Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Վահան Թէքէեանի Յօդուածների Ժողովածուի Առաջին Հատորի Հրատարակութեան Առթիւ

Վահան Թէքէեան հանճարեղ գրագէտի գիտական կենսագրութեանը աւելացաւ եւս մէկը «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքը, որ ստեղծուել է բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դաւթեանի աշխատասիրութեամբ։ Անհրաժեշտ է արժանին մատուցել Վ. Դաւթեանին՝ իր տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար։ Նա ժողովածուի մէջ ընդգրկել  է 1901-1910 թուականների թէքէեանական բոլոր արձագանքները, որոնք արտայայտուել են ժամանակի արտասահմանեան եւ արեւմտահայ մամուլում։ Նախ՝ գիրքն օգնում է ընթերցողին թէքէեանական իւրօրինակ բառ ու բանով գաղափար կազմել ժամանակի ու միջավայրի մասին, միւս կողմից՝ երեւան է հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրոյ առարկայ նիւթի վերաբերեալ։

Առաւել կարեւոր են ընդարձակ ծանօթագրութիւնները, որոնք լոյս են սփռում ժամանակի հասարակական-քաղաքական, գրական մթնոլորտի եւ այդ բնագաւառի գործիչների կեանքի, դիրքորոշումների եւ դրանց պատճառների  վրայ։ Մանրակրկիտ ներկայացուած է նաեւ անձնանունների եւ տեղանունների ցանկը՝ ամփոփ տեղեկութիւններով։

Այսօր հրապարակի վրայ գտնուող այս բացառիկ ժողովածուն ներկայացնում է Վահան Թէքէեանի կեանքի ու հրապարակագրական գործունէութեան տարիները՝ լի աշխարհացունց ու անձնական իրադարձութիւններով։

 Թէքէեան-հրապարակագրի ճակատագիրը, ինչպէս նշում է Վ. Դաւթեանը, գրապատմական է. գրողը վաղուց ի վեր իր ընթերցողի հետ սկսել է ազգային եւ պատմական երկխօսութիւն՝ հաղորդական դարձնելով  նրան ժամանակի ահակոչ խնդիրներին։ Ժողովածուի առանցքային հարցը, բնականաբար, Վ. Թէքէեանի յօդուածների ընկալումն է ընթերցողների կողմից, որին Վ. Դաւթեանը մօտեցել է մեծ պատասխանատուութեամբ։ Նա գրել է հրաշալի նախաբան «Հազարներու մէջէն մէկը…» խորագրով, որտեղ նկատել է, թէ Վահան Թէքէեանի հոգու պայծառ լոյսի եւ ահեղ մթութեան հերթագայութիւնը կրկին պէտք է ապշեցնի ընթերցողին։ «Թէքէեանական հոգին շարունակական պեղուող վշտի հանք է, տառապանքի ու տագնապի խառնարան՝ իր խորութեան մէջ  հրաբխի ներքնահառաչ ժայթքումին պատրաստ»,- նշում է թէքէեանասէր Դաւթեանը։

Վ. Թէքէեանի վերագնայ ընթացքը դէպի ընթերցողի սիրտը եւ միտքը դժուար, բայց հաստատուն շարունակւում է դէպ առաջ։ Նրա կատարեալ եւ ինքնասանձ հանճարը ապշեցնելու է գրահմուտ հրապարակագրի ու խմբագրի ներքնեռանդութեամբ։ Ներկայացուած իւրաքանչիւր յօդուած ունի տարբեր շերտեր, ենթատեքստեր, եւ ընթերցողներից իւրաքանչիւրը փնտրում է իր համար ամենաէականը, որից էլ առաջանում են տարընթերցումներ ու բանավէճեր, նշանակում է գրքի կարեւորութիւններից մէկն էլ այն է, որ տարբեր բնագաւառի մասնագէտներ՝ գրականագէտներ, պատմաբաններ, լրագրողներ, գրաքննադատներ, քաղաքական գործիչներ եւ պարզապէս Թէքէեան սիրողներ եւ ուսումնասիրողներ կարող են այս գրքից ստանալ իրենց համար անհրաժեշտ ու կարեւոր տեղեկոյթ։

Շատ կարեւոր է նաեւ այն, որ կարդալով յօդուածները յաճախ հանդիպում ենք հասարակական կամ գրական աշխարհի մարդկանց, որոնց մասին ընթերցողը տեղեկութիւններ է ստանում ժողովածուից, օրինակ՝ Պօղոս-Պետրոս եկեղեցու «Ամենէն սիրուած, ամենէն յարգուած՝ Դանիէլ վարդապետը, որուն ի տես կրքերը կը լռեն, ու կը բացուին սրտերը… ու քսակնեն ալ», կամ «…բժիշկներուն ամենէն քիչ բժիշկը երեւութապէս Տոքթ.Ա.Ս.Յակոբեանը»: Հետաքրքիր է Խրիմեան Հայրիկի հետ Պերլինի վեհաժողով մեկնած պատուիրակութեան թարգմանիչ-քարտուղար Մ. Չերազի «արեւանկարը»: Յօդուածներում լուսաբանւում են ֆրանսացի բանաստեղծ Ալֆոնս դը Լամարթինի, ֆրանսիացի լրագրող եւ յայտնի ճանապարհորդ Սթանլի Հենրի Մօրտոյի, ֆրանսացի պետական քաղաքական գործիչ Մօրիս Ռուվիէի, եւրոպացի աստղագէտ Լըբոթ Հորթանսի եւ այլ հասարակական, քաղաքական, գրական դէմքերի գործունէութիւնները։

Առանձնայատուկ ուշադրութեան է արժանի գրքի արտաքին տեսքը՝ Երուանդ Քոչարի 1924թ հեղինակած «Բանաստեղծը» (1924) կտաւը՝ Վ. Թէքէեանի մտորող պատկերով, գոյների ներդաշնութեամբ, գրքի շապիկի հրաշալի ձեւաւորման գրաւականն է:

Այս հպանցիկ դիտարկումներն անգամ վկայում են «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքի անհրաժեշտութեան մասին, որը ընթերցողին փոխանցում է ժամանակի կենդանի շունչը, նրան տեղափոխում տեսակէտների, կրքերի, շահերի բախման մի մթնոլորտ, որն աւելին է հաղորդում, քան շատ անփոփոխ բնագրեր: Այն կարեւոր հիմք է ստեղծում նաեւ թէքէեանական նոր զարգացումների համար։

Վահան Թէքէեանի յօդուածների ժողովածուն առանձին հատորներով Հայաստանում եւ Սփիւռքում լոյս է տեսնում առաջին անգամ։ Յուսանք եւ սիրով սպասենք, որ առաջին հատորին կը յաջորդեն նաեւ միւս երկու հատորները։

ՆՈՒՆԷ ՄԿՐՏՉԵԱՆ բ. գ. թ., դոցենտ,

 ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղեանի անուան
 գրականութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին