Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Ռուսաստանը Հայաստանը Պաշտպանում Է Նախեւառաջ Իր Շահերից Ելնելով․ Փանթուրքիզմի Թիւ Մէկ Թշնամին Ռուսաստանն Է, Երկրորդը՝ Հայաստանը, Երրորդը՝ Իրանը․ Գասպար Տէրտէրեան

Նուիրուած՝ Մեթր Գասպար Տէրտէրեանի Ծննդեան 88ամեակին (ԶԱՐԹՕՆՔի Յատուկ Թիւ)

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Հաշուի առնելով, որ 2021-ը Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին կողմէ հռչակուած է Արցախի Տարի, ԶԱՐԹՕՆՔ-ի  կազմակերպութեամբ եւ ԹՄՄ-ի գործակցութեամբ տեղի ունեցաւ  Արցախին նուիրուած հրապարակային ձեռնարկ: 
Արդարեւ հակառակ Լիբանանի դիմագրաւած կենցաղային եւ վառելանիւթի պակասի դժուար պայմաններուն, եւ քորոնաժահրի պատճառած արգելափակումներուն, 9 Յուլիս 2021ին, Ռապուէի Ալ Լիքաա խորհրդաժողովներու սրահ փութացած էին մեծ թիւով հայորդիներ ոգեշնչուելու Արցախով: 
Այնտեղ էր Մեթրը ուրախացնելով մեզի: Ան այդ օրը բեմ բարձրացաւ առոյգ եւ երիտասարդի իր խրոխտ ձայնով բոլորին պատգամելու, որ Արցախը կայ ու պիտի ապրի յաւիտեան: Այդ պահուն (ինչպէս մեր «Փոխան Խմբագրական»ին մէջ նշած ենք) չէինք գիտեր, որ այդ օրը Մեթր Գասպար Տէրտէրեանը իր «կարապի երգը» կ՛երգէ:  
Ստորեւ մեր անմահ Մեթրին բոցաշունչ ելոյթին մասին:
«Խմբ.»

Արցախեան վերջին 44օրեայ պատերազմը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում աւելի ակնառու դարձրեց բոլոր այն բացթողումները, որոնք տարիներ շարունակ եղել են երկրի թէ՛ արտաքին, թէ՛ ներքին քաղաքական, թէ՛ սոցիալական ոլորտներում, թէ՛ մարդկանց գիտակցութեան ու հոգեբանութեան մէջ։

44օրեայ պատերազմի ծանր պարտութիւնը պէտք է դառնայ այն հիմքը, որի վրայ Հայաստանը, Արցախն ու Սփիւռքը կը կարողանան  կառուցել նոր աւելի ուժեղ եռամիասնութիւն։ Հակառակ պարագայում Հայաստանը պատմութեան դասագրքերում կը մնայ որպէս ազգ, պետութիւն, որը չկարողացաւ պահել ու փայփայել իր անկախութիւնն ու յաղթանակները։

Պատերազմից  անցել է աւելի քան մէկ տարի։ Այդ ընթացքում թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում կարկառուն անհատների մասնակցութեամբ տեղի են ունեցել տարբեր քննարկումներ, հանդիպումներ, հասկանալու՝ վերջիվերջոյ ո՞րն էր մեր պարտութեան հիմնական պատճառը եւ ի՞նչ դասեր պէտք է քաղել դրանից։

2020 թուականի Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի դաշնութեան միջամտութեամբ կնքուած համաձայնագիրը հրադադարի մասին, ասել թէ բխում էր Հայաստանի շահերից, սխալ կը լինի։ Բայց միեւնոյն ժամանակ այն չի գոհացնում նաեւ թուրքազրպէյճանական կողմին։ Այս հարցի մասին առաւել հանգամանալից ու խոհեմ մեկնաբանութիւն է տուել լիբանանահայ յայտնի գործիչ, իրաւաբան, «Զարթօնք»-ի բարեկամ Մեթր Գասպար Տէրտէրեանն իր կենդանութեան օրօք՝ «Զարթօնք»եան հանդիպումներից իր կենդանութեան օրօք վերջին հրապարակային ելոյթին ժամանակ։

Նրա խօսքով՝ այս զինադադարը ճիշտ գնահատելու համար պէտք է ունենալ յեղափոխական ոգի, ինքնիշխան արժանապատուութիւն ու դադարել ստրկական վիճակում լինել՝ վերջապէս ինքներս մասնակից դառնալով մեր իսկ ճակատագրի կերտմանը, ոչ թէ սպասել, թէ Արեւմուտքն ու Ռուսաստանն ինչ են անելու։

«Մենք հարցին պէտք է մօտենանք բանականութեամբ, ինքնիշխան պատրաստակամութեամբ, ոչ թէ ուրիշներին ապաւինելու տրամադրութեամբ։ Իհարկէ, այս զինադադարը, որը կնքուեց նոյեմբերի 10-ին, հարցի վերջնական կարգաւորում չէ։  Դրանով պարզապէս կասեցուեց թուրքազրպէյճանական յարձակումը եւ Արցախում տեղակայուեցին ռուս խաղաղապահներ։ Մենք պէտք է այս 5 տարիների ընթացքում, երբ Արցախում ներկայ կը լինեն ռուս խաղաղապահները, վերջնական հրաժարուենք ուրիշին ապաւինելու մահացու հինաւանդութիւնից»,- հանդիպման ժամանակ ասում էր Գասպար Տէրտէրեանը։

Նրա խորին համոզման՝ Հայաստանը պէտք է դադարի արեւմուտքի երկրների ստրուկը լինել։ Ուսումնասիրելով պատմական փաստերը, Գասպար Տէրտէրեանը գտնում էր, որ փանթուրքիզմի դէմ պայքարում Հայաստանը պէտք է լինի Ռուսաստանի կողքին, քանի որ երկու երկրների շահերն այդ հարցում համընկնում են։

«Արեւմուտքը մեր ժողովրդի պատմական թշնամին է , ոչ մի բարեկամ չունենք մենք արեւմուտքում։ Արցախում այս զինադադարը կերտողը Ռուսաստանն է։ Փութինի Ռուսաստանը։ Ցարական Ռուսաստանը եւ փութինեան Ռուսաստանը մշտապէս եղել են հայ ժողովրդի կողքին։ Ես ասում եմ, որ պէտք է այս պահին ունենալ ռուսական կողմնորոշում։ Բայց դա չի նշանակում ռուսներին  հպատակուել, այլ ունենալ ինքնիշխան արժանապատուութիւն եւ Ռուսաստանին ընդունել որպէս բնական դաշնակից՝ փանթուրքիզմի դէմ պայքարում»,- այս կարծիքին էր Գ․ Տէրտէրեանը։

Ըստ նրա՝ փանթուրքիզմի թիւ մէկ թշնամին Ռուսաստանն է, երկրորդը՝ Հայաստանը, երրորդը՝ Իրանը, հետեւաբար Ռուսաստանը եւ Իրանը մեր դաշնակիցներն են, որոնց հետ պէտք է համագործակցել։

«Ռուսաստանին որպէս իրաւահաւասար կողմ, որպէս զինակից պէտք է դիտարկել։ Մենք չպէտք է սպասենք, որ Ռուսաստանը մեր փոխարէն կռուի, մեր փոխարէն մեր ճակատագիրը որոշի։ Նման բան չկայ։ Ռուսաստանը Հայաստանը պաշտպանում է նախեւառաջ իր շահերից ելնելով, որովհետեւ Ռուսաստանի ռազմավարական  անվտանգութեան հայեցակարգում փանթուրքիզմը համար մէկ թշնամին  է։ Հետեւաբար փանթուրքիզմի դէմ պայքարում Հայաստանը պէտք է զօրաւոր լինի եւ Ռուսաստանի կողքին։ Հայերը բախտաւոր են, որ Ռուսաստանի գերագոյն շահերը համընկնում  են մեր շահերի հետ։ Ռուսաստանը ո՛չ բարեսրտութիւն է անում, ո՛չ էլ հայերի աչքերի համար է անում դա։ Դա արւում է նախեւառաջ իր անվտանգութիւնից  ելնելով։ Սա հենց առաջին հիմքն է հայ-ռուսական դարաւոր բարեկամութեան։ Մենք փութինեան Ռուսաստանի հետ հիմա պէտք է համագործակցենք, որ այս հինգ տարիները աւարտուեն  ի նպաստ մեզ»,- ասում էր Գասպար Տէրտէրեանը, ով քաղաքական տարաբնոյթ հարցերում բաւական խորացած էր եւ քաղաքական հարցերում լայն աշխարհահայեացք ունէր։

Արցախում նոյեմբերի 10-ի զինադադարը պահպանելու համար, ըստ Տէրտէրեանի, մեզանից պահանջւում է հետեւողական ռուսական կողմնորոշում ունենալ։

Երջանկահիշատակ Գասպար Տէրտէրեանը համոզուած էր, որ 1994-ին արցախեան ազատամարտի ժամանակ մենք յաղթեցինք, որովհետեւ մարդկանց մօտ հայրենասիրական արժեհամակարգն աւելի գերիշխող էր։ Իսկ 2020 թուականի 44-օրեայ պատերազմը պարտուեցինք, որովհետեւ մարդիկ հոգով արդեն պարտուած էին։ Իսկ հոգով պարտութիւնը Գասպար Տէրտէրեանը կապում էր 30 տարի Հայաստանում  տիրող օլիկարխիկ բարքերի, մարդկանց արտագաղթի, աղքատութեան հետ։ 

«Հայաստանի 30 տարի օլիկարխիկ իշխանութիւնը, 1․5 մլն հայաստանցիների արտագաղթը մարդկանց մօտ պակասեցրեց  հայրենասիրութեան ոգին ու մեծացրեց անձնասիրութիւնը։ Երեք նախագահներն էլ Հայաստանը ստրկացրին ու ժողովրդին բարոյազրկեցին։ Պատերազմի մէջ զէնքը չէ որ պատրւում է, այլ կռուողի ոգին։ Եթէ նրա ոգին պարտուած է, ուրեմն վերջ։ 2020-ի պատերազմում մեր կռուողներէն շատեր բաւական հայրենասիրութիւն  չունէին, հոգեպէս պարտուած էին։ Սուտ են այն պնդումները,  թէ Իսրայէլը աւելի արդիական զէնքեր տուեց Ազրպէյճանին, Թուրքիան աւելի ուժեղ զէնքեր տուեց, իսկ Ռուսաստանը մեզ ոչ մի բան չտուեց։ Ամեն  պետութեան պաշտպանութեան հիմքը հայրենասէր ժողովուրդն է։ Թուրքը, ազրպէյճանցին եւ արեւմուտքը շատ լաւ հասկանում են, որ փութինեան Ռուսաստանը Արցախը փրկելուց յետոյ պէտք է պաշտպանի Արցախի բնական իրաւունքով տրուած սահմանները։ Հետեւաբար իրենց այս զինադադարը ձեռք չի տալիս»,- պարզաբանում էր բանախօս Գասպար Տէրտէրեանը։

Նա ցաւով էր նշում, որ մենք արցախեան ազատամարտից յետոյ այնքան հայրենասէր չենք եղել, որ ազատագրած հողերը չենք վերաբնակեցրել։ Դա աններելի է։ «Մեր բոլոր դժբախտութիւնների թիւ մէկ պատասխանատուն մենք ինքներս ենք՝ ուրիշին ապաւինելու մահացու հիւանդութեան պատճառով։ Մենք այսօր ուրախ ենք, որ Արցախը փրկուած է։ Արցախի անկախ հանրապետութիւնը գոյութիւն ունի ու ներկայ է»,- իր խօսքի վերջում ասել էր երջանկայիշատակ Գասպար Տէրտէրեանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին