ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Հայ-ազրպէյճանական հակամարտութիւնն ու թուրքերի հետ «յարաբերութիւնների կարգաւորումը» սկիզբ չի առել կողմերի կողմից յանձնախմբեր կեանքի կոչելով։ Դա սկիզբ է առել տարիներ առաջ, ու իր սեւ հանգրուանը թեւակոխեց նիկոլին իշխանութիւն բերելով։ Հայաստանում այդ իշխանափոխութիւնը անկիւնադարձ եղաւ Կոպլի փլանի իրագործման ուղղութեամբ, եւ այդ ծրագիրը յաջողութեամբ իրականանում է թուրքերի եւ ներքին թուրքերի կողմից։
Մեծամտութիւն չթուայ, բայց հէնց 2018 թուականի Ապրիլին, ու դրանից մի քանի ամիս առաջ՝ 2017-ի Դեկտեմբերին, պարզ էր ինձ համար՝ թէ ինչեր տեղի կունենան Հայաստանում։ Սրանք եկել են Արցախը թուրքին տալու համար եւ Հայաստանը կործանելու։ Հպանցիկ ակնարկ նետէք այս տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին՝ բոլոր ոլորտներում։ Ազգայինը նահանջում է, ազգայինը խորտակւում է, եւ ապագա՞ն․․․ մեղմ ասած, մշուշոտ է։ Եթէ մինչեւ հիմա մարդկանց մօտ կար ինչ-որ փոքրիկ հաւատք, որ այս իշխանութիւնները փրկելու են Հայաստանը, դա էլ յօդս ցնդեց 44-օրեայ նախատեսուած պատերազմից ու պարտութիւնից յետոյ։
Թող ոչ-ոք չկարծի թէ Լաչինի միջանցքի շուրջ լարուած վիճակը ունի ինչ-որ բնապահպանական կամ մասնակի հսկողութեան միտում։ Սա ծրագրուած խաղ է նիկոլի ու Ալիեւի միջեւ՝ Լաչինի միջանցքի դիմաց՝ Զանգեզուրի միջանցք բացելու համար։ Սա՛ է նպատակը․․․ Կոպլի փլանի հերթական նպատակն է, որի մասին Հայաստանում չեն բարձրաձայնում, կամ՝ թմրացնում են մարդկանց ուղեղն ու դատողութիւնը՝ շքեղ տօնախմբութիւնների կարգով՝ հիմնահարցերը լուսանցք քշելու կարգով։
Ճնշումը մեծ է Հայաստանի վրայ, ու եթէ թմբիրից դուրս են եկել ոմանք, եթէ բացուել են շլացնող լոյսերից կկոցուած աչքերը ու մարդիկ կարողանում են հիմա աւելի սթափ գնահատել ներկան, ապա միակ ելքը բանակցող կողմին փոխելն է, միակ ելքը ժամանակ շահելն է։ Այնպիսի մի ծայրայեղ թշուառ վիճակի են հասցրել մեզ, որ հիմա ուրիշ ելք չկայ՝ բացի ժամանակ շահելուց, հարցերը յետաձգելուց։
Թէ ինչպէս դա պիտի պատահի, գուցէ կան գործնական հնարաւորութիւններ։ Ժողովուրդը ուժասպառ է, ժողովուրդը ծայր աստիճան անկազմակերպ է, չունի պաշտպան։ Համատարած յուսախաբութիւն է ամենուրեք։ Դիտմամբ կոտրում են մարդկանց կամքն ու սէրը հայրենիքի նկատմամբ։
Այսօր կարդացի մի լուր, որ աշխարհի ախոյեան մարզիկ, ոսկի մեդալ նուաճած Իսրայէլեանին ոչ-ոք չի դիմաւորել օդանաւակայանում, ոչ-ոք չի շնորհաւորել նրան, նոյնսիկ Ֆետերացիայի անդամները չեն գնացել օդանաւակայան, եւ Հայաստանի դրօշը բարձր պահած մեր մարզիկը՝ ի տես այդ վերաբերմունքի, ուզում է լքել Հայաստանը եւ հանդէս գալ ուրիշ երկրի դրօշի ներքոյ․․․ Տեսնո՞ւմ էք, ինչպէս են կոտրում մարդկանց, կոտրում են բոլորին՝ անխտիր, սփիւռքում, Հայաստանում, Արցախում․․․ ամենուր։
Հայը մնացել է անպաշտպան ու լքուած իր իշխանութիւնների կողմից։
Յուսալի չէ նաեւ ընդդիմութիւնը։ Խօսքն ուղիղ ասենք։ Ինչքան էլ հերքեն, այնուամենայնիւ վաղուց նկատելի է, որ ճեղք է տուել խորհրդարանական ընդդիմութիւնը։ Այստեղ չեմ ուզում եւ չեմ կարող ամբողջապէս վերլուծել նրանց գործունէութիւնը, բայց մի բան հաստատ է, ու դրա մասին արդէն շատ է ասւում, ձախողել են նրանք։ Իրատես լինենք․ ձախողել են։
Յոյս չունենանք, որ իշխանութիւնը կը վերանայի իր ընթացքը։ Դա չի պատահելու։ Եկել են կործանելու համար։ Ու ելքը մնում է ընդդիմութեան խելացի ընթացքը։ Խելացի ընթացքը։
Թող ինքնակամ ետ նստեն բոլոր նրանք, ովքեր երկար ժամանակ առիթ են ունեցել դրական իրագործումներ անելու, ու ձախողել են։ Սա կարեւոր է հիմա։ Չեմ կարծում, որ անփոխարինելի մարդիկ կան ընդհանրապէս։ Դա սխալ մօտեցում է։ Ետ նստեն բոլոր նրանք, ովքեր տասնամեակներ փորձել են դրական իրագործումներ անել ու չեն յաջողել։ Եթէ նրանց մօտ կայ հայրենասիրութիւն, կայ ազգին յաղթանակներ բերելու ցանկութիւն, ՀԻՄԱ այդ ուժերը պիտի կարողանան մէկ կողմ դնել անձնականը, պիտի գիտակցեն, որ կորցրել են առիթը ու ետ նստեն։
Սա գուցէ լինի սկիզբն այն ընթացքի, որ ժողովուրդը կարողանայ նորից հաւատ ընծայել այդ կազմակերպութիւններին եւ ուժերին։ Ուրիշ ձեւ չկայ։ Ձախողածը ՉԻ ԿԱՐՈՂ պահանջատէր լինել աղէտաբեր իշխանութիւններից։ Ու պատահական չէ, որ Հայաստան դաշինքի երեք պատգամաւորներ մանդատները վար դրեցին, ու իրենց փոխարինողներից երկուսը արդէն յայտնել են, որ չեն վերցնելու իրենց հասնող մանդատը․․․ Նրանք թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանն ու Ռուբէն Հայրապետեանն են։
Մելքոնեանի նկատմամբ մեծ յարգանք ունեմ։ Նրան չենք կարող համարել Ֆէյսպուքում պայքարող։ Նա իր կրթական ու գիտական ոլորտում մեծ աշխատանք է տանում, ե՛ւ կատարում է իր քաղաքացիական պարտականութիւնը, որպէս ընդդիմադիր։ Միւսին չեմ ճանաչում, բայց կարդալով մեծ թուով ողջոյններն ու կեցցէները՝ մանդատ չվերցնելու կապակցութեամբ, զգալի է ժողովրդի կարծիքը, եւ այն համակրանքը, որ վայելում է Ռուբէն Հայրապետեանը։
Ռուբէն Մելքոնեանը ընդարձակ բացատրութիւն էր տուել մանդատ չվերցնելու կապակցութեամբ․ նա նշել է, որ իրեն համար անըմբռնելի է դաշինքի ընթացքը․ նոյնիսկ գործածել էր ինքնանպատակ բառը։ Ես այն մարդը չեմ, որ կարողանում ճիշտ գնահատական տալ այս ամենին։ Բայց երեւոյթներից դատելով, կարծում եմ հասել է պահը՝ հենց ընդդիմութեան դաշտում մեծ ու կտրուկ փոփոխութիւններ տեսնելու։
Երբեք վատ չզգանք գործող անձերին փոխելով։ Դա պարտադիր է յատկապէս, երբ որ նրանց ձախողումները պարբերական են ու յաճախ։ Գուցէ նաեւ հնարաւոր է ներքին քննարկումներ ունենալ՝ հերթական ձախողումների պատճառներն ուսումնասիրելու եւ ըստ այդմ՝ նոր որոշումներ տալու համար։ Խորհրդարանական ընդդիմութիւնը վաղուց ճեղք է տուել, ու դա հնարաւոր չէ միատարր պահել ընդհանուր խօսքերով։ Կտրուկ փոփոխութիւն պիտի տեղի ունենայ այստեղ եւս, որ գուցէ յանգի ժողովրդի վստահութեան եւ աջակցութեան ձեռքբերմանը։
Ասելիք շատ կայ։ Առայժմ՝ այսքան։ Նկատելի է, որ եղած ընդդիմութիւնից բացի ուրիշ խմորումներ կան, բայց թողնենք դա ապրի ու աճի։ Վերջնական բան հիմա հնարաւոր չէ ասել։