Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Հայաստանեան Եպիսկոպոսաց եւ Թեմակալ Առաջնորդների Ժողովը Հանդէս Եկաւ Յայտարարութեամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարուեց հայաստանեան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկուեցին հոգեւոր-ազգային, եկեղեցական, հովուական եւ ներքին կազմակերպական մի շարք հարցեր:

Առանձին քննարկման նիւթ դարձան 44-օրեայ պատերազմի հետեւանքների յաղթահարման ուղղութեամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացուող հոգեւոր-խնամատարական գործունէութիւնը, ռազմագերիների վերադարձման, անյայտ կորածների յայտնաբերման խնդիրները, զոհուածների աճիւնների նոյնականացման եւ յուղարկաւորութեան հետ առնչուող հարցերը:

Անդրադարձ եղաւ նաեւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետութեան տօների եւ յիշատակի օրերի մասին» օրէնքում Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների վերաբերեալ նախաձեռնուած փոփոխութիւններին: Այս կապակցութեամբ  ժողովն արձանագրեց․

«Կարեւորում ենք պետական տօնացոյցում ազգային, հոգեւոր ու պետական տօների եւ յիշատակի օրերի պատշաճ ներկայացուածութիւնը, քանզի մեր հոգեւոր ու մշակութային արժէքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտայայտւում են նաեւ տօների եւ յիշատակի օրերի խորհուրդներում:

Յատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թւում` Աւստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումանիան, Լեհաստանը, Լիթուան եւ հարեւան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)` եկեղեցական տօներ են: Մինչդեռ քրիստոնէութիւնն իբրեւ պետական կրօն առաջինն ընդունած Հայաստանում` միայն 19% է եկեղեցական:

Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցութիւններին` Ամանորի ու Սուրբ Ծննդեան տօների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ յունուարի 5-ը, որպէս Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի տօնական օր եւ յունուարի 7-ը, որպէս մեռելոց յիշատակի օր, յատկապէս, երբ արցախեան պատերազմի զոհերի ցաւը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում:

Լիայոյս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին եւ աղօթքի ու մխիթարութեան հոգեւոր կարիքներին` Ազգային Ժողովի կողմից նկատի կառնուի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոյն առաջարկը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին