Շաբաթ, 27. 04. 2024

spot_img

Սա Մէկ Անգամ Կարդալու Գիրք Չէ

Համացանցի Վրայ

Այս գրքի վրայ երկար ու դժուար աշխատեցի, որպէսզի ընթերցուի արագ ու յափշտակութեամբ: Յամենայն դէպս տպարանի անձնակազմը տպագրելուն զուգահեռ արդեն կարդացել էր ու… կարկամել:

Ծերունի առիւծի բանտային յուշագրութիւնն է, որ գրել է տարբեր խստութեան ռեժիմների բանտերում՝ Սան Ֆրանսիսքօ, Սան Լուիզ Օպիսփօ, Չինօ, եւ աւարտել 1979 թուականին, երբ արդեն 84 տարեկան էր: Շատ էր ուզում նոյն 1979-ին էլ լոյս ընծայել, բայց չէր կարողանալու, որովհետեւ հայկական մամուլը փակել էր իր էջերը բանտուած հերոսի առաջ: Հայկական մամուլը մերժե՛լ էր ժամանակի ամենահզօր հային:

Առանցքում իր գործողութեան շարժառիթներն են, դատավարութեանը նախորդած ու յաջորդած բուռն իրադարձութիւնները: Բայց նոյնքան ու աւելի հետաքրքիր են արկածներով լի իր փոթորկալից կեանքի այլեւայլ դրուագները, որոնք սարսուռ կը պատճառէն նոյնիսկ ամենահաւասարակշռուած ընթերցողին: Սա աղմկայարոյց բացայայտումների հողմապտոյտ է: Որտե՛ղ ասես, որ չի եղել, ո՛ւմ հետ ասես, որ չի առնչուել: Բոլշեւիկ ղեկավարներից մինչեւ արեւելեան տեսակ-տեսակ շեյխեր ու թագաւորներ: Չարենցից, Ուիլեամ Սարոյեանից, Ռուբէն Մամուլեանից մինչեւ Քարտինալ Աղաջանեան, Սեթ Մոմջեան ու Լեւոն-Զաւէն Սիւրմելեան: Պարսից Ռեզա Շահից, նրա որդի Մուհամմատ Ռեզայից մինչեւ Ֆրանց Ուերֆել ու հոլիվուտեան աստղեր…

Ամեն էջում կայ եւ՛ նահանջ ու հիասթափութիւն, եւ՛ հպարտութիւն, որ ճահճացող սփիւռքում այսպիսի հա՛յ էլ է եղել:

Գուրգէն Եանիկեանը Ամերիկա չգնաց միլիոններ կուտակելու: Նա Ամերիկա մտաւ արդեն վաստակած միլիոններով եւ եղաւ միակ միլիոնատէր հայը, ով իր կարողութեան մինչեւ վերջին սենթը նպատակաուղղեց հայոց պահանջատիրութեանը: Եւ երբ սպառուած էր ամեն ինչ, մնաց միայն… տասներեք փամփուշտ: Եանիկեանն այդ փամփուշտներն արձակեց ոչ միայն թուրք դիւանագէտների վրայ, այլեւ բոլոր այն ուղղութիւններով, որտեղ կար հայի նահանջ, հայի թմբիր, հայի ուրացում ու դաւաճանութիւն…

Այդ փամփուշտները դեռ սլանում են՝ իրենց ճանապարհին տարածելով Հայ Անհատի յայտարարած պատերազմի դասերը…

Շնորհակալ եմ ազնուազարմ հոգեղբօրս, որ հոգաց տպագրութեան ծախսերը, բայց չկամեցաւ, որ իր անունը յիշատակեմ:

Գիրքը ձեռք բերելու համար այսօրուանից կարելի է այցելել «Բուկինիստ» (Bookinist, Երեւան – Խմբ.), գրախանութներ:

ԿԱՐՕ ՎԱՐԴԱՆԵԱՆ

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին