Մշակութային Արձագանգ
Գուցէ հետաքրքրի ձեզ, որ աշխարհում Պրայլի գրերով առաջին օրաթերթը հրատարակուել է ու շարունակում է հրատարակուել Իրանում։ Այսօր իմացանք, որ Քովիտ19-ի պատճառով՝ երկու տարի ընդմիջումից յետոյ, վերսկսել է այս թերթի հրատարակութիւնը։ Համառօտ տեղեկութիւններ եմ ներկայացնում ստորեւ։
Ռուբինա Օհանեան
«Սպիտակ Իրան» Օրաթերթը
1996 թուականից սկսած՝ Թեհրանում հրատարակուող «Սպիտակ Իրան» օրաթերթը Պրայլի գրերով հրատարակուող առաջին օրաթերթն է աշխարհում․ լեզուն՝ պարսկերէն։ Թերթը նախատեսուած է կոյրերի համար ու պատկանում է Իրանի Լրատուական – Մշակութային հիմնարկին։ Տպագրւում է Թեհրանի «Ռուդաքի»* տպարանում։
24 տարի անընդմէջ հրատարակուող «Սպիտակ Իրան» օրաթերթն ունեցաւ երկու տարի դադար՝ Քովիդ 19 համաճարակի պատճառով։ Լրատուները այսօր՝ Յունիսի 19, 2022-ին, հաղորդեցին՝ վերսկսուել է «Սպիտակ Իրանի» հրատարակութիւնը ու թերթը հասանելի է կոյրերին՝ կրպակներում։
Կոյրերի համար կայ համակարգչային արհեստագիտութիւն, որուն միջոցով նրանք հնարաւորութիւն ունեն հաղորդակցուել ուրիշների հետ։ «Սպիտակ Իրան» օրաթերթի հիմնական նպատակը կոյրերին Թեհրանում հրատարակուող «Իրան» օրաթերթի նիւթերը ծանօթացնելն է։ Միաժամանակ, հնարաւորութիւն է ստեղծուել, որ կոյրերը իրենց դժուարութիւնների մասին գրեն եւ առաջարկներ ներկայացնեն։
Մինչեւ այսօր հրատարակուել է «Սպիտակ Իրան» օրաթերթի 6868 համար։ Աշխարհում Պրայլի գրերով, եւ անընդմէջ հրատարակուող շատ քիչ թերթեր կան։
*) Ռուդաքի - Վաղ Միջնադարի մեծանուն կոյր բանաստեղծ, երաժիշտ եւ գրող։