Յունուարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրուայ կապակցութեամբ` յաւարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարուեց Հանրապետական մաղթանք։
Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսէս վարդապետ Սարգսեանը:

Սրբազան արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, ռազմական ուսանողներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդութեան գնդերէցներ:
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրուայ խորհրդին, ի մասնաւորի նշեց. «Մարդկութեան հանդէպ Աստծոյ սէրն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերութեամբ: Նոյն զոհաբերուող սէրն առկայ է հայրենիքի պաշտպանի առաքելութեան մէջ։ …Յիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինուորական երդմանը հաւատարիմ, պատերազմների, մարտական գործողութիւնների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջութիւն ու անձնազոհութիւն՝ իրենց նահատակութեամբ փրկելով կեանքեր՝ համաձայն Տիրոջ խօսքի, թէ «Ոչ ոք աւելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կեանքն է տալիս իր բարեկամների համար» (Յովհ. 15:13)։
Հայրենիքի անվտանգութիւնն ու ամբողջականութիւնն ապահովելու փրկարար առաքելութիւնն իրականացնելու համար իւրքանչիւր հայորդու ուժ է տալիս հաւատն առ Աստուած, որ փոխանցւում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնեայ զինուորի համար հայրենասիրութիւնն Աստծոյ և մերձաւորի հանդէպ սիրոյ պատուիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։
Վերջում ամէնքին շնորհաւորելով բանակի օրուայ առիթով՝ Մովսէս վարդապետը Տիրոջ զօրակցութիւնը մաղթեց Հայոց բանակի իւրաքանչիւր զինծառայողի՝ յանուն վաղուայ յաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Սուրբ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողութեանը ներկայ ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Բարձրեալն Աստուած՝ հայցելով, որ Տէրը խաղաղ ու անվտանգ ծառայութիւն շնորհի մեր զինուորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետութեան սահմանները և իր խնամքի ներքոյ պահպանի համայն մեր ժողովրդին։