Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Իմաստալից Առակներ․․․ «Առակափունջ»

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Միջնադարեան հայ «աշխարհիկ» արձակում իր ուրոյն ու կարեւոր տեղն ունի առակագրութիւնը։ 13-րդ դարի հայ քահանայ, առակագիր Վարդան Այգեկցին համարւում է առակախառն քարոզի նոր տեսակի ստեղծողը՝ հիմք դնելով առակների լայն օգտագործմանը՝ բարոյախօսական նպատակով։

Վարդան Այգեկցին իր առակախառն քարոզները ժողովրդի լայն խաւերին մատչելի դարձնելու համար, օգտուել է ժամանակի ժողովրդական խօսքից ու բանահիւսութիւնից։ Նրա լեզուն սահուն է ու պարզ հայերէն։

Հայ դպրութեան մէջ հին է թէ՛ առակը, թէ՛ բարոյախօսութիւնը։ Վկայութիւններ կան պատմիչներից, որ Վարդան Այգեկցուց դարեր առաջ, դպրոցներում դասաւանդում էին առասպելներ ու առակներ։ Եղել են եկեղեցական քարոզիչներ, որոնք խօսել ու գրել են «օրինակով»։ Այս իմաստով, Վարդան Այգեկցուն չի կարելի համարել առաջին հայ առակագիրը։ Դրանով հանդերձ, չի նսեմանում Այգեկցու նշանակութիւնը, ու նրա այլաբանութիւնները կարող ենք համարուել հայոց գրական այդ սեռի լաւագոյն օրինակները։

Ուրիշ առիթով կը ներկայացնեմ Այգեկցու առակներից մի ծաղկափունջ՝ «առակափունջ»։ Այսօր ներկայացնում եմ առաջինը՝ «Այծեր ու գայլեր» վերնագրով։ Կը նկատէք, որ Այգեկցու խօսքը ինչքա՜ն այժմէական է՝ նրա ապրած դարից 8 դար յետոյ էլ։ Եւ գուցէ պատահական չէ, որ Հայաստանի «նոր» իշխանութիւնները դպրոցական դասագրքերից հանել են Այգեկցու նման մեծերի ստեղծագործութիւնները։ Կարդացէ՛ք հենց այս մէկը, ու․․․ կը համոզուէք։

Վարդան Այգեկցու առակների հաւաքածոյի անունը «Աղուէսագիրք» է։ Ձեռք բերէք դա։ Ու կը նկատէք, որ հայ միտքը գաղափարական ինչ գագաթներ է նուաճել շատ դարեր առաջ, հազարամեակներ առաջ։

Այգեկցու մասին բերուած այդ համառօտ տեղեկութիւնը գրի եմ առել՝ հիմք ընդունելով Ակսել Բակունցի մի վերլուծութիւնը Վարդան Այգեկցու մասին։

Ահա՛ առաջին առակը։

Վարդան Այգեկցի

(13-րդ դարի առակագիր, քահանայ)

                                    Այծեր Եւ Գայլեր
     Հաւաքուեցին այծերը միասին եւ պատգամ ուղարկեցին գայլերի ազգին, թէ ինչու մեր մէջ լինի անհաշտ խռովութիւն, այլ ոչ թէ խաղաղութիւն։ Եւ հաւաքուեցին գայլերը եւ ուրախացան մեծ ուրախութեամբ, եւ նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաեւ անթիւ ընծաներ։ Եւ գրեցին այծերին․ «Լսեցինք ձեր բարի խորհուրդը եւ գոհանամք Աստծուց, որովհետեւ մեզ համար մեծ խնդութիւն է եւ խաղաղութիւն․ նաեւ իմացնում ենք ձերդ իմաստութեան, որ հովիւն ու շներն են պատճառ եւ սկիզբ մեր խռովութեան եւ կռուի․ եւ եթէ նրանց վերացնենք մէջտեղից, շուտով լինի խաղաղութիւն»։ Եւ այս լսեցին այծերը, հաստատեցին եւ ասացին․ «Իրաւացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետեւ շները եւ հովիւը նրանց հալածում են մեզնից»։ Եւ այծերը վտարեցին շներին եւ հովիւին եւ երդուեցին, որ հարիւր տարի մնան անխախտելի սիրով։ Եւ այծերը ցրուեցին լեռները եւ դաշտերը եւ սկսեցին ուրախ լինել եւ ցնծալ եւ խաղալ, որովհետեւ արածում էին լաւ արօտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, եւ խնդում էին եւ վազվզում էին, փառք տալով, որ հասան բարի ժամանակի։
            Եւ գայլերը համբերեցին հարիւր օր, ապա հաւաքուեցին դաս-դաս ընկան այծերի վրայ եւ կերան։
spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին