Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանին` ուղեկցութեամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի:

Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց նախարարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին իր մասնակցութիւնը բերելու համար, որով հնարաւորութիւն է ընձեռնւում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջեւ ծառացած ներկայիս մարտահրաւէրները եւ հիմնախնդիրները: Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ այս շրջանում Քոյր Եկեղեցիների ներկայացուցիչները եւս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատեաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգութիւններն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ:
Հանդիպմանը Նորին Սրբութիւնը նշեց նաեւ, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխաւոր քարտուղարին եւ Եւրոպական եկեղեցիների համաժողովի նախագահին տեղեկացուել է Մայր Աթոռի կողմից Արցախի հոգեւոր-մշակութային արժէքների պահպանման գործում իրականացուող աշխատանքների մասին:
Նախարար պարոն Դաւիթ Բաբայեանն իր խօսքում ընդգծեց, որ Արցախը մշտապէս զգացել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցութիւնը եւ մեծապէս կարեւորել ու գնահատել այն: Վերջինս նաեւ ընդգծեց նման համաժողովների կազմակերպման կարեւորութիւնը, որոնց միջոցով հնարաւոր է Արցախն առաւել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում: