Շաբաթ, 27. 04. 2024

spot_img

ՌԱԿ 100-ամեակ

ՅԱԿՈԲ ԱՒԵՏԻՔԵԱՆ

Առանց տօնի եւ տօնակատարութեան, առանց հանդիսանքային տրամադրութեան, Ռամկավար Ազատական կուսակցութիւնը այսօր, 2021 թ. հոկտեմբերի 1-ին, արձանագրում է իր հիմնադրման 100-ամյակը: 1921 թ.ի այդ օրը, դաշնակից յաղթական բանակների կողմից գրաւուած Կ.Պոլսում, նախկին Արմենական, Գաղափարակցական, Վերակազմեալ Հնչակեան, արեւելահայ Ժողովրդական եւ այլ կառոյցներ նախապէս համաձուլուելով Ռամկավար եւ Ազատական կուսակցութիւնների մէջ՝ հռչակեցին կազմութիւնը միաձոյլ նոր կառոյցի՝ ՌԱԿ-ի: Համաձուլման, միաւորման այդ ակտը հայ իրականութեան մէջ որքան բացառիկ, նոյնքան անհրաժեշտ էր հայ ժողովրդի պատմութեան տուեալ հանգամանքներում: Մեծ եղեռնից, պատերազմում Թուրքիայի պարտութիւնից, բռնագաղթուածների մի մասի Կիլիկիա, Կ.Պոլիս եւ այլուր վերադարձից, ապա նորից գաղթելուց, իսկ Արեւելեան Հայաստանում Առաջին անկախ հանրապետութեան փլուզումից, սովետական կարգերի հաստատումից յետոյ հայութեան կեանքում եւ ողջ տարածաշրջանում բոլորովին նոր, աննախադէպ իրավիճակ էր ստեղծուել եւ անհրաժեշտ էր միասնաբար դիմագրաւել, որքան որ հնարաւոր էր, ամբողջովին նոր, դժուարին մարտահրաւէրներըՙ գաղթական դարձած հայութեան մնացորդացի տեղաւորում եւ որբահաւաք, արդեն գոյութիւն ունեցող գաղութների վերակազմակերպում, Մայր հայրենիքի մեզ մնացած մասի վրայ ազգահաւաքի հնարաւորութիւնների օգտագործում, Խ. Հայաստանի վերաշինութիւն, սովետական իշխանութիւնների հետ համագործակցութեան ուղիների ու ձեւերի ստեղծում, միջազգային յատկապէս ամերիկեան բարեսիրական կազմակերպութիւնների եւ Նանսենի հիմնարկի, ինչպէս նաեւ գաղթական հայերին հիւրընկալած երկրների իշխանութիւնների հետ յարաբերութիւնների հաստատում, եւայլն:

ՌԱԿ-ի հիմնադիր հայրերը, իրատես, հեռատես ու գործնամիտ մարդիկ, շատ լաւ հասկանում էին, որ մէկ կուսակցութեան ուժերից վեր է նման պարտականութիւնների կատարումը, հետեւաբար սերտագոյն համագործակցութիւն հաստատեցին Պօղոս Նուպարի Բարեգործականի հետ թէ՛ գաղութների ինքնակազմակերպման, թէ՛ Հայաստանի վերաշինման եւ թէ՛ ազգապահպանութեան գործերում, ոչ միայն ՀԲԸՄ-ին համապատասխան կատրերի տրամադրմամբ, այլեւ նիւթական աջակցութեամբ: Նոյնըՙ նաեւ Մայր հայրենիքին: Այսօր ո՞վ է յիշում, որ, օրինակ, Երեւանի Գիւղատնտեսական ակադեմիայի շէնքը կառուցուել է Պոստոնի ՌԱԿ «Պայքար» թերթի 10 հազար տոլարի նուիրատուութեամբ:

Աւելին. նորաստեղծ կուսակցութեան առաջին գործերից մէկը եղաւ իր ամենափորձառու ղեկավարներից մէկինՙ Արտակ Դարբինեանին առաքել Սովետական Հայաստան՝ Ալեքսանդր Միասնիկեանի հետ հանդիպմանՙ պարզաբանումներ ստանալու եւ համագործակցութեան կարելիութիւններն ստուգելու: Արդիւնքումՙ Սովետական Հայաստանի կառավարութիւնը ամենայն հայոց կառավարութիւն չէ, այո՝ մասնակի հայրենադարձութեանը, այո՝ նոր բնակավայրերի ստեղծմանը, այո՝ սովետական անաստուածութեան ճնշումների պայմաններում խեղճացած, ճնշուած ու մեկուսացուած Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանդուրժողականութեանը. Միասնիկեանը աւելին չէր կարող խոստանալ: ՌԱԿ-ը սկսեց աշխատել այդ ուղղութիւններով:

Ուղղութիւններՙ որոնք հետագայ տասնամեակների հոլովոյթում մնացին, զարգացան անշեղօրէն, միաժամանակ ապացուցելով, որ ՌԱԿ-ը ազգային կուսակցութիւն է, որի դիրքորոշումը Հայաստանի իշխանութիւնների նկատմամբ ոչ թէ գաղափարախօսական, այլ՝ բացառապէս ազգային է:

Իր այդ դիրքորոշմանը ՌԱԿ-ը հաւատարիմ մնաց նաեւ Սովետական Հայաստանի կազմալուծման ժամանակաշրջանում. ՌԱԿ-ը դարձաւ մէկը այն 5 կուսակցութիւններից, եւ միակը աւանդական կուսակցութիւններից, որի անունը արձանագրուած է Անկախութեան հանրաքուէի անցկացման պատմական որոշման տակ: Այլ խօսքովՙ ՌԱԿ-ը առաջին հիմնադիրներից է Երրորդ հանրապետութեան, ինչպէս որ Ժողովրդական կուսակցութիւնն էր եղել Առաջին հանրապետութեան հիմնադիրներից եւ նոյնիսկ մաս կազմել քոալիցիոն կառավարութեանը:

Հարուստ, իսկապէս հարուստ պատմութիւն, որի վերջին 30 տարիները թէեւ սկսուեցին նշանակալից յաջողութեամբ ՀՀ Գերագոյն խորհրդում ՌԱԿ-ը ունէր թուով 2-րդ ֆրակցիան-, սակայն հետագայ տարիներին, արտաքին ու ներքին խարդաւանքների, իշխանութիւնների պառակտիչ քայլերի, փառասիրական այլազան նկրտումների, ինչպէս նաեւ (շատերի համար զարմանալի) ֆինանսական միջոցների սակաւութեան հետեւանքով կուսակցութեանը չյաջողուեց, իսկ վերջին անգամ փորձ էլ չարուեց մուտք գործել խորհրդարան…

Այո, ձախողութիւնների, պառակտումների եւ անգործունէութեան ցաւալի մի շրջան, որն այժմ, սփիւռքում եւ հայրենիքում նուիրեալների մի խումբ փորձում է շրջել, վերականգնել կուսակցութեան հեղինակութիւնը, նոր գործելակերպով կուսակցութեան անդամակցութեան իրաւունքը պայմանաւորել ազգաշահ ծրագիրներում անդամների ներգրաւուածութեամբ:

Յաջողութիւն մաղթենք այդ նուիրեալներին ու դառնանք օղորմին ասենք ՌԱԿ հիմնադիրներին, նրանց դրօշը ամուր պահած յետնորդներին, եւ ողջոյն հաւատաւոր բոլոր անդամներին, որոնք, վստահ ենք, ուժ կ՛ունենան իրենց մէջ կուսակցաշինութեան գործը առաջ մղելու:

ՌԱԿ-ը դեռ անելիք ունի, անելիք՝ որը միայն ինքը կարող է անել:

«Ազգ»
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին