Հինգշաբթի, 29. 09. 2022

Վիեննայում Տեղի Ունեցաւ «Մշակոյթը Հակամարտութեան Մէջ․ Հարաւային Կովկասն Այսօր» Խորագրով Միջազգային Գիտաժողովը

       Մայիսի 13-14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցերով գրասենեակի Աւստրիայի կոմիտէն Վիեննայի պատմական արուեստների թանգարանում նախաձեռնեց «Մշակոյթը հակամարտութեան մէջ․ Հարաւային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը եւ պահպանման հիմնախնդիրներին առնչուող հարցերն էին:

       Գիտաժողովը բացուեց Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցերով գրասենեակի Աւստրիայի կոմիտէի ղեկավար դոկտոր Եասմին Դում-Թրագուտի խօսքով:  Նորին Սրբութեան օրհնութեան եւ ողջոյնի խօսքը ընթերցեց Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական Պատուիրակ  Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսեանը: Մասնակիցներին իր ողջոյնի խօսքը յղեց նաեւ Աւտրիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան տիար Արմէն Պապիկեանը:

       Այնուհետեւ զեկոյցներով հանդէս եկան ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ  Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը եւ Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի տնօրէն  Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը:   

       Միջազգային եւ հայ բանախօսներն ընդգծեցին, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրաւեալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնէական մշակոյթի ոչնչացման եւ աղճատման բազմաթիւ դէպքեր են արձանագրուել, որոնք վկայում են հայկական հոգեւոր ժառանգութեան հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականութեան մասին: Ադրբեջանական պետութեան այս յանցաւոր քաղաքականութեան վկայութիւնները ներկայացուեցին փաստագրական նիւթերի տեսքով` արբանեակային լուսանկարներ, տեսագրութիւններ եւ այլն: Այս ամէնն անհերքելի հիմք է տալիս պնդելու, որ հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ իրականացւում է համակարգային վանդալիզմ եւ միջազգայնօրէն պահանջելու այս յանցագործութիւնների դատապարտումն ու կանխարգելումը` ի պաշտպանութիւն Արցախում համաշխարհային մշակոյթի քրիստոնէական ժառանգութեան: 

       Բանախօսները ներկայացրեցին միջազգային իրաւունքի գործիքակազմերի գործարկման միջոցով մշակութային ժառանգութեան պաշտպանութեան տարբեր նախաձեռնութիւններ, որոնք կարող են օրինակելի լինել Արցախի պարագայում: Մանրամասն անդրադարձ կատարուեց ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի` 2021թ․ դեկտեմբերին կայացրած վճռին, համաձայն որի, Ադրբեջանը պարտաւորւում է հրաժարուել Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման իր քաղաքականութիւնից: 

        Բանախօսները ներկայացրեցին նաեւ հոգեւոր ժառանգութեան պահպանմանն ու խնդիրների վեր հանմանն ուղղուած միջազգային եւ հայկական նախաձեռնութիւններ: «Միջազգային Կապոյտ վահանի» հիմնադիր նախագահ Կառլ Հաբսբուրգը, որպէս միջոցառման համակազմակերպիչ,  անթաքոյց քննադատական գնահատական տուեց ադրբեջանական գործողութիւններին` կարեւորելով հայ մշակութային գործիչների, ինչպէս նաեւ բանակի ներկայացուցիչների շրջանում մշակութային ժառանգութեան պահպանման հմտութիւնների եւ միջազգային փորձի փոխանցումն ու կիրառումը: Վերջինս արձանագրեց, որ Հայաստանում ընթացքի մէջ է «Կապոյտ վահանի» ազգային կոմիտէի կազմաւորումն ու պաշտօնական գրանցումը, ինչը հնարաւորութիւն կընձեռի միջազգային կառոյցին ռազմական գործողութիւնների եւ աղէտների պայմաններում վտանգուած մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղուած գործունէութիւն ծաւալել տարածաշրջանում:

       Բանախօսների թւում էին նաեւ Հայաստանից ժամանած չորս մասնակից` «Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրէն, ճարտարագէտ Րաֆֆի Քորթոշեանը, «Մշակութային ժառանգութեան զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրէն Անի Աւագեանը, Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի միջազգային կապերի աւագ մասնագէտ Սոնա Բալոյեանը եւ  վաւերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորեանը, ով հանդէս եկաւ «Մշակութային հակամարտութիւն» վաւերագրական ֆիլմի ներկայացմամբ:  

       Գիտաժողովի շրջանակներում կազմակերպուեց նաեւ Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան գրադարանում պահուող` Արցախում տարբեր ժամանակներում ստեղծուած ձեռագիր ու տպագիր մատեանների եւ ուշագրաւ այլ նիւթերի ցուցահանդէս:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին