ համաժողովին, բայց ուղարկեց իր գրութիւնը, որտեղ նշուած էր,- «Որեւէ ազգի ոչնչացումով ՝մարդկութեանը մաս կազմող մի բաժին/ մասնիկ է ոչնչանում՝ իր ամբողջ բարոյական ժառանգութեան հետ միասին, որը ողջ մարդկութեան ժառանգութիւնն է»։

Լեհական իշխանութիւնները արգելեցին Լեմքինին, որ մասնակցի այդ ժողովին։ Պատճառը քաղաքական էր։ Գերմանիայում իշխանութեան էր հասել Ադոլֆ Հիտլերը, ով վաղուց՝ 1919 թուականին, ասել էր,- «Հրեաների Հարցը» Եւրոպայում պիտի լուծել նրանց վերացնելով՝ գործնական ու նպատակային ծրագրաւորմամբ։ Լեհաստանի իշխանութիւնները չէին ուզում Հիտլերի հետ քաղաքական խնդիրներ ունենալ։

Փախուստ Լեհաստանից

Հրեայ Լեմքինի համար պայմանները դժուարանում են Լեհաստանում, յատկապէս 1939 թուականին, երբ նացիստական Գերմանիան գրաւում է Լեհաստանը, բայց նա յաջողեց խոյս տալ իրեն սպասող սարսափելի ճակատագրից։ Լեմքինի ծնողները չկարողացան դուրս գալ Լեհաստանից ու սպանուեցին «Աուշվից» համակերնդրոնացման եւ մահուան ճամբարում («Օսվենցիմ» մահուան ճամբար)։ Հոլոքոստին զոհ են գնում նրա ընտանիքից ու գերդաստանից 49 հոգի։

Լեմքինը անցնում է Միացեալ Նահանգներ եւ Հիւսիսային Գարոլինա նահանգի «Դիւք» համալսարանում դասախօս է աշխատում (Duke University of North Carolina)։ Նա բարձրաձայնում է նացիների յանցագործութիւնները եւ ահազանգ հնչեցնում։ Միաժամանակ շարունակում է հրատարակել իր մասնագիտական ուսումնասիրութիւնները։

Լեմքինը 1944 թուականին հրատարակում է «Առանցքի/ Ուժի կանոնը օկուպացուած Եւրոպայում» իր հատորը, որտեղ մանրամասնութեամբ նկարագրել է հրեաների նկատմամբ նացիների գործած ոճիրը։ Նա «ցեղասպանութիւն» բառն առաջին անգամ գործածեց այդ հատորում։ Այնուհետ նա պայքար է շղթայազերծում միջազգաին իրաւական հարթակներում ճանաչել տալու ցեղասպանութիւն ոճիրը։

Օրէնքը հաստատելու համար աշխատանք

1945 թուականի Նոյեմբերին, Գերմանիայի Նյորնբերգ քաղաքում սկսում է նացի ղեկավարների ու հրեաների ցեղասպանութեանը մասնակցող պարագլուխների դատավարութիւնը։ Փաստաբանները «ցեղասպանութիւն» բառն են օգտւում, բայց դատարանի վերջնական որոշման մէջ չկայ այդ բառը։ Բոլոր 18 մեղադրեալները դատապարտւում են «Մարդկութեան հանդէպ ոճիր գործելու յանցանքով»։ Լեմքինն ասել է,- «Դա իմ կեանքի ամենամութ եւ սեւ օրն էր»։ Դատարանի որոշման մէջ բացակայում էր «ցեղասպանութիւն» բառը։

Մէկ տարի անց՝ 1946 թուականի Դեկտեմբերին, նոր հիմնադրուած ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլէան վաւերացնում է թիւ 96 վճռագիրը, որով առաջին անգամուայ համար Միջազգային Իրաւունքում նշւում է «Ցեղասպանութեան ոճիր» բառ-եզրոյթը։ Ամբողջականն է,- «Մարդկութեան ողջ խմբերի/հասարակութիւնների գոյութեան իրաւունքը մերժելը՝ այնպէս ինչ անհատի գոյութեան իրաւունքն է մերժւում»։

Ու եզրակացրին,-

ՄԱԿ-ի Գլխաւոր Ասեմբլէան շեշտում է, որ ցեղասպանութիւնը ոճիր է Միջազգային Իրաւունքի տեսակէտից, որը դատապարտելի է քաղաքակիրթ աշխարհի կողմից, եւ յանցանք գործածներն ու մասնակիցները պատժի են ենթարկայ»։

1948 թուականի Դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ը հաստատեց «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որից յետոյ դա վաւերացուեց ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից։

Այնուհետ, ՄԱԿ-ի բարձրագոյն դատական ատեանին՝ Արդարադատութեան Միջազգային Դատարանին, որն ստեղծուել էր 1945 թուականին, Հոլանդիայի Հաագա քաղաքում (The Hague city), պարտականութիւն տրուեց զբաղուել ու վճռահատել ցեղասպանական յանցագործութիւնները։

Ռաֆայէլ Լեմքինը իր ողջ կեանքն ու նիւթական միջոցները նուիրեց իր նպատակին հասնելու համար։ Նա մահացաւ 59 տարեկանում, Նիւ Եորք քաղաքում, սրտի կաթուածքով, եւ կատարեալ չքաւորութեան մէջ։

Լեմքինի գերեզմանը գտնւում է Նիւ Եորք քաղաքի հրեաների «Մաունթ Հեբրոն» գերեզմանատանը (Mount Hebron Cemetery).

Աղբիւր՝ համացանցային տարբեր կայքեր

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին