Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

 «Վահան Թէքէեան. Յօդուածների Ժողովածու» Եռահատորի Առաջին Գրքի Շնորհանդէսը

Օրերս Երեւանի «Թէքէեան կենտրոն»-ում տեղի ունեցաւ բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դաւթեանի կողմից կազմուած «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատապութեան առաջին գրքի շնորհանդէսը: Գիրքը տպագրուել է «Թէքէեան կենտրոն» հիմնադրամի աջակցութեամբ՝  Հայաստանում և Սփիւռում առաջին անգամ ներկայացնելով հանճարեղ գրողի 1901-1910թթ գրած և արեւմտահայ և արտասահմանեան մամուլի տարբեր էջերում տպագրած յօդուածները: Կազմող հեղինակը մեծ ջանադրութեամբ, գիտական բարձր մակարդակով հաւաքել և ժամանակագրական կարգով ներկայացրել է «ոսկու ձուլակտորների պէս մամուլում սփռուած» յօդուածները:

Բացման խօսքով հանդէս եկաւ «Թէքէեան կենտրոն» հիմնադրամի տնօրէն Արմէն Ծուլիկեանը: Շնորհաւորելով հեղինակին գրքի հրատարակութեան առիթով՝ նա ուրախութեամբ նկատեց, որ հատորի լոյսընծայումը մշակութասէր հայութեան կողմից սպասուած ինքնատիպ և բացառիկ աշխատանք է: Ճիշտ է, ըստ նրա, Վահան Թէքէեանին  Հայաստանում նոր-նոր են խորութեամբ սկսում ճանաչել, սակայն Սփիւռքում նա վաղուց է գնահատուած ու սիրուած: Լինելով արեւմտահայ վերջին և սփիւռքահայ առաջին պոէտը՝ նա միաժամանակ ծաւալել է հասարակական մեծ գործունէութիւն: Ժողովածուում ընդգրկուած յօդուածների շնորհիւ ընթերցողն առաւել մանրամասն կծանօթանայ կարողագոյն հրապարակագրի ազգային, մշակութային և հասարակական գործունէութեանը:

Ապա տպաւորիչ ելոյթով հանդէս եկաւ գրքի հեղինակը՝ ներկայացնելով հանճարեղ գրողի հրապարակագրութեան առանձնայատկութիւնները:

Գրքի վերաբերեալ ծաւալուն և ուշագրաւ վերլուծութեամբ հանդէս եկաւ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Նունէ Մկրտչեանը: Նա, բարձր գնահատելով Վ. Դաւթեանի կատարած աշխատանքը, մասնաւոր ուշադրութիւն դարձրեց առաջաբանին՝ «Հազարներու մէջէն մէկը» վերնագրով, Ծանօթագրութիւններին՝ մանրակրկիտ աշխատուած, Անձնանունների և Տեղանունների ցանկին՝ կազմուած գիտական բարձր մակարդակով, ինչը միաժամանակ երեւան էր հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրոյ առարկայ նիւթի վերաբերեալ: Ըստ բանախօսի, գիրքը հարուստ նիւթ կհաղորդի ընթերցողին՝ հասկանալու ժամանակաշրջանն ու միջավայրը:

 Ուշագրաւ էր բանախօս ԵՊՀ դասախօս, բանասիրական գիտութիւնների թեկնածու Նարինէ Մարկոսեանի ելոյթը: Բարձր գնահատելով հեղինակի աշխատանքը՝ նա կարեւորեց  յօդուածների բազմաթեմայնութիւնը՝ գրականութիւն, քաղաքականութիւն, կրօն, մշակոյթ, որբահաւաքութիւն, կրթութիւն, լրագրութիւն, գրատպութիւն և այլն, որոնք կարող են տալ ուսումնասիրութեան անսպառ նիւթ:

Բանախօս Երեւանի Հիւսիսային համալսարանի Բանասիրութեան և մանկավարժութեան ֆակուլտետի դեկան Մէրի Այւազեանն էլ իր խօսքում նկատեց, որ Վ. Թէքէեանի յօդուածները ճանաչողութեան լայն հնարաւորութիւն են տալիս. ընթերցողը կարող է անսպառ նիւթ հաւաքել մշակութային, քաղաքական, հոգևոր հայ և օտար գործիչների վերաբերեալ՝ ծանօթանալով նրանց կեանքի և գործունէութեան մանրամասներին, որոնց վերաբերեալ հանրամատչելի տեղեկութիւնները այլ աղբիւրներում կա՛մ քիչ են, կա՛մ բացակայում են:

Շնորհանդէսի գեղարուեստական մասում հնչեցին Կոմիտասի անզուգական մշակումները  ջութակահար Գրիգոր Գուլխանջեանի հրաշալի կատարմամբ:

Անկրկնելի ելոյթով հանդէս եկաւ ասմունքող Աիդա Ասատուրեանը, որը ներկայացրեց հատուածներ Վ. Թէքէեանի յօդուածներից:

Միջոցառումը յուզառատ էր, տպաւորիչ և ջերմ: Թէքէեանասէրները խոստովանեցին, որ անհամբեր կսպասեն գրքի երկրորդ և երրորդ հատորների լոյսընծայմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին