Մշակութային Արձագանգ
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Սփիւռքում ծանօթ անուն է արձակագիր Պօղոս Գուբելեանը։ Նա ծանօթ անուն է նաեւ հայաստանեան գրական շրջանակներում․ անդամակցում է Հայաստանի Գրողների միութեանը։
Անցեալ տարի՝ 2021 թուականին, Գուբելեանի ծննդեան 85-ամեակն էր։ Այս առիթով ու նրա գրական բեղուն գործունէութեան 65-ամեակի առիթով, շնորհալի արձակագրին շնորհաւորեց Հայաստանի Գրողների միութիւնը, ու գրական տպագիր ու առցանց հարթակներում եղան բազմաթիւ անդրադարձեր այդ կապակցութեամբ։
Մի տարի ուշացումով, ուզում եմ շնորհաւորել պարոն Պօղոս Գուբելեանին իր ծննդեան 85-ամեակի առիթով եւ իմ երախտագիտութիւնն յայտնել նրան՝ սփիւռքահայ գրականութեանը՝ նրա բերած նոր ոճի ու նոր բովանդակութեան համար։ Ասեմ․- Չեմ կարդացել Գուբելեանի բոլոր գործերը։ Շնորհալի արձակագրի որոշ գործեր կարելի է գտնել առցանց, իսկ Լոս Անճելըսի գրադարանների հայկական բաժիններում, ես չկարողացայ գտնել Գուբելեանի հատորները։
Գուբելեանի արձակն ունի աֆրիկեան երկրների համն ու բոյրը, ինչը մեծապէս գնահատուել է գրական շրջանակներում, որպէս եզակի երեւոյթ։ Նա արժանացել է տարբեր գնահատանքների ու մրցանակների։
Պօղոս Գուբելեանին ես հանդիպում էի Քալիֆորնիայի Հայ Գրողների միութեան գրական հանդիպումներին։ Այդ հանդիպումներին մուտքը ազատ էր։ Ես նրա մէջ տեսայ ազնիւ մարդը, հայ գրականութեան ու հայեցի դաստիարակութեամբ մտահոգ մարդը, ով միշտ շեշտում է գրական միաւորների ու նոր սերնդի միջեւ մշտական կապի անհրաժեշտութիւնը, ու մի անգամ՝ հենց պարոն Գուբելեանի նախաձեռնութեամբ, գրական այդ հանդիպումներից մէկում ներկայ եղան Լոս Անջելեսի հայկական դպրոցներից ընտրուած՝ աշակերտների ասմունքող մի խումբ, որոնք իրենց վարժ ասմունքով՝ հաճելի պահեր նուիրեցին ներկաներին։ Ափսոս, որ այդ նախաձեռնութիւնը չշարունակուեց։ Իսկ վերջերս իմացայ Պօղոս Գուբելեանը ուղեղի կաթուած է տարել եւ ապաքինման շրջան է անցկացնում։ Շուտափոյթ առողջութիւն եմ ցանկանում նրան։
Պօղոս Գուբելեանը միշտ շեշտում է ժամանակակից հայ գրականութեան միջազգայնացումը։ Ինչքան իրատեսական ու հրամայական անհրաժեշտութիւն է դա։ Յոյս ունեմ, հայ գրական դէմքերը կարեւորութեամբ ձեռնամուխ կը լինեն այս յոյժ կարեւոր աշխատանքին։
Ստորեւ բերում եմ Պօղոս Գուբելեանի համառօտ կենսագրութիւնը։ Նախ՝ բերում եմ Լիբանանի «Սփիւռք» անկախ շաբաթաթերթի՝ 1969 թուականի Նոր տարուայ բացառիկ համարի 3-րդ էջում տպագրուած՝ հայրենի մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազի նամակից մի հատուած, որ նա գրել է Պօղոս Գուբելեանին՝ աֆրիկեան Սիերրա Լէոնէ երկիր, ուր ապրում եւ ստեղծագործում էր Գուբելեանը։
Կապուեցի պարոն Գուբելեանի հետ, որպէսզի ստանամ նշուած նամակը։ Նա ինձ տեղեկացրեց, որ նամակը մնացել է Սփիւռք թերթի խմբագիր Սիմոն Սիմոնեանի մօտ։ Նա ինձ ուղարկեց մի ուրիշ գրութիւն/ բացիկ Յովհաննէս Շիրազից, որով Շիրազը շնորհաւորում է Գուբելեանին՝ Նոր տարուայ առիթով։
«Սփիւռք» շաբաթաթերթի նշուած համարում տպուած՝ Յովհաննէս Շիրազի նամակից մէջբերումը ներկայացնում եմ ստորեւ․-
«Չարութեամբ լիքը միամտութիւն է թէ Սփիւռքը չի կրնար ստեղծագործել, թէ իբր հայ սփիւռքը գրականութիւն չունի։
Ունի՛ եւ կունենայ, քանի որ յաւիտենական է Հայոց ոգին եւ հայ արգանդը մշտատեւ երկունքի մէջ է․․․ Գալով իմ գալուն՝ կասեմ որ բախտս տակաւին խարխափում է․․․ Աւա՜ղ»։
Յ․ Շիրազի բացիկն ու գրութիւնը՝ ստորեւ․-
Իսկ վերջում, շնորհալի արձակագիր Պօղոս Գուբելեանի համառօտ կենսագրութիւնը։ Բազմաթիւ գրախօսականներ կան Պօղոս Գուբելեանի գործերի վերաբերեալ, որ կարող էք գտնել առցանց։ Գուբելեանի հետ հարցազրոյցների շարքը եւս հասանելի է առցանց։
Սփիւռքահայ շնորհալի արձակագիր Պօղոս Գուբելեանը
Տեղեկութիւնները Վիքիպեդիայից
Պօղոս Ռայմոնդ Գուբելեանը, ծնուել է 1936 թուականին, Ալեքսանդրէթում՝ Սիրիա։ Մանուկ հասակում տեղափոխուել է Լիբանան, իսկ երիտասարդութեան տարիները անց է կացրել Աֆրիկայի խորքերում, հիմնականում՝ Սիերրա Լէոնէում։ 1979-ից ի վեր բնակւում է Լոս Անջելեսում։
Գուբելեանը աշխատակցել է Պէյրութի «Սփիւռք» շաբաթաթերթին եւ այլ ամսագրերին ու թերթերին։ Մէկուկէս տասնեակ գրքերի հեղինակ է։
Անուանի գրականագէտ Ալեքսանդր Թոփչեանը նշում է,- «Գուբելեանի գրականութիւնը եղաւ եզակի մի երեւոյթ ոչ միայն սփիւռքի, այլեւ ընդհանրապէս քսաներորդ դարի հայ գրականութեան մէջ»:
Հայաստանի Գրողների միութեան նախկին նախագահ Լեւոն Անանեանը Գուբելեանին անուանել է «սփիւռքահայ արձակի լաւագոյն դէմքերից»․ «Նա հայ գրականութիւն է բերել աֆրիկեան պատկերներ եւ աֆրիկական զարմանալի թեմա։ Նրա լեզուն նոր է ու իւրատիպ, իսկ ոճը` թարմ»։
Գուբելեանի գործերը թարգմանուել են ռուսերէն արաբերէն) եւ անգլերէն։
Պօղոս Գուբելեանը Քալիֆորնիայի Հայ Գրողների միութեան անդամ է եւ նոյն միութեան նախկին վարչութիւնների քարտուղարը։
Մրցանակներ
- Հայաստանի գրողների միութեան ոսկէ մեդալ՝ գրական մեծ աւանդի համար,
- «Արդի արձակ 21-րդ դար» մրցանակ,
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից
Երկեր
- «Ափրիկեան Ափերու Վրայ», 1967 թ.,
- «Ափրիկեան Համանուագ», 1973 թ.,
- «Անտառը Մարդուն Մէջ» 1978 թ.,
- «Պայթում Լռած Թնդանօթներու» 1982 թ.,
- «Ֆրիուէյ», 1988 թ.,
- «Ողջո՜յն Յաւերժական Լիբանան», 1991 թ.,
- «Merci Beaucoup Ասպետական Ֆրանսա»,
- «Առաքելութիւն Ի Մարաշ»,
- «Փոթորիկ»,
- «Փասփորթ»,
- «Փտախտ»,
- «Այն Միւս Փողոցը»,
- «Զաւեշտախառն Ոստայն», 2016 թ․ եւ այլն։