Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը կոչ է անում գործընկեր լրագրողական կազմակերպութիւններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանութիւնները, «բնապահպանական» կեղծ աքթիվիսթների քողի ներքոյ, փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիօրէն անվանում են նաև «կեանքի ճանապարհ»։ Արցախում  բնակուող 120 հազար մարդիկ, այդ թւում՝ 30 հազար երեխաներ, յայտնուել են իրական հումանիտար աղէտի պայմաններում՝ զրկուած լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։ Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնւում մէկ տասնեակից աւելի ծանր և ծայրայեղ ծանր հիւանդներ, որոնք անյապաղ Երևան տեղափոխուելու և մասնագիտական օգնութիւն ստանալու կարիք ունեն, նախօրէին նման պայմաններում գտնուող հիւանդներից մէկը մահացել է՝ Երևան տեղափոխուելու հնարաւորութիւն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնւում 4 ամսական մի երեխայ․․․

Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար, գոյաբանական խնդիրների շարքը շատ երկար է։ Այդ բոլոր տարբեր օրինակներին, սակայն, միաւորում է մի սարսափելի իրողութիւն՝ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, լաւագոյն դէպքում՝ հռչակագրային, բայց այդպէս էլ գործնական դրսևորում չստացող մտահոգութիւնների ներքոյ 120 հազար մարդիկ արդեն 10 օր շարունակ ապրում են շրջափակման մէջ։

Միջազգային հանրութեան անգործութեանն ու աշխարհաքաղաքական շահերը մարդու և կեանքի իրաւունքից վեր դասող քաղաքականութեանը նպաստում է նաև համաշխարհային մամուլի յարաբերական լռութիւնը, Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնների նկատմամբ անտարբերութիւնը։

Անցած օրերին մենք անհամբերութեամբ սպասում էինք, որ բոլոր երկրների մեր գործընկերները, անկախ իրենց հայրենի պետութիւնների վարած քաղաքականութիւնից, կը լուսաբանէին Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնները, ուղիղ եթերներում և ռեպորտաժներում կը ցուցադրէին, թէ ինչպէս է իրականացւում էթնիկ զտումը on-line ռեժիմում, և ինչպէս են մարդիկ ապրում ցեղասպանութեան ենթարկուելու ամենօրեայ սպառնալիքի ներքոյ։ Ցաւօք, սակայն, «մարդկային պատմութիւններն» ամեն ինչից վեր դասող մեր գործընկերների կողմից մենք տասն օր շարունակ այդպէս էլ չտեսանք առանձին վերցրած մէկ մարդու պատմութիւն, որը դատապարտուած է դանդաղ մահուան՝ անհրաժեշտ բուժօգնութիւնից զրկուած լինելու պատճառով։ Մենք գրեթէ չկարդացինք իրապէս հոգեցունց պատմութիւններ այն մասին, թէ ինչպէս են շրջափակման մէջ մնացած փոքրիկ երեխաները լալիս՝ ճանապարհի միւս կողմում գտնուող ծնողներին սպասելով… Այն դէպքում, երբ նրանք նոյնպիսի հիւանդներ ու նոյնպիսի երեխաներ են, որոնց պատմութիւններն այսօր ներկայացւում են աշխարհի գրեթէ բոլոր լրատուամիջոցներով, պարզապէս հակամարտութիւնը, որի պատճառով Արցախի բնակիչները յայտնուել են այդ վիճակում, ունի պակաս աշխարհաքաղաքական կշիռ, քան միւս քոնֆլիքթները։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնն անցած 10 օրերի ընթացքում սպասում էր և այժմ էլ հաւատում է, որ գործընկեր կառոյցների և լրատուամիջոցների համար մարդկային կեանքը, մարդու հիմնարար իրաւունքները վեր են ցանկացած աշխարհաքաղաքական շահից, և, որ նրանք յանձնառու են մեր մասնագիտական առաքելութեանը՝ լուսաբանելու տառապանքի դատապարտուած մարդկանց պատմութիւնները։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը կոչ է անում գործընկեր լրագրողական

կազմակերպութիւններին, բոլոր ԶԼՄ-ներին՝ լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձութիւնները, Արցախը հումանիտար աղէտի դատապարտած գործողութիւններն ու հանրային ճնշման միջոցով փորձել ազդել քաղաքական որոշումներ կայացնողների վրայ, որոնք կը կարողանան համապատասխան գործիքներով ստիպել Ազրպէյճանին՝ բացելու Արցախի կեանքի ճանապարհը, որն ամէն օրուայ հետ սպառնում է վերածուել մահուան ճանապարհի։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը պատրաստ է օտարերկրեայ լրագրողներին, լրատուական կազմակերպութիւններին ցուցաբերելու ամենայն աջակցութիւն՝ Արցախում կատարուող իրադարձութիւնների լուսաբանման հարցում։ Մենք կոչ ենք անում և խնդրում ենք բոլոր ազգերի ներկայացուցիչ մեր գործընկերներին՝ խօսել, գրել Արցախում շրջափակման մէջ յայտնուած մարդու, 120 հազար մարդկանց մասին և թոյլ չտալ, որպէսզի նաև մեր լռութիւնը քաջալերի էթնիկ զտման փորձ իրականացնող Ադրբեջանի իշխանութիւններին։

Հայաստանի ժուռնալիստների միութիւն

22.12.2022

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին