Երեքշաբթի, 27. 09. 2022

Կայացաւ «Հայ-Թրքական Յարաբերութիւնները Տարածաշրջանային Յորձանուտին Մէջ» Խորագրով ՌԱԿ-ի Մամուլի Առցանց 19-րդ Լսարանը

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ

ՀՀ Իշխանութիւնները Իրաւունք  Չունեն Իրենց Վրայ Պատասխանատուութիւն Ստանձնել Միայնակ Բանակցել Թուրքիայի Հետ․ Ռուբէն Սաֆրաստեան

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«ԶԱՐԹՕՆՔ»ի Երեւանի Աշխատակից

Ներկաներէն տեսարան մը

«Այժմէական Հարցերու Բազմաձայն Քննարկումներ» ընդհանուր թեմայով «ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ»-ը կազմակերպեց իր առցանց լսարանների շարքի 19-րդը՝ որի թեման այս անգամ հայ-թուրքական յարաբերութիւններն էին եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսուած բանակցային գործընթացը։ Լսարանին ներկայ եղան Հայաստանէն, Արցախէն եւ հայկական սփիւռքի զանազան երկիներէն շատ մը մասնակիցներ:

Արդարեւ, «Հայ-թուրքական յարաբերութիւնները տարածաշրջանային յորձանուտում» խորագրով առցանց լսարանի հիւրը թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն է։ Առցանց հարթակը վարեց «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը, ով խօսելով հայ-թուրքական յարաբերութիւնների մասին որպէս նախաբան յիշեցրեց տարբեր տարիներին տեղի ունեցած զարգացումների մասին։ Յակոբ Աւետիքեանի խօսքով՝ այս հարցը ամենահրատապն է ներկայ իրավիճակում։

Յակոբ Աւետիքեան

Նրա բնորոշմամբ՝ Հայաստան- Թուրքիա յարաբերութիւնների խնդիրը նոր չէ։ Նա յիշեցրեց, որ 1978թ. Ժնեւում հայկական երեք աւանդական կուսակցութիւնների ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի այն ժամանակուայ արտգործնախարարի հետ, եւ պնդել, որ ցեղասպանութեան հարցը չեն կարող հրաժարուել ո՛չ պահանջատիրութիւնից, ո՛չ էլ ցեղասպանութեան հարցը մոռանալ: Յակոբ Աւետիքեանը խօսեց նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների օրօք հարցի արծարծումից, մասնաւորապէս հայ-թուրքական արձանագրութիւններից: «Արցախեան երկրորդ պատերազմից յետոյ այս հարցը արծարծւում է այլ անուան տակ, որը Նիկոլ Փաշինեանն անուանում է խաղաղութեան դարաշրջան, ընդ որում կան Թուրքիայի կողմից առարկուած նախապայմաններ, թէեւ ասւում է, որ չկան այդպիսի նախապայմաններ»,- ընդգծեց Յակոբ Աւետիքեանը:

2020 թուականի 44-օրեայ պատերազմից յետոյ Հայաստանի ու Թուրքիայի յարաբերութիւնները սկսել են նոր հարթութիւն տեղափոխուել։ Թեմայի վերաբերեալ հանգամանալից խոսեց հիւր բանախօսը՝ թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։ Նա իր խօսքում նախ շնորհակալութիւն յայտնեց ներկաներին մասնակցութեան համար, ապա խօսեց բուն հայ-թուրքական յարաբերութիւններից, աշխարհաքաղաքական իրողութիւններից եւ հասարակութեան շրջանում դրա ընկալումներից։

Ռուբէն Սաֆրաստեան

Մինչ խօսելը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսուած բանակցութիւններից, թուրքագէտը մի քանի շեշտադրում արեց այս առումով աշխարհաքաղաքական ստեղծուած իրավիճակի վերաբերեալ։  Նրա խօսքով՝ 44-օրեայ պատերազմն, ըստ էութեան, խախտեց այն ստատուս քվոն, որը ձեւաւորուել էր Հարաւային Կովկասում տասնամեակներ շարունակ։

«Այդ խախտումը հանգեցրեց նրան, որ փոխուեց իրադրութիւնը տարածաշրջանում եւ ստեղծուեց մի իրավիճակ, որը մինչ այդ չէր եղել։ Այդ նոր իրավիճակի առանձնայատկութիւնն այն է, որ Ռուսաստանը կորցրել է իր մենաշնորհ իրաւունքը եւ դերը տարածաշրջանում՝ որպէս ուժի կեդրոն։ Մենք տեսնում ենք, որ պայքար է սկսուել նոր ստատուս քվոյի համար, որը միանշանակ կը տարբերուի հնից եւ որտեղ ՌԴ-ի դերն աւելի թոյլ կը լինի։ Եւ այդ պայքարը Թուրքիան է մղում՝ կատաղի ձեւով։ Ես սա չեմ ասում որպէս զգացմունքային գնահատական, այլ՝ որպէս աշխարհաքաղաքական իրողութիւն՝ փաստերի համադրութեամբ։ Թուրքիան, հրահրելով պատերազմ, փորձեց արդիւնքում ստանալ ինչ-որ կարեւոր բան, որը Ռուսաստանը թոյլ չտուեց։ Թուրքիան ձգտում էր խաղաղապահ ուժեր ունենալ Արցախում, Թուրքիան պահանջում էր մաս կազմել եռակողմ համաձայնագրի, որը ստորագրուեց նոյեմբերի 9-ին։ Սակայն Ռուսաստանն այդ ամենը թոյլ չտուեց»,- ներկայացրեց բանախօսը։

Սաֆրաստեանի գնահատմամբ, սակայն, Ռուսաստանը նոյեմբերի 9-ից յետոյ  որոշակի զիջումների գնաց, թոյլ տալով Ակնայում ստեղծել ռուս-թուրքական մոնիթորինկային կեդրոն, որտեղ այս պահին 60-70 թուրք սպայ կայ։ «Թուրքիան նաեւ պահանջում էր, որ այդ սպաները հսկողութիւնն իրականացնեն հենց Արցախի տարածքի վրայ։ Դա նշանակում  էր, որ թուրք սպաները իրաւունք կը ստանային օրինական ձեւով ոտք դնել Արցախի տարածք։ Բայց դա եւս չստացուեց։ Այդքանով հանդերձ, Թուրքիան պատերազմից յետոյ շարունակում է իր այդ գործելաոճը՝ տարածաշրջանում լուրջ ազդեցութիւն ունենալու նպատակով»,- նշեց բանախօսը, ապա յաւելեց՝ Թուրքիայի այդ նկրտումների վառ ապացոյցն է Շուշիի հռչակագիրը, որը ստացել է օրէնքի ուժ՝ երկու երկրների խորհրդարանները վաւերացրել են։

Շուշիի հռչակագրի երկու հիմնական կէտերին եւս անդրադարձաւ Ռուբէն Սաֆրաստեանը։ Ըստ այդմ՝ փաստաթուղթը հիմք  է դնում Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ աւելի խորը համագործակցութեան եւ ինտեգրման տարբեր ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, քաղաքական եւ այլն։ Երկրորդ կարեւոր կէտն այս հռչակագրի այն, որ դա նախանշում է  փանթուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհը։

«Փաստօրէն, դա միւս թուրքալեզու պետութիւնների համար պէտք է օրինակ ծառայի, որպէսզի միւսներն էլ գան ու ինտեկրուեն։ Սա նախանշում է մեծ թուրանի ստեղծման ճանապարհի սկիզբը։ Այս հռչակագրում եւս մէկ կէտ կայ, որին ուզում եմ անդրադառնալ։ Դա այն կէտն է, որտեղ նշուած է, որ Թուրքիայի ու Ազրպէյճանի սփիւռքը պէտք է համագործակցեն։  Եթէ աւելի հասկանալի բացատրեմ ստացւում է, որ, օրինակ, Մոսկուայի Ազրպէյճանական մեծ համայնքը, որի մէջ մտնում են միլիարդատէրեր, օլիկարխներ, մարդիկ, որոնք կապեր ունեն Ռուսաստանի իշխանութիւնների հետ, պէտք է ծառայեն ոչ միայն Ազրպէյճանի շահերին, այլեւ՝ Թուրքիայի։  Թուրքիան պատմութեան մէջ առաջին անգամ հնարաւորութիւն է ստանում ուղղակի ազդեցութիւն ունենալ Քրեմլի քաղաքականութեան վրայ, որը մենք տարիներ յետոյ կը տեսնենք»,- առաւել մանրամասն ներկայացրեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Ելնելով աշխարհաքաղաքական այս իրավիճակից ու Թուրքիայի մարտավարական քայլերից, պարզ է դառնում, որ Թուրքիան փորձում է պատերազմի արդիւնքները օգտագործելով հնարաւորինս մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրայ, նշեց  բանախօսը։

«Նրանք փորձում են ստիպել Հայաստանին գնալ զիջումների։ Հայաստանի հետ այս բանակցային գործընթացն, ըստ էութեան մաս է կազմում Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարութեանը, որը ծառայելու է տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը։ Փորձենք պատկերացնել, որ Թուրքիան հասնում է իր նպատակին ու ստորագրւում է մեզ համար ոչ բարենպաստ պայմանագիր։ Սահմանը բացւում է, սկսւում է թուրքական զաւթողականութիւնն ու Հայաստանը դառնում է վերջին խոչընդոտը այդ ճանապարհին։ Կամաց-կամաց սկսուելու է Հայաստան մտնել թուրքական քաղաքականութիւնն ու տնտեսական զաւթողականութիւնը։ Մեզ համար շատ դժուար կը լինի դիմակայել դրան։ Սա է ընդհանուր Թուրքիայի նպատակը, որի պատճառով էլ սկսուել են այս հայ-թուրքական բանակցութիւնները»,- ներկայացրեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Խօսելով բուն հայ-թուրքական բանակցութիւններից, մասնագէտը նշեց՝ դրանում կան մի շարք առանձնայատկութիւններ, ընդ որում՝ սա հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արդէն չորրորդ փորձն է նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ։ Նախորդ փորձերը եղել են ՀՀ երեք իշխանութիւնների օրօք՝ Լեւոն Տէր-Պետրոսեան, Ռոպերթ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան։

«Երբ ստեղծուեց մեր երրորդ հանրապետութիւնը, յայտարարուեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ունենալ նորմալ յարաբերութիւններ եւ պատրաստ է դրան առանց նախապայմանների։ Խօսքը ոչ թէ բարիդրացիական յարաբերութիւնների մասին էր, այլ՝ նորմալ դիւանագիտական։ Ես յատուկ այդ հարցը ուսումնասիրել եմ։ Հետեւեալ եզրակացութեանն եմ եկել։ Տեսէք, ժամանակակից աշխարհում երկու երկրների միջեւ յարաբերութիւնները հիմնւում են փոխզիջումների վրայ։ Բայց Թուրքիան հենց 90-ականներից, երբ ճանաչեց Հայաստանի անկախութիւնը, սկսեց ճնշումներ գործադրել մեզ վրայ՝ առաջ քաշելով նախապայմաններ։ Դրանք են՝ Հայաստանը պէտք է հրաժարուի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնից, Արցախի ժողովրդի իրաւունքները պաշտպանելուց եւ պաշտօնապէս վերահաստատի Կարսի պայմանագիրը։ Թուրքիան այս 30 տարուայ ընթացքում անընդհատ Հայաստանի վրայ ճնշումներ է գործադրել։ Բայց Հայաստանը չի ընդունել, դրա համար էլ յարաբերութիւններ չեն հաստատուել»,- ընդգծեց թուրքագէտը։

Նրա համոզմամբ՝ հիմա Թուրքիան հանդէս է գալիս որպէս աւելի ակրեսիւ ու ծաւալապաշտական պետութիւն, քան նախկինում։ «Այս պայմաններում նա ուզում է Հայաստանին իր կամքը պարտադրել, ընդունել տալ իր նախապայմանները եւ ինչու չէ Հայաստանի հետ կարգաւորել յարաբերութիւնները եւ ենթարկել իր տնտեսական զաւթողական քաղաքականութեանը։ Նման բան տեղի ունեցաւ Պուլկարիայի դէպքում։ Ես վստահ եմ, թուրքերը նոյն մոտելը կը կիրառեն նաեւ մեր նկատմամբ»,- ասաց բանախօսը։

Իր ներածական խօսքի վերջում Սաֆրաստեանը շեշտեց՝ պէտք է աւելի խորը ու մտածուած կերպով գնալ այդ յարաբերութիւնների կարգաւորմանը։ Մասնագէտի խօսքով, այնուամենայնիւ, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման այս չորրորդ փորձը նախորդներից ունի մէկ սկզբունքային տարբերութիւն․

 «Մինսկի խմբի համանախագահ երեք կարեւոր երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը։ Նախորդ փորձերի ժամանակ նման բան չի եղել։ Ես հիմա կարծում եմ՝ մեր դիւանագիտութիւնը պէտք է ջանքեր գործադրի, բանակցի այդ երկրների հետ, որպէսզի Թուրքիան գնա Հայոց ցեղասպանութեան ճանաչման ճանապարհով։ Իհարկէ, ես շատ լաւ հասկանում եմ, որ սա դժուար է, բայց պէտք է փորձել։ Վերջիվերջոյ, բանակցութիւնները պայքար են ու դրանում մենք մեր յաղթաթղթերը պէտք է օգտագործենք, եթէ այդպիսիք կան։ Ես չեմ կարող ասել՝ ինչ ընթացք կ՛ունենան այս բանակցութիւնները, բայց կարող եմ ասել, որ այս անգամ Թուրքիայի հետաքրքրութիւնը ՀՀ-ի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում աւելի թոյլ է, թուրք հասարակութեան ուշադրութիւնը շեղուած է, քանի որ Թուրքիան վարում  է աւելի լայնածաւալ քաղաքականութիւն տարբեր ուղղութիւններով»,- կարծիք յայտնեց փրոֆեսորը, աւելացնելով, որ իր մօտ տպաւորութիւն է, որ այս անգամ Թուրքիան աւելի լաւ է պատրաստուել բանակցութիւններին։

Դրա վառ ապացոյցն է Թուրքիայի կողմից նշանակուած ներկայացուցիչը՝ Սերդար Քըլըչը, ասելով, որ նա  սովորական ու պատահական ընտրուած մարդ չէ։ Բացի իր դիւանագիտական գործունէութիւնից, Քըլըչը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի անվտանգութեան խորհրդի քարտուղարը, որտեղ քննարկւում է երկրի ներքին ու արտաքին կարեւոր քաղաքական հարցերը։

«Նա մի մարդ է, որը շատ լաւ պատկերացնում է երկրի արտաքին ու ներքին քաղաքականութիւնը։ Բացի դա, նա ներկայացնում է թուրքական վերնախաւի, այսպէս կոչուած, սեւծովեան խմբաւորումը, որը մեծ տեղ ունի Թուրքիայի ներկայիս էլիտայում։ Նա եւ իր ընտանիքը սեւծովեան Սամսուն քաղաքից են, հայրը բարձրաստիճան զինուորական է եղել,  20 տարի եղել է պատգամաւոր, հօրեղբայրը յայտնի բժիշկ է, մահացել է մի քանի տարի առաջ։ էրտողանի անձնական բժիշկն է եղել դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս Ստամբուլի քաղաքապետն էր։ Ստացւում է՝ Թուրքիայի ներկայացուցիչը մի մարդ է, ով անձնապէս շատ մօտ է Էրտողանին։ Թուրքիան նշանակել է մի մարդու, ով ուղղակիօրէն բանակցութիւնների ընթացքի մասին զեկուցելու է Թուրքիայի փոխնախագահին ու անձամբ Էրտողանին։ Սա նշանակում է, որ Թուրքիան այս գործընթացին մեծ նշանակութիւն է տալիս։ Մէկ կարեւոր հանգամանք էլ նշեմ՝ Քըլըչի համար ստեղծուել է նոր պաշտօն։ Նա ոչ թէ նշանակուել է գլխաւոր բանակցող, այլ յանձնակատար Հայաստանի գծով, որը դուրս է բերուած արտգործնախարարութեան շրջանակներից ու ներառուած է Էրտողանի աշխատակազմի մէջ»,- հայ-թուրքական բանակցութիւնների վերաբերեալ իր մանրամասն ու հանգամանալից խօսքն աւարտեց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանը, որ մէջ ընդ մէջ կը վարէր հարթակը, հարցադրում-դիտարկում արեց։ Նրա խօսքով՝ նախորդ երեք դէպքերում, երբ Հայաստանը բանակցում էր Թուրքիայի հետ, կային առաւելութիւններ՝ Հայաստանը յաղթած պետութիւն էր եւ ունէր հզօր բանակի առասպելը։ Հիմա դա չկայ, հիմա Հայաստանի դիրքերը տկար են, թուլացած, դա ի՞նչ ազդեցութիւն կարող է ունենալ բանակցութիւնների ընթացքի վրայ, հետաքրքրուեց «Զարթօնք»ի խմբագիրը։

Սեւակ Յակոբեան

Վերջինս նաեւ ցանկութիւն յայտնեց, որ թուրքագէտը խօսի առանց նախապայմանների բանակցութեան մասին, որը գործնականում այդքան էլ առանց նախապայմանների չէ, քանի որ անհերքելի է, որ Հայաստանի իշխանութիւնները Հայոց Ցեղասպանութեան հետապնդումը փորձում են թողնել միայն Սփիւռքի վրայ եւ ձգտում են ազատուել Արցախի հիմնահարցից։ «Հետեւաբար այս հարցով Թուրքիան մեծ խնդիր չունի։ Հաւանաբար նա արդեն ստացել է այն, ինչ ուզում է»,- ասաց Սեւակ Յակոբեանը։

Ռուբէն Սաֆրաստեանը համաձայնեց այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքերը հիմա աւելի թոյլ են, քան նախկինում եւ Թուրքիան դա շատ լաւ հասկանում է ու փորձում  է օգտագործել։ «Բայց, էլի եմ ասում՝ մենք չէինք կարող հրաժարուել բանակցութիւններից։ Ցաւօք սրտի, պատերազմը ցոյց տուեց, որ մենք մեկուսացած էինք, որը կարող էր աւելի ուժեղանալ։ Մենք պէտք է մտնէինք բանակցութիւնների մէջ։ Բայց այդ բանակցութիւնները պէտք է վարեն աւելի լուրջ ու լաւ ուսումնասիրելով մեր թշնամուն։ Մենք բարեկամի հետ չենք բանակցում, այլ՝ թշնամու, հակառակորդի։ Պէտք է հնարաւորինս կարողանանք առաջ տանել մեր տեսակէտները։ Ես յոյս ունեմ, որ, երբ գործը հասնի կարմիր գծերին, Հայաստանը չի գնայ զիջումների ու դուրս կու գայ բանակցային գործընթացից,- պատասխանեց բանախօսը։

Ներկաներից մէկը հարց ուղղեց փրոֆեսոր Սաֆրաստեանին, հայկական կողմը ի՞նչ է ուզում շահել այս բանակցութիւններով, արդեօք հայկական կողմը գիտի՝ ի՞նչի է ուզում հասնել, հաստատուած օրակարգ ունի՞, վտանգների մասին պատկերացնու՞մ է։ Բանախօսը նշեց՝ այն հարցը, որ բարձրացուեց, ինքն էլ է իրեն շատ անգամներ տալիս։

«Ինձ էլ է շատ հետաքրքիր։ Արդեօք հայկական կողմը օրակարգ ունի, թէ ոչ, մարտավարութիւն ունի՞, թէ ոչ։ Չեմ կարող այդ հարցին յստակ պատասխանել։ Բայց ուզում եմ նշել, որ, այո, Թուրքիայի կողմից ձեւական է հնչում առանց նախապայմանների բանակցութիւնը։ Նախապայմաններ կը լինեն, ես դրանում չեմ կասկածում։ Սա ինձ համար հասկանալի է։ Չգիտեմ՝ դա մեր բանակցողների համար հասկանալի է, թէ ոչ։ Բացի դա, բազմիցս պաշտօնապէս յայտարարուել է, որ Հայաստանը ձգտում է ունենալ Թուրքիայի հետ դիւանագիտական նորմալ յարաբերութիւններ ու բաց սահման։ Սա եղել է ՀՀ բոլոր իշխանութիւնների նպատակը։ Թէ ինչ զիջումների է պատրաստ գնալ իշխանութիւնը, ես չեմ կարող ասել։ Բայց ճիշտ էգ, որ որոշ զիջումներ լինելու են։ Ես յոյս ունեմ, որ դրանք չեն լինի սկզբունքային հարցերում։ Ես կարծում եմ, որ սխալ է ընտրուած բանակցութիւնների նախապատրաստուելու ձեւաչափը։ Սփիւռքը եւս պէտք է այդ բանակցութիւններում ներգրաւուած լինէր։ Այս խնդիրները համահայկական են ու ՀՀ իշխանութիւնները իրաւունք  չունեն իրենց վրայ պատասխանատուութիւն ստանձնել միայնակ բանակցել։ Սա մեծ բացթողում է»,- պատասխանեց Ռուբէն Սաֆրաստեանը։

Նոյն համատեքստում ներկաներից մէկի կողմից հարց հնչեց՝ Թուրքիան ի՞նչ է պատրաստ այս բանակցութիւնների արդիւնքում զիջել՝ օրինակ բերելով Հոլոքոստը եւ Գերմանիայի քայլերը դրա ճանաչումից յետոյ։ Ռուբէն Սաֆրաստեանը նշեց՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը Հայաստանի համար դարձել է անվտանգային խնդիր։

«Ցեղասպանութիւնը ոչ միայն յիշողութիւն է, այլեւ այսօրուայ իրականութիւնն է։ Թուրքիան, չճանաչելով ու չդատապարտելով հայոց ցեղասպանութիւնը, ցոյց է տալիս, որ ամեն րոպէ կարող է կրկնել այն։ Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը դարձել է անվտանգ ային խնդիր։ Օրինակ, Գերմանիան ճանաչեց ու դատապարտեց հրեաների ցեղասպանութիւնը եւ հիմա ոչ ոք չի կարծում, որ կարող է նորից կրկնել այդ քայլը։ Իսկ Թուրքիայի չճանաչումը վտանգ է նորից այն իրականացնելու, ու ոչ միայն հայերի, այլեւ՝ քրդերի համար։ Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման խնդիրը, որը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային առաջնահերթութիւն է, ոչ միայն բարոյական հարց է մեր նախնիների նկատմամբ, այլեւ՝ անվտանգային մեր երկրի եւ համայն հայութեան համար։ Այստեղ մեզ համար շատ բարդ խնդիր է առաջանում։ Թուրքիային պէտք է պարտադրել ճանաչել ցեղասպանութիւնը։ Ես համոզուած եմ, որ Թուրքիայի ներկայ վերնախաւը ինքնակամ չի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, դա հնարաւոր կը լինի միայն պարտադրանքով, դատարանով»,- հարցին պատասխանեց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը։

Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման, բանակցային գործընթացի մասին տարատեսակ հարցեր հնչեցին, որին Ռուբէն Սաֆրաստեանը սիրով պատասխանեց եւ շնորհակալութիւն յայտնեց քննարկման կազմակերպման ու հետաքրքիր հարցերի համար։

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի խմբագիր՝ Սեւակ Յակոբեանը ՌԱԿ-ի Համադրուած Մամուլի անունով երախտագիտութիւն յայտնեց փրոֆեսոր Սաֆրաստեանին կարեւոր քննարկման եւ ներկաներին մասնակցութեան համար։

Մամուլի առցանց յաջորդ լսարանին նիւթին ու հիւրին մասին պիտի յայտարարուի շուտով:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին