Երեքշաբթի, 27. 09. 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ընդունեց ՄԹ Խորհրդարանի Մեծ Բրիտանիայ- ՀՀ Բարեկամական Խմբի Անդամներին

Ապրիլի 4-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միացեալ Թագաւորութեան խորհրդարանի Մեծ Բրիտանիա – Հայաստանի Հանրապետութիւն բարեկամական խմբի անդամներին` գլխաւորութեամբ խմբի ղեկավար Թիմ Փոլ Լոութընի: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վարուժան Ներսէսեանը:

    Ողջունելով ՄԹ Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի պատուիրակութեան այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ներկաներին Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան գործում աջակցութեան եւ մշտական ուշադրութեան համար: Նորին Սրբութիւնն իր մտահոգութիւնները յայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ապրելու իրաւունքի դէմ նոր ոտնձգութիւնների եւ շարունակուող ռազմական գործողութիւնների, ինչպէս նաեւ հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրների առնչութեամբ: Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց միջազգային հանրութեան հետեւողական ջանքերը գերութեան մէջ գտնուողների վերադարձման ուղղութեամբ:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ գոհունակութեամբ արձանագրեց ՄԹ Մեծ Բրիտանիա–ՀՀ բարեկամական խմբի եւ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի միջեւ ձեւաւորուած սերտ գործակցութիւնը:

    Իր խօսքում խմբի նախագահ Թիմ Փոլ Լոութընը կարեւորեց ջանքերի գործադրումը յանուն Արցախում խաղաղութեան հաստատման եւ արցախահայութեան ապահով կեանքի իրաւունքի, նաեւ պատրաստակամութիւն յայտնեց այս կապակցութեամբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր աջակցութիւնը բերելու հայ ժողովրդին:

    Այցի առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնաւոր գնահատանքը յայտնեց Մեծ Բրիտանիայի Լորտերի պալատի անդամ ու նախկին փոխխօսնակ բարոնուհի Քերոլայն Քօքսին` միջազգային տարբեր ատեաններում արցախահայութեան  ազատ ու անկախ կեանքի իրաւունքի պաշտպանութեան եւ Արցախին մշտապէս ցուցաբերուող  զօրակցութեան համար:

    Զրոյցի ընթացքում ՄԹ Մեծ  Բրիտանիա-հայաստան բարեկամական խմբի եւ Լորտերի պալատի անդամ, Անգլիկան Եկեղեցու Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոն Բոքսուորթը Նորին Սրբութեանը փոխանցեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի ողջոյնները: Քովենթրիի եպիսկոպոսը նաեւ հետաքրքրուեց Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան վիճակի մասին: Վեհափառ Հայրապետը տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի` Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի կողմից սրբավայրերի պահպանութեան ուղղութեամբ տարուող աշխատանքների վերաբերեալ:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին