Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Ներկայիս Կարեւորագոյն Խնդիրը Պատմութեան Դասերի Իւրացումն Է. Աշոտ Մելքոնեան

Հայաստանի ԳԱԱ Պատմութեան Ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս, պատմական գիտութիւնների դոկտոր, Փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանի հետ զրուցել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծուած ռազմաքաղաքական վիճակի, Վրաստանում, մասնաւորապէս՝ Ջաւախքում հայութեան ներկայիս վիճակի եւ առաջիկայում պատմագիտութեան զարգացման խնդիրների մասին:

Հայաստանի եւ Արցախի ներկայով ու ապագայով մտահոգ իւրաքանչիւր հայ ինքն իրեն ամէն օր հարցնու՞մ է՝ ի՞նչ վիճակում ենք եւ ինչպիսի՞ ապագայ կանխատեսել։ Հարցերի վերաբերեալ մեկնաբանութիւնները խիստ տարբեր են, կախուած նրանից, թէ կարծիքն արտայայտողը ռուսամէ՞տ է, արեւմտամէ՞տ, թէ՞ սոցիալական ցանցերի նիւթերով գիտելիքները բաւարարող մարդ։

ՀՀ ԳԱԱ Պատմութեան Ինստիտուտի տնօրէն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն այն կարծիքին է, որ Արցախեան առաջին պատերազմից յետոյ խնդրի շուրջ ստեղծուած ամենաանպաստ ժամանակն ենք ապրում, քանի որ կորցրել ենք ոչ միայն անվտանգութեան գօտին, ազատագրուած տարածքները, այլեւ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքները՝ Շուշին, Հադրութը, հատուածներ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից։

«Ցաւալիօրէն պէտք է ասեմ, որ արցախեան պետականութիւնը, որ  30 տարուայ կեանք ունի, վերջին պատերազմից յետոյ կորցրեց սուբյեկտայնութիւնը։ Առաւել ցաւալի է, որ այդ պետականութեան երաշխաւոր հանդիսացող Հայաստանի Հանրապետութիւնը եւս լրջագոյն հարուածներ կրեց՝ կորցնելով իր միջազգային սուբյեկտայնութիւնը։ Մեր տարածաշրջանում եղանակ ստեղծող ռազմաքաղաքական ուժը դարձաւ Ռուսաստանը»,- մեզ հետ զրոյցում նշեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանն ու նկատեց՝ թէեւ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի թիւ մէկ երաշխաւորը, սակայն իրականութիւնն այլ է՝ առաջին պլանում ռուս խաղաղապահներն են. առանց նրանց արցախահայութեանը ցեղասպանութիւն կարող է սպառնալ։

Պատմաբանը ներկայ իրավիճակը գնահատում է բարդ, բայց ոչ անյուսալի, քանի որ ռուսական քաղաքականութիւնը տարածաշրջանում հաստատելու տեսանկիւնից՝ ՌԴ-ում կարծես հասկանում են՝ իրենց ներկայութիւնը Արցախում պարտադիր է։ Հակառակ պարագայում, եթէ նրանք վարեն Արցախը «դատարկելու» քաղաքականութիւն, ապա ռուս խաղաղապահներն այլեւս անելիք չեն ունենայ տարածաշրջանում։

«Արցախում Հայաստանից եւ Ռուսաստանից խրախուսուող մեծածաւալ շինարարութիւնը պայմանաւորուած է նրանով, որ բռնազաւթուած տարածքներից դուրս եկած բնակչութիւնը տեղափոխուի Արցախի այլ շրջաններ։ Արցախցիների ամրապնդուելով՝ ռուսական կողմը իր ներկայութեան համար կ’ունենաj հիմնաւորում»,- նշում է Աշոտ Մելքոնեանն ու ցաւով արձանագրում՝ արցախահայութիւնը պատերազմից յետոյ համոզուեց, որ Հայաստանը չկարողացաւ Արցախի անվտանգութեան իրական երաշխաւորը լինել, եւ գոնէ այս փուլում պէտք չէ մեղադրել արցախահայութեանը՝ չափից աւելի ռուսամէտութեան կամ ռուսասիրութեան համար. այս պահին կարեւորը Արցախն ամէն գնով հայկական պահելն է։

Պատմաբանն այն կարծիքին է, որ արցախեան վերջին պատերազմում Ռուսաստանն իր պահուածքով թոյլ տուեց ռազմաքաղաքական լրջագոյն սխալներ. պահպանելով չէզոքութիւն, իսկ մեր հայեացքով՝ երբեմն ադրբեջանամէտ կամ թուրքամէտ պահուածք ու մօտեցումներ, ստեղծւում էր տպաւորութիւն, որ Ռուսաստանի «մատը խառն էր» պատերազմին:

«Ռուսաստանում սկսում են հասկանալ, որ իրենց երկրի եւ Էրդողանի հետ երկարամեայ սիրախաղը կարծես թէ մօտենում է աւարտին։ Եթէ ռուսական կողմը, որպէս ռազմավարական դաշնակից, իրապէս գտնուէր իր բարձրութեան վրայ եւ հնարաւոր նպաստը բերեր այդ պատերազմի արդիւնքում մեր յաղթանակին, այսօր չէր լինի Ռուսաստանի հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրների ակտիւութիւնը, որոնք հիմա արդէն խնդրի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով»,- վստահեցնում է Աշոտ Մելքոնեանն ու յաւելում՝ եթէ վերջին պատերազմում Ռուսաստանը մեր միջոցով սաստէր Ադրբեջանին, Ուկրաինայում ազգայնական ուժերը այդքան վստահ չէին լինի, որ հնարաւոր պատերազմում իրենք կարող են Ռուսաստանին յաղթել։

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծուած ռազմաքաղաքական իրավիճակին՝ պատմաբանը նեկայացնում է իրողութիւնը՝ Արցախում պարտուեց նաեւ ռուսական զօրքը, քանի որ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք. պարտուեցինք մենք, պարտուեց նաեւ մեր դաշնակիցը, ով պատերազմին մասնակցում էր միջնորդաւորուած ձեւով։ 

«Վիճակը ծանր է, բայց ոչ անյուսալի։ Հիմա ճիշդ ժամանակն է, որ Ռուսաստանն անի ամէն ինչ Հայաստանի սուբյեկտայնութիւնն ուժեղացնելու իմաստով։ Դրա եզրերն էլ որոշ չափով նկատելի են, յատկապէս, երբ ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկը մեր երկրում յայտարարեց, որ Զանգեզուրեան միջանցք ասուածը 2020 թուականի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ չկայ, ուստի խօսքը վերաբերում է միայն հաղորդակցութեան ճանապարհները ապաշրջափակելուն. տուեալ ճանապարհի նկատմամբ պահպանուելու է տուեալ երկրի սուվերէն իրաւունքը։ Մի բան, որ ադրբեջանցիներն այլ ձեւով էին ներկայացնում՝ նոյն հարթութեան վրայ դնելով Լաչինի միջանցքն ու Զանգեզուրեան միջանցքը»,- յաւելեց Աշոտ Մելքոնեանը։

Վերջինս ծնունդով Ջաւախքից է եւ մշտապէս հետեւում է ջաւախահայութեան մասնակցութեանը Հայաստանում կատարուող իրադարձութիւններին։ Թէեւ ադրբեջանցիների ակտիւ մասնակցութեամբ մշտապէս կեղծ լուրեր են պտտուել, որ Ջաւախքի հայութիւնը անջատողականութիւն է դրսեւորում՝ փորձելով սրել հայ-վրացական յարաբերութիւնները, սակայն նրանք մշտապէս հասկացել են երկու երկրների բարեկամութեան երկուստեք կարեւորութիւնը։

«Ամենավճռական պահին անգամ ջաւախահայութիւնը խորապէս գիտակցել է, որ որեւէ հակավրացական գործողութիւն կարող է բերել երկու երկրների յարաբերութիւնների անդառնալի հետեւանքների։ Նրանք որեւէ քայլ չեն կատարել վրացական պետութեան դէմ՝ մնալով այդ երկրի հաւատարիմ քաղաքացի։ Սա խօսում է այն մասին, որ այդ տարածաշրջանում անջատողականութիւն գոյութիւն չունի»,- նշում է Աշոտ Մելքոնեանն ու ափսոսանքով նկատում, որ ինչպէս Վրաստանից, այնպէս էլ Ջաւախքից արտագաղթը շարունակւում է։

Ջաւախքցիների համար Հայաստանն այսօր էլ իրենց հայրենիքն է։ Նրանք ապրում են երկրի խնդիրներով, մտահոգ են ներկայ իրողութիւններով, որի վառ ապացոյցը Արցախեան երեք պատերազմներում ջաւախահայութեան ունեցած ակտիւ մասնակցութիւնն է։

Հայաստանի ԳԱԱ Պատմութեան Ինստիտուտի տնօրէնը ցաւով է նկատում, որ բոլոր իշխանութիւններն էլ գիտութեան նկատմամբ որոշակի վերապահում են ունեցել՝  մեր գործառոյթը կատարո՞ւմ ենք, թէ՞ ոչ։

«Եթէ իշխանութիւնները խորապէս ընկալէին գիտութեան, յատկապէս՝ հայագիտութեան տեղն ու դերը, մեր վիճակն այսպիսին չէր կարող լինել»,- նշում է Աշոտ Մելքոնեանն ու ցաւով արձանագրում՝ խորհրդային տարիներին Պատմութեան Ինստիտուտն ունէր 150, իսկ հիմա շուրջ 80 աշխատակից։ Լուրջ կորուստ է, երբ երիտասարդն այլեւս չի ուզում զբաղուել գիտութեամբ, յատկապէս, որ հայ պատմաբանները դժուարին պայմաններում եղած պատմագիտական դպրոցները պահպանել եւ նոր ժամանակներում նորովի են ներկայացրել հայոց պատմութիւնը։

Այդ առումով իր ծանրակշիռ տեղն ունի Ինստիտուտի՝ «Հայոց պատմութիւն» ութհատորեակի հրատարակումը, որ ընդգրկում է հնագոյն ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Նրա խօսքով՝ դա 7000-ամեայ հայոց պատմութեան նորովի եւ անաչառ շարադրանքն է՝ առանց կուսակցական մօտեցումների եւ պատեհապաշտութեան։

«Կարեւորագոյն խնդիրն է պատմութեան դասերի իւրացումը։ Ուզենք թէ չուզենք՝ պատմագիտութիւնը քաղաքական գիտութիւն է։ Առաւել եւս մեզ՝ ահռելի մեծ հայրենիք ունեցած, այդ հայրենիքը կորցրած, հայրենազրկուած ժողովրդի համար պատմութեան քաղաքական, տնտեսական, մշակութային արեալը ներկայացնելու գործում պատմաբաններն առաքելութիւն ունեն։ Պէտք է շարունակենք առաջ մղել հայոց պատմութեան հանգուցային խնդիրները, որը  Ադրբեջանի համար դարձել է պետական քաղաքականութիւն»,- նշում է Աշոտ Մելքոնեանն ու վստահեցնում՝ միջազգային պատմագիտական շրջանակներում հայ եւ ադրբեջանցի պատմաբանների դերն ու կշիռը բոլորը շատ լաւ գիտեն։ Նրա կարծիքով՝ արդբեջանցիների՝ կեղծիքով շարադրուած պատմութեանը հաւատում են միայն պատմութիւնից հեռու կանգնածները։ Պատահական չէ, որ իրենց «ես»-ը նրանք փորձեցին հաստատել ոչ թէ գաղափարական պայքարում, այլ զէնքի ուժով՝ հազարումի ուժերի օժանդակութեամբ։

Փրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը նաեւ դասաւանդում է Երեւանի Պետական Համալսարանում եւ Մանկավարժական Համալսարանում։ Ապագայ պատմաբաններին նա սովորեցնում է կարեւորը՝ դասեր քաղել պատմութիւնից, քանի որ պատմութիւնը կրկնուելու յատկութիւն ունի։ Պատմաբանների տարբեր սերունդներ եւս մէկ անգամ համոզուեցին դրանում։ 1920 թուականի Սեպտեմբերի 24-ի հայ-թուրքական եւ 2020 թուականի Սեպտեմբերի 27-ի Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների միջեւ զուգահեռները շատ են, անելիքները՝ նոյնպէս, ուրեմն՝ հետեւութիւններ անելու, դասեր առնելու իսկական ժամանակն է։ 

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին