Հինգշաբթի, 02. 05. 2024

spot_img

Ցաւ Է, Որ ԿորցրինքՄիՀզօր  ու ՏաղանդաւորՄտաւորականի եւ Ազնիւ Հայորդու

Հայկական Սփիւռքին,  ՌԱԿ-ի անդամներին,

Թէքէեան  Մշակութային  Միութեան անդամներին, Տիթրոյթի հայ համայնքին,

Երուանդ Ազատեանի հարազատներին, մտերիմներին

յայտնում եմ իմ ցաւակցութիւնները եւ կիսում ձեր վիշտը:

Խոր ցաւով  տեղեկացայ, որ աւարտուել է խոշոր մտաւորական,  յայտնի լրագրող,  թարգմանիչ,  լայն մտահորիզոնով եւ բարձր արժեհամակարգով ազգային մեծ գործիչ, Հայրենիքի նուիրեալ, Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ  Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ,  ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի արտասահմանեան բաժանմունքի անդամ, Երեւանի պետական համալսարանի պատուաւոր դոկտոր Երուանդ Ազատեանի երկրային կեանքը:

Ի Տէր ննջեց մի Մարդ, որն աւելի քան եօթանասուն տարի  իր անձեռակերտ յուշարձաններն է ստեղծել Պէյրութում, Գահիրէում, Պոստոնում, Մոնրէալում, Նիւ Եորքում:  

Նա 1959-1967 թուականներին Գահիրէի «Արեւ» օրաթերթի խմբագրապետն էր, հիմնադրել եւ խմբագրել է «Զարթօնք-սփորթ» շաբաթաթերթը, բազում ազգանպաստ թերթեր ու հանդէսներ:

 Պէյրութի Ամերիկեան համալսարանն աւարտելուց յետոյ ուսումնատենչ երիտասարդը ձգտում է բացայայտել աշխարհը, նոր  գիտելիքներ ձեռք բերել: Տեղափոխուելով ԱՄՆ՝  1973 թուականին յաջողութեամբ աւարտում է  Պոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը, ապա  Տիթրոյթի «Ուեյն» նահանգային համալսարանը։

Պարոն Ազատեանն ունէր հանրագիտարանային գիտելիքներ, մեծ իմաստութիւն եւ խոր կենսափիլիսոփայութիւն։

Նա համոզուած էր, որ լրատուական միջոցներով կարելի է համայնքային կեանքն աշխուժացնել,  անհրաժեշտ տեղեկատուութիւն փոխանցել համայնքի անդամներին, համախմբել նրանց եւ թերթի միջոցով մայրենի լեզուն վառ պահել նրանց մէջ: Այդ էր պատճառը, որ իր բովանդակ կեանքի ընթացքում հիմնադրել եւ խմբագրել է տասնեակ  օրաթերթեր,  շաբաթաթերթեր, Գանատայի «Ապագայ», Պէյրութի «Կամար» հանդէսները:  Երուանդ Ազատեանը՝  որպէս  վարիչ-տնօրէն ղեկավարել է  Պոստոնի «Պայքար» հաստատութիւնը, եղել  այդ գրական հանդէսի եւ «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ: Հզօր անհատականութիւնը թերթերի միջոցով տարածել է իր ներաշխարհին բնորոշ բարձր  եւ լուսաւոր արժէքներ,  ներկայացրել է հայի մասին նուիրական պատումներ, ուրոյն մտածումներ ու առաջարկներ: Պարբերականների էջերը նուիրել է հայ մշակոյթին եւ հայ գրականութեանը, հայ ազգային ինքնութեան պահպանմանը:                    

     Որպէս գրող՝ նա գրական ասպարէզ է  իջել եւ ճանաչուել իր  ուղեգրութիւններով՝  «Կեանք ու երազ Հայաստան» (1964թ․), ապա նրա բեղուն գրչի ուշագրաւ արգասիքն են դարձել «Գրական-գեղարուեստական սեւեռումներ», «Դիմանկարներ եւ դիմաստուերներ», «Պատմութիւնը ընթացքի մէջ» գործերը:

Երուանդ Ազատեանը 2006թ․-ին հրատարակել է «Դիտումներ եւ դատումներ» անչափ կարեւոր աշխատութիւնը: Այդ գործերը հնարաւորութիւն են  ընձեռում իւրաքանչիւր հայի` ներթափանցելու բացառիկ հայեցի լեզուամտածողութեամբ օժտուած անձնաւորութեան ներաշխարհը, նրա բազմակողմանի մեկնաբանութեամբ նորովի ծանօթանալու հայոց հոգեւոր եւ մշակութային արժէքներին, բացայայտելու հայի որակները:

        Նրա խօսքերը հայրենասիրութեան եւ Հայրենիքի նկատմամբ անասելի սիրոյ բիւրեղացած դրսեւորումներ են: Ազատեանը  դարձել էր  ամրակուռ ու հաստատուն մի կամուրջ Հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ: Նրա հիմնած լրատուամիջոցների  շնորհիւ է նաեւ, որ մեր համայնքներում պահպանւում են ազգային ոգին ու արժէքները, ստեղծւում է գրական ժառանգութիւն եւ փոխանցւում սերունդներին, ամրապնդւում են հայեցի ապրելու եւ յաղթելու կենսուժը, մաքառման կամքը, հաւաքական անկոտրում ոգին:

          Երուանդ Ազատեանը ԱՄՆ-ի համայնքի կարկառուն ներկայացուցիչներից էր, հայ արդի իրականութեան երդուեալ ու տաղանդաշատ մտաւորական: Նրա  կարողութիւնները եւ աշխատասիրութիւնը հաշուի առնելով էր, որ Մեծանուն Հայ, Հայաստանի Ազգային Հերոս Ալեք Մանուկեանը Ազատեանին էր ընտրել իրեն անձնական քարտուղար:

 Ես տարբեր առիթների բերումով յաճախ եմ  լսել  Երուանդ Ազատեանի հիացական խօսքերն այդ բացառիկ Հայի մասին եւ խոստովանութիւնը, թէ որքան բան է սովորել նրանից:  Ալեք Մանուկեանի հետ մտերմութիւնն ու բարեկամութիւնն էր պատճառը, որ նա  1972-1997թթ.-ին՝ երկար ու ձիգ տարիներ եղել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  Ալեք Մանուկեան Մշակութային Հիմնադրամի ատենապետը, 1973 թուականից՝ Տիթրոյթի «Հայ մշակոյթի ժառանգութիւն»՝ անգլերէն  ռատիոծրագրի տնօրէն:

            Անհանգիստ, պրպտող Ազատեանական ոգին  մեծ ոգեւորութիւն ապրեց,  երբ Հայրենիքը հռչակուեց ազատ ու անկախ: Նա իսկոյն իր ընկերների հետ ձեռնամուխ եղաւ Հայաստանում օգտակար գործ կատարելու: Իր բարեկամ Յակոբ Աւետիքեանի  հետ 1991թ.-ին հիմնադրեցին «Ազգ» օրաթերթը, որը դարձաւ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում լոյս տեսնող առաջին անկախ թերթը:  Թերթ, որն աւելի քան երեսուն տարի հրատարակւում է՝ իր ուրոյն ձեռագրով ու ասելիքով, եւ երբեք չի կորցնում իր դէմքը՝ անկախ հասարակական-քաղաքական ալեբախումներից: «Ազգ»-ը համարելով իր զաւակը՝ պարոն Ազատեանը մշտապէս թղթակցում էր  նրան եւ հիացնում ընթերցողին իր հզօր ու ճկուն գրչով, ասելիքի թարմութեամբ ու խորութեամբ։ Նա իր գիտական, գեղարուեստական, հասարակական-քաղաքական, հրապարակախօսական, Հայրենիք-Սփիւռք գործակցութեան մասին հրապարակումներով զգաստացնում  էր պաշտօնեաներին, մտածելու տեղիք տալիս մարդկանց: Յօդուածներում արտայայտուած նրա խոհերն ու մտորումները յաճախ էին բովանդակում սուր եւ կառուցողական քննադատութիւն։ Որպէս հայրենասէր ու անաչառ մտաւորական՝ նա փորձում էր  մատնացոյց անել հասարակութեան մէջ եղած ախտերը եւ  յաճախ տալիս էր  թերութիւնների շտկման բանալիներ:

Որպէս հաւատարիմ թէքէենական՝ միշտ կանգնած էր Երեւանում ստեղծուած Թէքէեան Մշակութային Միութեան կողքին եւ իր հովանաւորութեամբ Թէքէեան կենտրոնում, Ռուբէն Միրզախանեանի անխոնջ ղեկավարութեամբ կեանքի կոչուեցին բազում ձեռնարկներ, նախաձեռնութիւններ, մրցանակաբաշխութիւններ, ծրագրեր:

        Երուանդ Ազատեանը միշտ եղաւ իր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի կողքին։  Յատկապէս վերջին երեսուն տարիների նրա հիմնական գործունութիւնը նուիրուած էր Մայր Հայրենիքին: Եւ պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրով Երուանդ Ազատեանը 2009թ.-ին պարգեւատրուեց «Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 2-րդ աստիճանի մեդալով։ Նա նաեւ իսկական հայ քրիստոնեայ էր, եւ  բարձր է գնահատուել նրա նուիրումը Հայ եկեղեցուն․  Մայր Աթոռը նրան պարգեւատրել է  Հայ եկեղեցու Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշանով:

 Երուանդ Ազատեանը ծառայեց  Մայր Հայրենիքին ու ժողովրդին՝ իր կարողութիւններով, ողջ հզօր մտաւոր ներուժով։ Նա երբեք անհաղորդ չմնաց Արցախի դժուարութիւններին ու փորձութիւններին։ Հայաստանին պատած ողբերգութիւնն իրենը համարեց  եւ հեռացաւ ցաւն ու տառապանքը հոգում:

 Համոզուած եմ, որ Ազատեանը ոչ միայն համայնքային իր մնայուն գործունէութեամբ, այլեւ  լայնախոհութեամբ, բառ ու բանի ճոխութեամբ բնութագրուող ստեղծագործութիւններով, թողած մտաւոր ժառագութեամբ կ՛ունենայ հաստատուն տեղ հայ գրականութեան անդաստանում:

  Ցաւ է, որ կորցրինք մի հզօր  ու տաղանդաւոր մտաւորականի, ազնիւ հայորդու, ով Հայկական Սփիւռքի երեւելի եւ մնայուն դէմքերից էր, ՌԱԿի շարժիչ ուժը եւ Թէքէեան Մշակութային Միութեան  յենասիւնը։

Թող լոյսերի մէջ մնայ Երուանդ Ազատեանի շիրիմը, եւ հոգուն խաղաղութիւն իջնի։

   Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

      Խոր վշտակցութեամբ՝

ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար,

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան,

իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսոր

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին