Ակնարկ
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Ուրբաթ երեկոյեան, ԱՄՆ-ի Քոնկրէսի ստորին պալատը հաստատեց երկրի ենթակառոյցները նորոգելու եւ ընդարձակելու վերաբերեալ Պայտընի ներկայացրած 1 թրիլիոն տոլար նախագիծը, որ գործադրելի է 10 տարուայ ընթացքում։ Ծայրայեղական քոնկրէսականների ջանքերը չարդիւնաւորեցին այս նախագծի հաստատելը կապելու «Խելառների» նախագծի հետ, եւ քոնկրէսը 228 թեր ու 206 քուէներով վաւերացրեց այդ պիւտճէն։ Դրանից յետոյ Պայտընը կարճ ելոյթ ունեցաւ ու շնորհաւորեց այդ նախագծի հաստատուելը։
Նանսի Փելոսին շտապեց դա համարել դեմոկրատների յաղթանակը, որով մեծ թուով նոր աշխատատեղեր կը բացուի երկրում։ Հանրապետականների առաջարկած գումարը դրա կրկնապատիկն էր եւ աւելին։ Ամեն դէպքում, այն որ երկու նախագծերը առանձին քննուեցին ու վերջապէս գումար յատկացուեց Միացեալ Նահանգների համար մեծ կարեւորութիւն ունեցող այս ծրագրին, ողջունելի է։
Նախատեսուած է մինչեւ Նոյեմբերի 15-ը համաձայնութիւն գոյացնել դեմոկրատների մօտ՝ այս անգամ «Խելառների» նախագծի հարցով։ Ես չգիտեմ ինչ տեղի կունենայ մինչեւ այդ օրը։ Բայց յատկանշական է Նանսի Փելոսիի երկու արտայայտութիւն, որոնք պարզում են Քոնկրէսի ստորին պալատի կողմից երկրի ենթակառոյցները նորոգելու նախագծի ժամ առաջ հաստատելը։
ա- Վըրճինիայի եւ Նիւ Ճըրզիի դեմոկրատ նահանգներում դեմոկրատների պարտութիւնից յետոյ, Ստորին պալատի խօսնակ Փելոսին ասաց, որ եթէ երկրի ենթակառոյցների նորոգման համար պիւտճէն Քոնկրէսը վաւերացնէր առանձին եւ նախքան նահանգային ընտրութիւնները, ապա այդ երկու դեմոկրատ նահանգներում ընտրութիւնների պատկերը այլ կը լինէր․․․ Ես համաձայն չեմ այս պատճառաբանութեան հետ․ պարտութեան պատճառները աւելին են ու խորը, որոնցից մէկն էր գործազուրկների մեծ թիւը ԱՄՆ-ում։ Չմոռանանք ապահովական հարցերը։
բ- Փելոսին ասաց, որ դեմոկրատների համար կարեւոր է աշխատեղեր բացելը, եւ այս նախագծի հաստատուելը Ստորին պալատի կողմից վկայում է, որ դեմոկրատները յանձնառու են երկրում աշխատատեղեր բացելու հարցում։
(Մի հարցնող լինի,- Ապա ինչո՞ւ այսքան ուշացումով հաստատեցին այդ նախագիծը, եւ որի շուրջ «համախոհութիւնը» գոյացաւ դեմոկրատ նահանգներում դեմոկրատների պարտութիւնից ճիշտ յետոյ․․․)։
Ամեն ինչ ասուած է։ Սպասենք Նոյեմբերի 15-ին, տեսնենք որտեղից պիտի գոյանայ «Խելառների» նախագծի գումարը, կամ՝ գուցէ նիւթական աղբիւրներ չգտնելով՝ ստիպուած նոր կրճատումներ անեն այդ նախագծում։