Կիրակի, 26. 05. 2024

spot_img

Հայաստանում Էլիթա (Վերնախաւ) Չի Ձեւաւորուելու

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    Պատճառներ շատ կան կարծելու, որ ներկայ պայմաններում անհնար է, որ Հայաստանում էլիթա ձեւաւորուի․ նկատի ունեմ ազգային շահերը գնահատող եւ պաշտպանող էլիթա։ Պատճառներից նշում եմ երկուսը, որ իմ կարծիքով կարեւորներն են։

ա- Հայ ժողովրդի միջին իմացութեան մակարդակը անկում է ունեցել։

    Նպատակ չունեմ մանրամասն քննարկել հայութեան միջին իմացութեան մակարդակը՝ նախկինում եւ այսօր։ Բայց, որպէս առաջին ու վերջին եզրակացութիւն՝ չենք կարող չհամաձայնուել, որ մեր ժամանակներում հայութեան միջին իմացութիւնն ու տեղեկութիւնների մակարդակը մեծ անկում է ապրել։

    Նկատի ունենաք հէնց միայն գրքերի տպաքանակը՝ նախկինում եւ հիմա։ Նկատի ունենանք այն բծախնդրութիւնը, որ կար նախկինում, ասենք՝ գեղարուեստական գրականութիւնը մատուցելու առումով, կամ գիտութիւնն ու մշակոյթը պետական հովանաւորութեան տակ առնելը։

    Հիմա նկատի ունենաք այսօրերին ընթերցողներին մատուցուող գրքերի բովանդակութիւնն ու այդ գրականութեան նպատակը։ Այս նիւթը առանձին քննարկման առարկայ է, բայց այն փաստը, որ «Գարուն» գրական հանդէսը անկրկնելի երեւոյթ եղաւ Հայաստանում՝ գրական նոր ոճ, ասելիք ու մակարդակ ստեղծելու առումով, անվիճելի է։ (Չեմ խօսում գաղափարական թեքումների վերաբերեալ սա առանձին նիւթ է)։

    Հայաստանում հեռուստատեսութեան եւ հանրային հաղորդակցական ուրիշ միջոցներով մատուցածը յանգեցրեց հայութեան իմացութեան միջին մակարդակի անկման, միաժամանակ, սերմանելով ապազգայինն ու օտարամուտ խորթ գաղափարներ։ Ուղեղների լուացման հետեւանքը հիմա է ի յայտ գալիս, երբ ազգային մեծ կորստեան ու մօտալուտ ողբերգութեան պայմաններում, մարդիկ անտարբեր են։

    Այստեղ, կրկնութեան գնով պիտի շեշտել հայութիւնը որպէս հաւաքականութիւն եւ ազգ հիւանդ լինելը։ Եւ այս ամենի հետեւանքով ստեղծուել է այն հասարակութիւնը, որ հիմա կայ Հայաստանում։

բ- Գիտական մտքի, կապիտալի եւ աշխատուժի աննախադէպ արտագաղթը Հայաստանից։

    Շատ խօսուեց այն մասին, որ 2018 թուականի իշխանափոխութիւնից յետոյ, ոգեւորութիւնը մեծացել է յատկապէս երիտասարդների մօտ, եւ հոգե-մտաւոր նպաստաւոր պայմաններ են ստեղծուել նոյնիսկ մեծ հայրենադարձութեան համար․․․ Անցնող 4 տարին հակառակը փաստեց։ Ոչ միայն ներգաղթ տեղի չունեցաւ, այլ աննախադէպ մեծացաւ արտագաղթը Հայաստանից։ Եւ գաղթում են հիմնականում երիտասարդները, ովքեր իրենց համար ապագայ չեն տեսնում Հայաստանում։

    Այստեղ չքննենք նաեւ արտագաղթ երեւոյթը։ Դա շատ ծաւալուն է, եւ արմատներն ու պատճառները պիտի գտնել հէնց հայութեան՝ որպէս հաւաքականութիւն եւ ազգ հիւանդ լինելու մէջ։

    Ու մինչեւ այն ժամանակ, երբ ազգային հաւաքական ձգտումների բանաձեւն ու ծրագիր/ plan-ը չի մշակել հայութիւնը, չենք կարող սպասել, որ Հայաստանում ազգային իմաստով, եւ հաւաքական շահերի պաշտպանութեան իմաստով դրական տեղաշարժ կարող է պատահել երբեւէ։

    Ու հարց է,- Ո՞վ պիտի մշակի ազգային այդ ծրագրին ու ռազմավարութիւնը, բացի գիտական միտքն ու մտաւորականութիւնը։

    Վերում նշած երկու պատճառները հիմնական գործօններ են, որոնց հիման վրայ՝ ես եզրակացնում եմ, որ հայութիւնը ազգային վերնախաւ/ էլիթա ձեւաւորելու հնարաւորութիւնը չունի, ու հաւանաբար երկար ժամանակ այդ հնարաւորութիւնը չի ունենալու։ Իրատես լինենք։

    Թէ ինչքանով հնարաւոր է այդ էլիթան ձեւաւորել Սփիւռքում, շատ հարցական է։

    Այո, Հայաստանում կան անհատ մտաւորականներ ու քաղաքական լաւ գործիչներ, բայց իմ տպաւորութիւնն այն է, որ նրանք համախմբուած չեն աշխատում։ Չեմ պնդում, որ ամեն ինչ ճիշտ են նկատում։

    Ոմանք իրենց դատումների համար հիմք են ընդունում գրքային առաջադէմ կամ «առաջադէմ» սկզբունքները, որ գուցէ հայ հասարակութեան համար չեն։ Ուրիշներ մնում են թերիները տեսնելու եւ ընդհանուր քննադատութեան սահմաններում՝ առանց ՈՐՈՇԱԿԻ, ՅՍՏԱԿ եւ ԳՈՐԾՆԱԿԱՆ առաջարկ ներկայացնելու։ Այսպիսիներն էլ ունակ չեն ազգային-հաւաքական իրական ձգտումների, նպատակների եւ ծրագրի համար միտք ձեւաւորել։

    Ինձ հասու չեն փակ բնագաւառները, որտեղ գուցէ կարեւոր աշխատանքներ են տանում հայ երիտասարդները՝ պետական հովանաւորութեան կամ անհատական/ միասնական նախաձեռնութիւններով։ Խիստ կասկածելի է, որ ՔՊ-ն ու Հայաստանի ներկայ իշխանութիւնները պետական հովանաւորութիւն կը ցուցաբերեն նման ոլորտներին, որոնցից ամենակարեւորը ռազմական նոր արհեստավարժութեանի մշակումն ու ձեռքբերումն է։ Այստեղ էլ չվիճենք, ու հարցը փակենք, քանի որ ինչպէս ասացի՝ այդ ոլորտները գոնէ ինձ հասու չեն։

    Եւ այս պայմաններում, առարկայական հիմքեր չկան Հայաստանում ազգային վերնախաւ/ էլիթա տեսնելու համար։ Հայութեան փրկութեան յոյսը մնացել է անհատ մտաւորականների նախաձեռնութիւններին եւ եղած կառոյցների արդիականացմանը (եթէ նման հնարաւորութիւններ երբեւէ կան)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին