Հինգշաբթի, 09. 05. 2024

spot_img

Պիտի Ստեղծագործես, որ Փրկուես. «Վահան Թէքէեան» 29-րդ Մրցանակաբաշխութիւնն Ամփոփեց Արդիւնքները

ՆԱԻՐ ՅԱՆ

Այս անգամ ոչ ճազ-նուագախումբ, ոչ պայծառ լոյսեր, շէնշող կանայք, օծանելիքի բոյրեր, մոտայիկ հագնուած տղամարդիկ, տօնական մթնոլորտ. այս անգամ Կոմիտասի անուան լարային քառեակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադեւոսեանի ղեկավարութեամբ, որ Կոմիտասով փորձում էր մրցանակակիրների ու հանդիսատեսի տագնապները ցրել ու փոքր-ինչ կտրել դաժան իրականութիւնից:
Թէքէեան մշակութային միութիւնում աւանդաբար անց կացուեց «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնը՝ արդեն 29-րդը:

Թէեւ դժուար է Հայաստանի համար ծանրագոյն այս օրերին աւանդոյթները պահպանել, մշակութային փառատօն ու մրցոյթ անցկացնել, բայց Հայաստանի եւ Սփիւռքի թէքէեանականներն այս տարի էլ նախաձեռնեցին միջազգային այս մրցանակաբաշխութիւնը՝ նախ աւանդոյթը չխախտելու, եւ յետոյ՝ մեր արուեստագէտներին ու մտաւորականներին գնահատելու, խրախուսելու համար:

Այս տարի «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնն ունէր 4 անուանակարգ՝ Գրականութիւն, Հայագիտութիւն, Կերպարուեստ եւ Դեկորատիվ-կիրառական արուեստ:

«Գրականութիւն» անուանակարգը կրում է սփիւռքահայ անուանի մտաւորական, գրող, հրապարակախօս Երուանդ Ազատեանի անունը:

Արձակագիր Նորայր Ադալեանն իր «Էմբրիոն» վիպակների ժողովածուով եւ բանաստեղծ Հուսիկ Արան իր «Կորած սերունդ» բանաստեղծութիւնների ժողովածուով Երուանդ Ազատեանի անուան «Գրականութիւն»  անուանակարգում «Վահան Թէքէեան» մրցանակը կիսեցին:

Հուսիկ Արա.- Այս օրերին միակ փրկութիւնն ինձ համար գրելն է:Անգամ էթնիկ զտման, ցեղասպանութեան օրերին գրել եմ: Շատերն այս իրավիճակն աւելի ծանր են տանում ու չեն կարողանում ոչինչ անել, իսկ ես գրում եմ, որ փրկուեմ: «Կորած սերունդ» ժողովածուն, որ արժանացել է «Վահան Թէքէեան» մրցանակի, ամփոփում է արցախեան առաջին պատերազմի, ապրիլեան քառօրեայի, նաեւ 44-օրեայ պատերազմի թեմաները: Այդպիսին է ստեղծագործողը, կարող է ամենադժուարին ժամանակներում ամենաանհաւանական բանն անել: Օրինակ՝ Մարտիրոս Սարեանը Հայոց ցեղասպանութեան օրերին քրիզանթեմներ էր նկարում: Ստեղծագործելն ինքնափրկութեան միջոց է, այլապէս կմեռնես:

Թէքէեան մշակութային միութիւնը տասնամեակներ շարունակ  իսկապես մեծ գործունութիւն է  ծաւալում, որն ինձ հիացնում է: Բացի այդ, շատ պատուաւոր մրցանակ է եւ կրում է իմ սիրելի բանաստեղծ Վահան Թէքէեանի անունը: Պարտաւորեցնող է, անշուշտ:

Նորայր Ադալեան.-Վահան Թէքէեանը մեր մեծագոյն դասականներից է: Նրա գործը, անունը ապրելու են միշտ: Նրա անվան մրցանակ ստանալն ինձ համար պատիւ է: Նա ուսուցիչ էր, մեր գրական երազանքների իրականացնողը: Ցեղասպանութիւն, արտագաղթ, երկու դարերի խաչմերուկ. Վահան Թէքէեանն իր գրական-հասարակական գործունէութեամբ յոյս ներշնչեց հայ ժողովրդին:

Այսօրուայ այս մրցանակաբաշխութիւնը,  մտաւորականների, արուեստագէտների այս հաւաքն էլ մեր ծանր օրերի մէջ է յոյս ներշնչում: Մեր կեանքը փոխուել է, շատ է փոխուել: Վերջերս Ադալեան ընտանիքի հետ մեր տանը զրուցելու եւ հաղորդում պատրաստելու առաջարկ ստացանք, բայց մերժեցինք: Հայ ժողովրդի, Հայաստանի այսօրուայ վիճակը թոյլ չի տալիս խօսել մեր ընտանիքի, թէկուզեւ արուեստի մասին:
Գրողները տառապում են, նրանք այդ տառապանքն արտայայտում են իրենց ստեղծագործութիւններում: Գրողը, ստեղծագործողը, արուեստագէտն իր ասպարէզն ունի, նա քաղաքական մեկնաբան կամ քաղաքական գործիչ չի, որ պատասխանի Պետրոս Ղազարեանի կամ մէկ ուրիշի հարցերին: Այնպես որ, եթէ մտաւորականութեան ձայնը չի լսւում, նշանակում է՝ ուրիշների ձայնն աւելի բարձր է:
«Հայագիտութիւն» անուանակարգում «Վահան Թէքէեան» մրցանակը բաժանուեց 3 հեղինակների՝ պատմաբաններ Ամատունի Վիրաբեանի, Սոնիա Միրզոյեանի եւ Արամ Յովհաննիսեանի միջեւ:

Ամատունի Վիրաբեան.- Որպէս 21-րդ դարի պատմաբան՝ չեմ կարող ինձ ներել, որ 100 տարի առաջ կորցրինք Կարսը, Սուրմալուն, հիմա էլ կորցրինք Արցախը:
«Հայ սպաները Առաջին աշխարհամարտում եւ Առաջին Հանրապետութեան բանակի սպաները» պատմակենսագրական բառարանը հենց նուիրուած է 100 տարի առաջ եղած պատմութեանը: Հայաստանի ազգային արխիւում աշխատելու տարիներին ենք  հանրագիտարան ստեղծել, եւ այն  տեւել է մօտ 20 տարի: Հիմնական աշխատանքը կատարել եմ ես եւ պատմական գիտութիւնների թեկնածու Սոնիա Միրզոյեանը: Պատմական գրականութեան մէջ Համաշխարհային առաջին պատերազմին մասնակցած,  ՀՀ բանակում ծառայած ընդամէնը 50 սպայի մասին է տեղեկութիւն եղել, բայց մենք յայտնաբերեցինք մօտ 7000 սպայի, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում կովկասեան ռազմաճակատում կռուել են թուրքերի, արեւմտեան ռազմաճակատում՝ գերմանացիների եւ աւստրոհունգարացիների դէմ: Յայտնաբերել եւ հանրագիտարանի առաջին հրատարակութեան մէջ  տպագրել ենք  սպաների 700 լուսանկար, բայց այս մէկ տարուայ ընթացքում ռուսական արխիւներում, տարբեր համալսարանների արխիւներում յայտնաբերեցինք եւս աւելի քան 300 լուսանկար: Գիրքը հրատարակել ենք ռուսերէն, որպէսզի լայն տարածում ունենայ:

Արամ Յովհաննիսեան.- «Մլեհ Ռուբինեան. իշխանապետ Կիլիկիոյ հայոց» աշխատութիւնս  նուիրուած է Կիլիկեան Հայաստանի ամենանշանաւոր դէմքերից մէկի՝ Մլեհ Ռուբինեանի կեանքին եւ գործունէութեանը: Մլեհն, ի տարբերութիւն Կիլիկեան Հայաստանի միւս իշխանների, ամբողջովին փոխեց երկրի արտաքին քաղաքականութեան գիծը, որի արդիւնքում իշխանապետութիւնը բաւականին հզօրացաւ, դուրս եկաւ Միջերկրական ծովի ափ եւ դարձաւ տարածաշրջանի գլխաւոր խաղացողներից մէկը: Նա ամուր հիմքեր դրեց, եւ շատ կարճ ժամանակ անց Կիլիկիան վերածուեց թագաւորութեան:

Գրքի պատրաստման համար արխիւային նիւթերը վերցրել եմ մեր պատմիչներից, օտարալեզու աղբիւրներից՝ արեւելեան եւ եւրոպական:

Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանն իր խօսքում նշեց, որ յատկապէս այս օրերին պէտք է մշակոյթն արժեւորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթութիւնն ու դպրոցը: Հենց այդ ձգտումներին է միտուած «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնը:

«Առաջին անգամ «Գրականութիւն» անուանակարգը կոչուեց անուանի գրականագէտ, ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ Երուանդ Ազատեանի անունով: Խորհրդանշական է. Երուանդ Ազատեանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութիւնը եւ դարձել ամենամեայ: Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ ԱՄՆ-ի եւ Գանատայի Թէքէեան միութեանը. համաձայն «Շաքէ Ղազարեան-Թէքէեան» հիմնադրամի՝ ապահովւում է այս մրցանակաբաշխութեան նաեւ նիւթական կողմը: Յիշեցնենք, որ իւրաքանչիւր անուանակարգում յաղթողն ստանում է 1500 տոլարին համարժէք դրամ»,- իր ելոյթում ասաց Թէքէեան մշակութային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանը:

«Կերպարուեստ» անուանակարգում եւս մրցանակը կիսուեց. «Վահան Թէքէեանի» արժանացան գեղանկարիչ Մելքոն Յովհաննիսեանը եւ քանդակագործ Աշոտ Գէորգեանը:

Գեղանկարիչ Մելքոն Յովհաննիսեանը պատմեց, որ քովիտի ժամանակ շատ արուեստագէտների նման ինքն էլ չէր մօտենում նկարակալին, պատերազմի ժամանակ՝ առաւել եւս: Տագնապած, անորոշ հոգեվիճակում արուեստի մասին մտածել չէր կարող, բայց անցեալ տարուանից գտել է առօրեայից կտրուելու ելքը: Առանց այն էլ բնութիւն շատ էր սիրում, հիմա աւելի յաճախ է լինում բնութեան գրկում՝ նկարակալով, երանգապնակով: «Մոռացուած մեղեդի» շարքը հենց այդպէս էլ ստեղծուել է: Շորժայում՝ նկարիչների պանսիոնատում, որսացել է մեր դառն իրականութիւնը չյիշեցնող մի ուրիշ՝ թռչունների երգով, ջրերի քչքչոցով լի այլ իրականութիւն, ու  մի քանի օրում, իրար հետեւից  ստեղծվել են բազմաթիւ նոր կտաւներ:

Աշոտ Գէորգեանի «Ջրի յիշողութիւն» շարքն արտասովոր ստեղծագործութիւն է: Երիտասարդ քանդակագործը դժուարանում է ասել, թէ ինչպէս է յղացել ջուրը քանդակներում օգտագործելու եւ մտացածին կերպարներ ստեղծելու գաղափարը: Արուեստը հենց դրանով է առեղծուածային՝ միտքը գալիս է յանկարծակի, ներշնչում արուեստագէտին, ու ստեղծւում են նոր, մինչ այդ անյայտ, բայց ինչ-որ պահից բացայայտուած ու հեղինակային դրոշմ կրող արուեստի գործեր:
«Վահան Թէքէեան» մրցանակաբաշխութեան նոր՝ «Դեկորատիվ-կիրառական արուեստ» անուանակարգում մրցանակ ստացաւ երիտասարդ արուեստագէտ Էլմիրա Չոփիկեանը, որի կերամիկական գործերում կայ մանրանկարչութիւն, հայոց այբուբեն, կան վառ գոյներ ու բազում նուրբ զարդանախշեր:

«Ազգ»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին