Ուրբաթ, 02. 12. 2022

Տօնախմբուեց Սուրբ Հռիփսիմեանց Կոյսերի Յիշատակը

Յունիսի 13-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Սուրբ Հռիփսիմեանց կոյսերի յիշատակը: Տօնական այդ օրը նաեւ Սուրբ Հռիփսիմէ վանքի ուխտի օրն է:

Առաւօտեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափօրը հաւատացեալների ուղեկցութեամբ, Էջմիածնի Հայորդեաց տան սաների թմբուկների զարկերի ներքոյ, շարժուեց դէպի Սուրբ Հռիփսիմէ վանք` տանելով սուրբ Հռիփսիմէի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կամարի առջեւ Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգեւոր դասին եւ ներկայ բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանին:  

Սուրբ Հռիփսիմէ վանքի առջեւ թափօրը դիմաւորեցին վանքի հոգեւոր սպասաւորները եւ տարբեր վայրերից ժամանած բազում ուխտաւորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի գլխաւորութեամբ:  

Տօնի առիթով վանքում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Հռիփսիմէ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Անդրանիկ վարդապետ Գէորգեանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով օրուայ խորհրդին, յորդորեց հաւատաւոր ժողովրդին Սուրբ կոյս Հռիփսիմէի բարեխօսութեամբ աղօթքով հայցել Ամենաբարձրեալ Աստծուն հայրենի երկրի խաղաղութեան համար: «Թող սուրբ կոյսի օրհնութիւնը մեզ ամէնքիս վրայ լինի, որպէսզի նոյն ոգով, նոյն անդրդուելիութեամբ կարողանանք դիմակայել ու յաղթահարել մեր հայրենի երկրին պատահած փորձութիւնները, եւ մեր Տիրոջ պարգեւած ամէն մի գալիք օրն ապրենք քրիստոնէավայել կենցաղավարութեամբ ու հայրենիքը շէնացնենք նախանձախնդիր ոգով», -եզրափակեց Հայր Անդրանիկը:

Պատարագի աւարտին, հանդիսապետութեամբ Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարուեց հաւատացեալների օրհնութիւն եւ Անդաստանի կարգ:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին