Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Հայրապետական Սրբատառ Կոնդակով Հռչակուեց Պալգանեան Երկրների Հայրապետական Պատուիրակութեան Հաստատումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մայիսի 26-ի Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակուեց Պալգանեան երկրների Հայրապետական պատուիրակութեան հաստատումը, որի կազմում ընդգրկւում են Ալպանիայի, Սլովենիայի, Սերպիայի, Պոսնիա եւ Հերցեգովինայի, Հիւսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորուաթիայի հայկական եկեղեցական համայնքները:

Պալգանեան երկրների Հայրապետական պատուիրակ է նշանակուել Ռումանիայի հայոց թեմի առաջնորդ եւ Պուլկարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը:

Հայրապետական կոնդակում մասնաւորապէս ասուած է.

«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ»

Գոհութիւն եւ փառք Երկնաւորին, որ Իր Ամենախնամ Սուրբ Աջի ներքոյ զօրացնում է առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին եւ երկնառաք բիւր շնորհներով լուսազարդում հայոց հոգեւոր-եկեղեցական կեանքը ի Հայրենիս եւ ի Սփիւռս:

Այսօր տէրունաւանդ հոգեխնամ առաքելութեան բարուօք իրագործումով մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է մեր հաւատացեալ զաւակներին Տիրոջ կենարար խօսքը մատուցել եւ նրանց առաջնորդել Տէր Յիսուս Քրիստոսի պարգեւած փրկութեան ճանապարհով: Տէրունապատուէր այս ծառայութիւնն արգասաւորուում է նաեւ եկեղեցավարչական կեանքում բարեկարգումների իրականացումով, եկեղեցական կառոյցների ներքոյ համայնքների վերակազմակերպումով:

Պալգանեան երկրներում վերջին տասնամեակների ընթացքում հաստատուած հայորդեաց հոգեւոր կարիքների խնամատարութեան, հայ համայնքների ազգային-եկեղեցական կեանքի առաջընթացի համար ներկայիս հրամայական է դարձել Հայրապետական Պատուիրակութեան հաստատումը: Առաջնորդուելով առկայ իրավիճակից բխող անհրաժեշտութեամբ՝ հռչակում ենք Պալգանեան երկրների Հայրապետական Պատուիրակութեան հաստատումը եւ տուեալ տարածաշրջանի հայ համայնքները միաւորում Պատուիրակութեան հովանու ներքոյ: Պալգանեան երկրների Հայրապետական Պատուիրակութեան կազմում ընդգրկում ենք Ալպանիայի, Սլովենիայի, Սերպիայի, Պոսնիա եւ Հերցեգովինայի, Հիւսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական համայնքները: Հայրապետական պատուիրակի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ եւ Պուլկարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերշ, Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանին: Հաւատաւոր Մեր զաւակներին հայրաբար յորդորում ենք աջակից ու զօրակից լինել Հայրապետական Պատուիրակին, միասնական ջանքերով լծուել Պատուիրակութեան առաքելութեան արդիւնաւորմանը:

Պատուիրակութեան հովանու ներքոյ եկեղեցական կառոյցների եւ հաւատաւոր Մեր զաւակների համախմբումով առաւել պիտի ամրապնդուի հայորդիների հաւատքը եւ հաւատարմութիւնը ազգային-եկեղեցական աւանդներին: Գոհունակութիւն է Հայրապետիս համար, որ Պալգանեան երկրների Պատուիրակութեան սահմաններում ապրող հայորդիներն իրենց հիւրընկալած երկրների եւ եղբայր ժողովուրդների հետ բարեկամութեան ամրապնդմամբ, ստեղծագործ կեանքով, ազնիւ աշխատանքով բարի նպաստ են բերում այդ պետութիւնների առաջընթացին: Նորաստեղծ Պատուիրակութեան հովանու ներքոյ մեր ժողովրդի զաւակները շարունակելու են իրենց աստուածահաճոյ ընթացքը՝ զօրացեալ հաւատքով եւ եկեղեցանուիրումով: Նորահաստատ Պատուիրակութեան հանգամանքը խթան պիտի լինի նաեւ նոյն տարածաշրջանում գործող Քոյր Եկեղեցիների հետ գործակցութեան եւ փոխյարաբերութիւնների ամրապնդման, մեր հաւատակից ժողովուրդների միջեւ սիրոյ եւ եղբայրութեան զօրացման: 

Մաղթում ենք, որ հոգեւորականաց եւ հաւատացելոց ջանքերով եւ քաջեռանդ գործունէութեամբ բարգաւաճեն Պատուիրակութեան հովանու ներքոյ հայ համայնքները: Այս ուրախ առիթով Հայրական Մեր սէրն ու օրհնութիւնն ենք բերում Հայրապետական Պատուիրակին, Պատուիրակութեան հոգեւոր դասին եւ բարեպաշտ հաւատացեալներին: Հաւատում ենք՝ բարեպաշտ Մեր զաւակների աջակցութեամբ եւ ազգայինների զօրակցութեամբ, պիտի արգասաւորուի հոգեւոր դասի առաքելութիւնը, եւ նոր իրագործումներով վերընձիւղուի ու ծաղկի Մեր սիրելի զաւակների ազգային-եկեղեցական կեանքը:

Աղoթում ենք առ Բարին Աստուած, որ նորաստեղծ Պատուիրակութեան ներքոյ շէն պահի հայ կեանքն ու համայնքները՝ բարօրութիւն եւ յաջողութիւններ շնորհելով մեր ժողովրդի հաւատաւոր զաւակներին: Թող Աստուած հանապազ օրհնութեամբ Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի աշխարհասփիւռ մեր ժողովրդին, եւ թող յաւէտ պայծառ ու անսասան լինի Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Հաստատո´ւն կացէք ի հաւատս, ժրացարո´ւք, զօրացարո´ւք: Ամենայն ինչ ձեր սիրո´վ լիցի» (Ա Կորնթ. 16.13-14):

Օրհնութեամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Տուաւ Կոնդակս ի 26-ն մայիսի
յամի Տեառն 2022 եւ ի թուին հայոց ՌՆՀԱ
ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 1186»:
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին