Երեքշաբթի, 27. 09. 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իր Օրհնութիւնը Բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփիւռք Կամուրջ» Համահայկական Ուխտագնացութեան Մասնակիցներին

Յուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եւ իր հայրապետական օրհնութիւնը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփիւռք կամուրջ» համահայկական ուխտագնացութեան մասնակիցներին` կազմակերպուած Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման (ՀԵՀԵՄ) կեդրոնական գրասենեակի կողմից:

Յուլիսի 6-10-ը անցկացուելիք համահայկական ուխտագնացութեանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասէր երիտասարդներ` Նուիրապետական Աթոռներից, Հայրապետական պատուիրակութիւններից, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի տարբեր թեմերից:

Հանդիպումը սկսուեց Հայրապետական մաղթերգով, որից յետոյ ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ եւ Կենտրոնական գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրեանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացութեան ծրագիրը, հայցեց Հայոց Հովուապետի օրհնութիւնը:

Երիտասարդների անունից սրտի խօսք ասացին Կ․պոլսի հայոց պատրիարքութեան ներկայացուցիչ Երազ Չաղլայեանը եւ Գերմանիայի հայոց թեմի երիտասարդական միութեան ներկայացուցիչ Արշամ Արզումանը:

Այնուհետեւ ՀԵՀԵՄ հոգեւոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանն ուրախութեամբ ընգծեց, որ աշխարհասփիւռ հայորդիները համախմբուել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Հայոց Հայրապետի օրհնութեամբ գօտեպնդուելու եւ շարունակելու եկեղեցանուէր ու հայրենանուէր իրենց առաքելութիւնը:

Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախութիւն յայտնելով հայրենիքի տարբեր կողմերից եւ աշխարհասփիւռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբուած տեսնելու առիթով: Հայոց Հովուապետն իր գնահատանքը բերեց Հովնան սրբազանին եւ Հայր Թովմային եկեղեցասէր երիտասարդութեան հետ տարուող նախանձախնդիր աշխատանքների համար:

Վեհափառ Հայրապետն իր գոհունակութիւնն արտայայտեց`  համավարակի եւ 44-օրեայ պատերազմի պատճառով ընդհատուած այս գեղեցիկ աւանդոյթի վերականգնման առիթով` վստահութիւն յայտնելով, որ երիտասարդները միատեղուել են հայրենիքի եւ Եկեղեցու հանդէպ ունեցած սիրով, որով  պիտի շարունակեն իրենց ընթացքը` նպաստ բերելով հայրենի կեանքի վերազարթօնքին եւ հայրենիքի զօրացմանն ու լուսաւոր ապագայի կերտմանը:

Դիմելով երիտասարդ հայորդիներին` Նորին Սրբութիւնը յորդորեց առաւելագոյնս հաղորդ դառնալ հայրենի իրականութեանը, յետպատերազմեան մարտահրաւէրներին` ընդգծելով, որ դրանք ոչ թէ վհատութեան եւ յուսալքութեան պատճառ պիտի լինեն, այլ հարկաւոր է նորովի գօտեպնդուել` աղօթքով ու գործով միասնաբար լծուելու բոլոր խնդիրների յաղթահարմանը:

Իր խօսքում Նորին Սրբութիւնն ուխտաւոր հայորդիներին բարեմաղթեց  Աստծու զօրակցութիւնը`  անձնական եւ համայնքային կեանքում նոր ձեռքբերումների եւ յաջողութիւնների հասնելու համար, որոնց արգասիքները կը ծառայեցնեն հայրենիքին եւ Սուրբ Եկեղեցուն:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ պատասխանեց երիտասարդներին յուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կեանքում իրենց ներգրաւուածութեանը, առկայ մարտահրաւէրներին եւ դրանց դիմագրաւմանը:

Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով իր օրհնութիւնը բաշխեց ներկաներին:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին