Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Փնտռելով Հայ Մարդուն

Հայկական «Լուռ Ցաւեր»

ՍՈՆԱ ԱՂԵԿԵԱՆ

Քայլելով հասայ Վերնիսաժի կանգառ։ Մօտեցաւ իմ ավտոբուսը։ 12-15 հոգի հերթ կանգնեցին՝ առջեւի դռնից ներս մտնելու (հիմա Երեւանում ավտոբուս ենք բարձրանում առջեւի դռնից, վճարում 100 ՀՀ դրամն ու եթէ տեղ կա, առաջ գնում, եթէ ոչ՝ ապա շնչում ենք մէկս միւսի վրայ)։ Մի քանի հոգի բարձրացան, տեսա, որ մի կապուտաչեայ երիտասարդ է կանգնած, ես բարձրացայ՝ համարձակուելով չզիջել այդ նրբակազմ երիտասարդին։ Նա չռած աչքերով նայում էր վրաս, թէ ինչու չզիջեցի իրեն, ես էլ հայեացքով բացատրեցի, որ դու երիտասարդ տղայ ես, դու պէտք է զիջես քեզնից մեծերին, նոր վերջում բարձրանաս, բայց վստահ եմ, չհասկացաւ։

Մեր ուղեւորութեան վարձը վճարելուց հետո, առջեւում խմբուածներին ասացի, որ շարժուենք դէպի մէջտեղ, որտեղ կարող ենք ազատ կանգնել, միմեանց չհրել։ Հասանք մէջտեղ, տեսայ, որ 1 ազատ նստարան կա, նայեցի, շուրջս, որ տեսնեմ, տարիքով մեծ կա՞ կանգնած, որպէսզի առաջարկեմ նստել, մէկ էլ էս հեզաճկուն երիտասարդը, ականջակալներով զինուած, անմիջապէս իրեն գցեց էդ նստարանին։ Ինքս ինձ ասացի, դէ միգուցէ հոգնատանջ է։ Ու նկատեցի, որ առջեւի դռան մօտ, մօտ 10-11 տարեկան դպրոցական տղայ է նստած՝ պայուսակն ամուր գրկած։ Յաջորդ կանգառում եւս 10-13 հոգի բարձրացան, նոր բարձրացած ուղեւորներից մէկը մի զառամեալ տատիկ, ձեռքին տոպրակ ու իր պայուսակը։ Տատիկը ակնյայտ չէր կարողանում կանգնել, ու աչքերով նստելու տեղ էր փնտրում, բայց չգտավ․․․ Իմ ու տատիկի հայեացքները հանդիպեցին ու լուռ խօսեցին, ձեռքս մեկնեցի, վերցրի տոպրակը, տատիկը պայուսակն էլ մեկնեց, միամիտ տատիկ միգուցէ ես գրպանահատ էի, ու կարող էի վերցնել, փախնել։ Ինչեւէ։

Ես ուշադիր նայում էի բոլոր ուղեւորներին, ու տեսնում տարբեր տարիքի մարդիկ, ովքեր անտարբեր էին, անհաղորդ իրենց շուրջը կատարուող իրականութեանը, մտահոգ ու տխուր, դժբախտ, նրանց հայեացքները անտարբեր, անհաղորդ, ես կասեմ այս առումով կարծես թէ անսթափ էին։ Բոլորը, առանց բացառութեան չափազանց մտասոյզ էին, եթէ փորձէի ասեղով ծակել, վստահ եմ, հիմնականում չէին զգալու ծակոցը։ Ու ես նայում էի հեզաճկուն երիտասարդին շատ ուշադիր, փորձում էի հասկանալ նրա կամքի ուժը, մարդ ինչ ուժեղ կամքի ուժ պէտք է ունենայ, որ այս ծեր տատիկը կանգնած, ինքը նստած եութիւպից երգ լսի ու համարի, որ ինքը մա՞րդ է, բանական էա՞կ։ Ու ի՞նչ էք կարծում, այս երիտասարդը կանգնելո՞ւ է սահմանին ու պաշտպանի այս տատիկին ու մեզ բոլորի՞ս, դու հասկանո՞ւմ էք, որ այս տղան այնքան նրբիկ էր, որ խղճմտանք առաջացաւ նրա հանդէպ, զսպեցի ինձ, չասելու․ – Վեր կա՛ց, կանգնի՛ր, այս տատիկը, որ քո տատիկից հաստատ տարիքով մեծ է, թող նստի, յարգանք ունեցի՛ր տարիքով մեծի հանդէպ։ Իսկ միգուցէ այդ տատիկի թոռը կամ ծոռը հենց այս պահին հսկում է մեր սահմանը, որ դու հանգիստ նստել եութիւպդ ես վայելում։

Եւ ի՞նչ կարծիքի էք, եթէ 10-11 տարեկան տղան չի զիջում իր նստատեղը ավտոբուսի մէջ ալեխառն մազերով ծեր տատիկին, քիչ անց նաեւ՝ մանկահասակ երեխային գրկած շնչահեղձ լինող կնոջը, ապա նա արդեօ՞ք ունի մարդկային այն բոլոր որակները, որոնց բացակայութիւնն է, որ այսօր կործանում է մեր բոլորի Հայրենիքը։ Արդեօ՞ք չենք պարտուել նաեւ կրթութեան ու դաստիրակութեան մէջ, հայ քաղաքացի դաստիարակելու մէջ, հայ մարդ, հայ տղայ, հայ տղամարդ, հայ կին՝ հայուհի դաստիարակելու մէջ։ Հայաստանեան հեռուսատաընկերութիւնները իրենց ու իրենց աշխատակիցների բարեկեցիկ կեանքն ապահովում են անորակ, ազգակործան, մարդկային բարոյական բոլոր այլասերուած նորմերով սերիալներով ու սքեչներով։ Չե՞նք մոռանում, չէ՞, հեռուստատեսութեան դաստիարակող ու կրթող նշանակութիւնը, հեռուստաեթերի ազդեցութիւնը լայն հասարակութեան, մասնաւորապէս մատաղ սերնդի դաստիարակութեան ու կրթութեան վրայ։

Քանի դեռ հայ մարդն անսթափ, անտարբեր նայում է իր անմիջապէս շուրջը կատարուող իրականութեանն ու անհաղորդ է դրան, պէտք է հասկանանք, որ մենք կորցրել ենք ինքներս մեզ, մեր ազգային ինքնութիւնը, ազգային նկարագիրն ու բնութագիրը, բարոյական բոլոր նորմերն ու ազգային արժէքները։

Երեւան դեռեւս Հայաստան

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին