Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Ծաղկազարդի Տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 10-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը` Ծաղկազարդը: Տօնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ հռչակուել էր մանուկների օրհնութեան օր:

Այս կապակցութեամբ Առաւօտեան ժամերգութեան աւարտին` Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ, կատարուեց Անդաստանի արարողութիւն եւ մանուկների օրհնութեան կարգ: Այնուհետեւ Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնը բաշխեց Մայր Աթոռում համախմբուած մանուկներին, իսկ հաւատացեալներին բաժանուեցին Անդաստանի ընթացքում օրհնուած ուռենու ճիւղերը:

Բերկրաշատ տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը:

Անդրադառնալով տօնի խորհրդին` Վազգէն Սրբազանն իր քարոզում, մասնաւորաբար նշեց. «Երբ եկաւ Երուսաղէմ մուտք գործելու ժամանակը, հրէական զատիկն էր մօտենում,  եւ ինչպէս որ հրէաներն էին հին աւանդութեան համաձայն  հինգ օր առաջ  զատկական գառանը տանում իրենց տուն, այնպէս էլ Քրիստոս հինգ օր առաջ Երուսաղէմում էր, որովհետեւ Երուսաղէմում ամբողջանալու էր այն մեծ վարդապետութիւնը, որի համար մարդացել էր Աստուած»:

Անդրադառնալով օրուայ աւետարանական դրուագին եւ Ծաղկազարդի տոնին` Սրբազան Հայրը պատգամեց ներկաներին․ «Ծաղկազարդի տօնը եւս մէկ անգամ գալիս է  կոչելու մեզ` ինչպէս Յիսուս մաքրեց Տաճարը, մենք էլ մաքրենք մեր սրտերն ու հոգիներն ամէն աղտեղութիւններից եւ աղօթքով,  ապաշխարութեամբ ու խոստովանութեամբ բացենք մեր հոգու եւ սրտի դռները` այնտեղ բնակեցնելով մեր Տէր Յիսուս Քրիստոսին: Թո՛ղ մեր միտքն ու սիրտը դառնան Նոր Երուսաղէմ»:

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ Սուրբ Գայիանէ վանքի շրջափակում կատարուեց մանուկների օրհնութեան կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնութիւնը բաշխեց տօնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին