Դեկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում կատարուեց արցախեան 44–օրեայ պատերազմում նահատակուած եւ մէկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների յուղարկաւորութեան եկեղեցու կարգը:

Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին եւ ներկաներին:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր հաւաքուել ենք Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու խնկաբոյր կամարների ներքոյ` դէպի յաւէրժութիւն ճանապարհելու հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինուորների նուիրական մասունքների առջեւ խոնարհում ենք բերում նրանց լուսաւոր յիշատակին, յիշում նրանց արիութիւնն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերյիշում ենք արցախեան պատերազմի ողբերգական իրադարձութիւնները, մեր ողջ պատմութեան ընթացքում մեզ պատուհասած աղէտներն ու արհաւիրքները, գօտեպնդւում փորձութիւններին դիմակայելու մեր ժողովրդի զաւակների զօրեղ կամքով, աննկուն տոկունութեամբ ու վճռականութեամբ:

Պատերազմից աւելի քան մէկ տարի անց, չսպիացած վէրքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանաւոր որդիներ պարգեւած, սնած ու դաստիարակած ծնողներին: Սուրբ Հոգու մխիթարութիւնն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զաւակ եւ կամ հարազատ կորցրած սգացեալ ընտանիքներին, որոնք անասելի ցաւ կրեցին. ցաւ ու կորուստ, որ ամէնքինս է:
Սիրելիներ, հայրենիքին իր կեանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ յաղթանակող է: Ռազմի դաշտում մեր սիրեցեալ զաւակները ուժ առան, զօրացան Վարդանանց հերոսամարտի` «Մահ ոչ իմացէալ` մահ է, մահ իմացէալ` անմահութիւն» է կարգախօսով: Այդ ոգով ու գիտակցութեամբ նրանք վկայեցին իրենց սերն ու նուիրումը առ հայրենին եւ իրենց հեղած արեամբ նուիրագործեցին որդիական հաւատարմութիւնն ու նախանձախնդրութիւնը հանդէպ հարազատ ժողովուրդն ու արժէքները: Մեր քաջարի զինուորների անօրինակ սխրագործութիւնները արձանագրուած են մեր նորօրեայ պատմութեան էջերում եւ ոգեշնչող պիտի լինեն ապագայ սերունդների համար` ապրելու առ Աստուած, առ ազգն ու հայրենին նոյն սիրով ու նուիրումով:

Մենք ամէնքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդէպ, ովքեր, համաձայն պատմահայր Խորենացու խօսքերի, «մահկանացու ծնուելով անմահ յիշատակ թողեցին»:
Մենք ամէնքս պարտք ունենք նրանց անմահ յիշատակի առջեւ` իրագործելու նրանց երազները, ապահով, շէն ու բարօր դարձնելու Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը, որի պաշտպանութեան համար նրանք իրենց կեանքն ընծայեցին:

Մենք հաւատում ենք, որ մեր սիրելի զաւակները երկնքում պիտի արժանանան Տիրոջ տեսութեանը, երկնային լոյսերի ու փառքի մէջ յաւիտեան ապրելու երանութեանը, եւ նրանց համար պիտի հնչի մեր Փրկչի` Յիսուս Քրիստոսի խօսքը. «եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը» (Մատթ. 25.34):
Աղօթական այս պահին, սիրելիներ, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջը, որ հանգստութիւն ու խաղաղութիւն պարգեւի Իր հաւատարիմ ծառաների հոգիներին եւ մխիթարութիւն ու սփոփանք` նրանց ծնողներին, հարազատներին ու մերձաւորներին: Հայցենք, որ մեր երկրի համար դժուարին այս ժամանակներում զօրացնի մեր ժողովրդին յոյսով, հաւատով ու սիրով` ծանր փորձութեանը համբերութեամբ եւ տոկունութեամբ դիմակայելու, ցաւն ու նեղութիւնները քաջաբար յաղթահարելու եւ ամէն ջանք ներդնելու մեր հայրենիքի պաշտպանութեան եւ զօրացման կենսական առաքելութեան մէջ:
Թող երկնաւոր Տէրը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ ապահով ու անվտանգ պահի Հայոց բանակի քաջազուն զօրականներին եւ հայրենաբնակ ու աշխարհասփիւռ մեր ողջ ժողովրդին:
Հանգչէք խաղաղութեամբ անմահ նահատակներ, մեր ժողովրդի սիրելի զաւակներ:
Խունկ, աղօթք եւ օրհնութիւն անմահացած մեր զինուորների լուսաւոր յիշատակին, այսօր եւ միշտ եւ յաւիտեանս.ամեն»:
