Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Միացեալ Նահանգներում, Եւ Ոչ Միայն

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Մի քանի օր առաջ, ԱՄՆ Սենատը հաստատեց Դատական Գերագոյն ատեանի համար նոր թեկնածուին։ Նա սեւամորթ կին դատաւոր է, որ ընտրուել էր 8 սեւամորթ կին դատաւորների միջից։ Ինչպէս սպասելի էր, նա ընտրուեց։ Բոլոր դեմոկրատ սենատորները կողմ քուէարկեցին, ու նրանց միացան երեք հանրապետական սենատորներ։

    Այս ընտրութիւնը, այսօրերին դարձել է ամերիկեան լրատուների գլխաւոր լուրն ու հաղորդումը։ Շարունակւում են շնորհաւորանքները։

    Դեմոկրատ սենատորները համախմբուեցին Դատական Գերագոյն ատեանի նոր դատաւորի ընտրութեան համար, բայց նոյն Սենատի դեմոկրատները մերժեցին Պայտընի մի ուրիշ նախագիծ՝ Քովիտ 19-ի հետ կապուած՝ 10 միլիար տոլար նոր յատկացումներ կատարելու համար։ ԱՄՆ-ում կեանքը անցել է բնական հուն, դիմակը պարտադիր չէ ոչ-մի տեղ։ Բայց, զարմանալիօրէն, այս ընթացքում մի քանի կարկառուն դեմոկրատներ վարակուեցին Քովիտով․․․ Պատճա՞ռը․․․ Պայտընը Քոնկրէսին ներկայացնի նոր յատկացումների նախագիծ, որը եւ մերժեց հենց դեմոկրատ Սենատը։ 

    Վերջին շաբաթուայ ընթացքում, պատահեց մի շատ հետաքրքիր նորութիւն։ Սպիտակ Տուն այցելեց նախկին նախագահ Պարաք Օպաման, նա ներկայ եղաւ Պայտընի կողմից ստորագրուող մի նախագծի արարողութեանը, եւ ելոյթ ունեցաւ։ Օպաման կատակով Պայտընին դիմեց, որպէս ԱՄՆ փոխնախագահ (Պայտընը Օպամայի տեղակալն էր ժամանակին)։ Կատակը՝ կատակ, բայց դա շատ հեռու չէ իրականութիւնից։ Յիշենք մի ուրիշ սխալ, որ թոյլ տուեց Ճօ Պայտընը՝ փոխնախագահ Քամալա Հարիսին նա դիմեց Առաջին Տիկին բառերով…

    Ես չեմ կարծում ու չեմ յիշում, որ ԱՄՆ նախկին նախագահները պաշտօնից հեռանալուց յետոյ, ընդհանրապէս այսքան միջամուխ եղած լինեն երկրի քաղաքական հարցերում։ Օպամայի այս աստիճան դերակատարութիւնն ունի իր առարկայական պատճառները։

    Պարաք Օպաման այցելութիւնների շարք է սկսել ԱՄՆ-ի տարբեր նահանգներ։ Տարբեր հանդիպումներով նա կը փորձի ամերիկացիների համակրանքը շահել ու նպաստել Քոնկրէսի ընտրութիւններում դեմոկրատ թեկնածուների քարոզարշաւներին։ Քարոզչական այդ աշխատանքներին, մինչեւ հիմա ներգրաւուած չեն դեմոկրատ ուրիշ պարագլուխներ։ Վաղուց է լուրեր չկան նրանցից։

   Ըստ երեւոյթին, դեմոկրատները տիրապետում են հասարակութեան մօտ օրէցօր աւելացող դժգոհութիւններին, եւ անպայման նրանք փորձելու են ազդել մարդկանց կողմնորոշումների վրայ։ Այս գործը չեն կարող անել հասարակութեան մէջ համակրանքը կորցրած քաղաքական գործիչները։ Պարաք Օպամայի վարկանիշը, հաւանաբար, դեմոկրատները համարում են բաւարար, ու նրան են վստահել քարոզչական այս կարեւոր աշխատանքը։ Թէ ինչքանով կը յաջողի Օպաման, դա արդէն ապագայի հարց է։

*     *     *

    Ռուսաստանը Ուքրանիայում հասնում է իր նպատակներին։ Մօտալուտ հաշտութեան մասին արդէն խօսեց Փութինի խօսնակը։ Ռուսաստանը կարողացաւ հրաժարեցնել Ուքրանիային ՆԱԹՕ-ի անդամ դառնալուց, ու կը կարողանայ Տոնպասի անկախութեան ճանաչման հասնել՝ Ուքրանիայի իշխանութիւնների կողմից։

    Մենք չենք կարող ստոյգ տեղեկութիւններ ունենալ, քանի որ արեւմտեան լրատուները խիստ միակողմանի լրատւութիւն են կատարում։ Նրանց լուրերի հիմնական աղբիւրը Զելենսքին է ու Ուքրայինայի իշխանութիւնների հաղորդումները։ Հատ ու կենտ լուրեր կան ռուսական լրատուական աղբիւրներից, եւ այն էլ առաւելաբար ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչի յայտարարութիւններն են։

    Ինձ համար բացատրելի չէ՝ թէ ինչո՞ւ Ռուսաստանը պիտի կոտորած սարքի Ուքրանիայում։ Տարբեր յարձակումների եւ ցեղասպանութեան վերաբերեալ Ուքրայինայի իշխանութիւնների պնդումները ինձ յիշեցնում են Խոճալուի դէպքերը, եւ ցեղասպանութեան սուտ մեղադրանքները։ Իհարկէ, պատերազմական պայմաններում հնարաւոր է պատահի շատ բան, բայց իմ կարծիքով Ռուսաստանը Ուքրանիայում ցեղասպանութիւն իրականացնելու ծրագիր չունի ու չի կարող ունենալ։

    Թէ ինչ կը լինի միջազգային հանրութեան քայլերը՝ պատժամիջոցներից բացի, հիմա նախատեսել հնարաւոր չէ։ Դա պայմանաւորուած է շատ հարցերով։ Բայց մի բան կարող եմ վկայել՝ իմ շրջապատը տեսնելով։ Ամերիկացիները հետաքրքրուած չեն Ուքրանիայով։ 

    Ու կարողանում եմ եզրակացնել, որ դեմոկրատները այստեղ էլ պարտուեցին։ Նրանք չկարողացան հասարակութեան ուշադրութիւնը շեղել դէպի արտաքին ոլորտ՝ իրենց փրկելու ահաւոր թանկացումների պատասխանատուութիւնից։ Սխալուեցին նորից ու անյաջողութեան հասան նորից։ Այս հարցը շատ ծաւալուն է։ Բաւարարուենք այսքանով։

Մօտալուտ է պատերազմի աւարտը Ուքրանիայում, մի քանի պատճառներով։

    ա- Ռուսաստանը հասկացաւ, որ Ուքրանիայում արագ իշխանափոխութիւն հնարաւոր չէ։ Ռուսական զօրքերը յետ քաշուեց մայրաքաղաք Քիեւից, հաւանաբար ուքրանիացիների հետ մի շարք կարեւոր համաձայնութիւններ կայացնելուց յետոյ։ Արեւմտեան մամուլը դա համարում է Ուքրանիայի բանակը յաղթանակը։ Իմ կարծիքն ուրիշ է։

    բ- Թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Եւրոպան հասկացան, որ իրենց տնտեսական ճգնաժամ է սպասում, եթէ պատերազմը երկար շարունակուի։ Իհարկէ, Պայտընն ու դեմոկրատները նորից փորձում են թեժացնել պատերազմի կրակը՝ յայտարարելով որ՝ պատերազմը երկար է տեւելու։

    գ- Ֆրանսիայի նախագահական ընտրութիւնների արդիւնքով մտահոգ են դեմոկրատները։ Այս մասին արդէն բազմաթիւ լուրեր ու վերլուծութիւններ կան։ Եթէ յաղթանակ տանի տիկին Փենը, որի հաւանականութիւնը մեծ է, ապա Եւրոպայում կարեւոր բեկում է առաջանալու։ Տիկին Փենը կարեւոր ուշադրութիւն է դարձրել Ֆրանսիայում տնտեսական անկման հարցերին, իսկ տնտեսական յորդումը արդէն աննախադէպ 37 տոկոսն է։ Ֆրանսիան քաղաքական նոր ուղղութիւն ունենալու պարագայում, կը խառնուի կլոպալիստների հաշիւները, նոր իրավիճակ կը ստեղծուի աշխարհում, եւ աշխարհում սկիզբ առած Երկրորդ Վերածնունդը ծաւալուելու նոր փուլ կը մտնի։

Նշեցի երեք հարցեր, բայց այս շարքը երկար է։

    Հայաստանի մասին չխօսենք։ Քաղաքական դաշտը Հայաստանում չի ձեւաւորուել, ու այդ պատճառով թուրքի դրածոյ իշխանութիւնները գործում են սանձարձակ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին