Երեքշաբթի, 16. 04. 2024

spot_img

Հաւատում Ենք, որ Թանձր Խաւարից Յետոյ Արշալոյսն Է Ծագելու

Սիրելի՛ եւ Քաջարի՛ Արցախահայութիւն, Մեր Հայրենակիցներ, Սփիւռքի Իմ Բարեկամներ

Ամանորի եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան, Մկրտութեան եւ Աստուածայայտնութեան Հրաշափառ տօների առիթով ընդունուած է շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յղել միմեանց, սակայն 120 հազար հայ Արցախում՝ իր Հայրենիքում գոյապայքարի մէջ է եւ փրկութեան կարիք ունի:

Մեր՝ Արցախից դուրս ապրող հայերիս համար տագնապի կոչնակ պէտք է հնչեցնել, քանզի միջազգային հանրութեան  անտարբերութեան արդիւնքում վտանգուած են Արցախն ու Արցախահայութեան ճակատագիրը: 

Այս ծանր իրավիճակում զուգակցութիւն եմ յայտնում իմ ընկերներին, բարեկամներին, Արցախում ապրող մեր հերոս, տոկուն, հայի իսկական տեսակին եւ թանկագին հայրենակիցներին Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում մաղթում եմ խաղաղութիւն եւ առողջութիւն, միասնութիւն եւ բռունցքուելու ու գօտեպնդուելու կարողութիւն՝ պատերազմական յանցագործներին  դիմակայելու համար։

 Ինչպէս մեծն Թումանեանն է ասել .

‹‹Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիւ դառաւ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան››։

2022 թուականը մօտենում է իր աւարտին։ Հայ ժողովրդի համար աւարտւում է դժուարութիւններով ու ցաւով լեցուն եւս մէկ տարի…

2022-ին շարունակեցինք կրել Արցախեան քառասունչորսօրեայ դաժան պատերազմի ծանր ու անողոք հետեւանքները։ Նոր աղէտ դարձաւ 2022 թուականի սեպտեմբերեան պատերազմը, դարձեալ  հարիւրաւոր պայծառ երիտասարդների  կորուստ կրեցինք, եւ այսօր էլ մեր Հայրենիքի շուրջ տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ։

  Ուստի, Ամանորի տօնական տրամադրութեան փոխարէն հայ մարդուն պատել են  մտահոգութիւնները, մեր հոգիներում անթեղուած են անասելի ցաւ ու տագնապ:

Այն ամենին, ինչին ականատես ենք, աւա՜ղ,  թուրք-ազրպէյճանական զաւթողական նկրտումների արդիւնքն է, ցեղասպանութիւնների միջոցով խնդիրներ լուծելու, կենսատարածքներ գրաւելու եւ մշակութային ցեղասպանութեան ճանապարհով հայկական քաղաքակրթութեան հետքերը շարունակաբար վերացնելու թուրքիայի եւ ադրբեջանի անպատիժ քաղաքականութեան հետեւանքը: Աւելին՝ այս իրողութիւնները մարդկութեան խաղաղ ապագային ուղղուած նոր կացնային հարուած է:

Այո՛, դարեր շարունակ մեզ կոտորել են, սպանել, ոչնչացրել  հայկականն ու հայեցին, սակայն մենք գտել ենք ապրելու եւ փիւնիկի պէս վեր յառնելու ուղին, մենք  թոյլ չենք տուել, որ թշնամին մեզ արմատախիլ անի, որովհետեւ մենք  ապաւինել ենք մեր մտքի զօրութեանն ու հաւատքին:

2023 թուականից սպասումներ ունենք, ունենք փափագ եւ յոյս, որ լաւ է լինելու, հաւատում ենք, որ թանձր խաւարից յետոյ արշալոյսն է ծագելու:

Եւ յոյսը երբեք չպէտք է մարի, եւ, ապաւինելով յոյսին, Նոր տարին  պարտաւոր ենք դիմաւորել այն վստահութեամբ, որ ժողովուրդը դուրս է գալու թմբիրից  եւ վերատեսութեան է ենթարկելու իր կեանքը, իր առաքելութիւնը եւ   միասնաբար  կերտելու է  հզօր Հայաստան, որ Հայաստանում եւ Սփիւռքում առկայ բոլոր հնարաւորութիւններն օգտագործուելու են  Արցախին եւ այնտեղ ապրող հայ ժողովրդի մի հատուածին փրկելու, նրանց արդար   իրաւունքները  պաշտպանելու համար: Մենք չունենք ընկճուելու, զէնքերը վայր դնելու՝ այդպիսով թշնամու ձգտումներին նպաստելու իրաւունք: Յիշենք մեծ մարդասէր, հայ ժողովրդի նուիրեալ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի յայտնի միտքը. «Հայոց պատմութիւնն անվերջ փորձարկումների պատմութիւն է, ապրելու փորձարկում»։

Հայրենիքը, հայոց պետականութիւնը, Արցախը եւ համազգային միասնութիւնն այն ամուր հիմքերն են, որոնց վրայ իւրաքանչիւրս պիտի աւելացնենք մեր քարը եւ միասնաբար կառուցենք Հայաստանի անխորտակ տաճարը: 

2023-ին մեր կարեւոր անելիքը պէտք է լինի ի սէր Հայրենիքի՝ համախմբուել,  ձերբազատուել անհանդուրժողականութեան եւ ատելութեան չարիքից, հրաժարուել անպատասխանատու, ազգավնաս խօսքերից ու արարքներից, լինել բարի, սիրով, միաբան ու միակամ, որպէսզի ի զորու լինենք թշնամուն  հեռացնել  մեր տարածքներից, Հայրենիքում վերստին հաստատել խաղաղութիւն եւ  լծուել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի:  Մնում է հաւատալ, որ Աստծոյ ողորմածութեամբ եւ մեր ժողովրդի համախմբմամբ 2023 թուականը  կը դառնայ հայրենափրկութեան եւ հայրենաշինութեան տարի։

Նոր տարուայ նախաշեմին ցանկանում եմ յիշել Երուանդ Օտեանի հետեւեալ խօսքերը. «Կան մարդիկ, որ հաւատում են, կան մարդիկ, որ չեն հաւատում: Ես այն մարդկանցից եմ, որ հաւատում եմ»: Ես միանում եմ Երուանդ Օտեանի այս խօսքերին եւ համոզուած պնդում, որ չհաւատալը դիւրին ճանապարհ է. մերժում ես եւ վերջ: Իսկ հաւատալը դժուար է, որովհետեւ, եթէ հաւատում ես, քեզ վրայ բեռ ես վերցնում եւ ձգտում ես այդ բեռը պատասխանատուութեամբ կրել: Ես հաւատում եմ հայ ժողովրդի ներուժին, հաւատում են ինձ այնքան հարազատ դարձած սփիւռքահայերին  եւ կարծում եմ, որ մենք այս հաւատով, յոյսով եւ սիրով մեծ գործեր ենք անելու, հայրենաշունչ ծրագրեր կեանքի կոչելու։ Մեր պարտքն ու պատասխանատուութիւնն է սերունդներին փոխանցել հայ ժողովրդի ազգային արժեհամակարգի սրբութեան սրբոցները` Նայիրեան ոգու ապրելու եւ յաղթելու կենսուժը, Հայոց տենչի եւ Նայիրի երկրի պայծառ Տեսլականը, մեր հաւաքական անկոտրում Ոգին, մաքառման Կամքը, հայրենասիրութեան տոհմիկ Առաքինութիւնը եւ Հայրենիքին ծառայելու Առաքելութիւնը։

Հաւատանք Հայոց Հայրենիքի՝ Հայաստանի, այդ թւում Արցախի յաւերժութեանը եւ գօտեպնդուած գործենք՝ ի կատարումն Վահան Տէրեանի հաւատոյ հանգանակի.

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արեւի պէս, երկի՛ր իմ, կվառուես վառման։

Որպէս Փիւնիկ  կրակից կելնես, կելնես նոր

Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր…  

Հայրենիքի ճակատագրով պէտք է մտահոգուենք բոլորս` միմեանց աջակցելով, միմեանց լրացնելով եւ հաւատալով…

      Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հաւատով տոկուն,

     Կանգնիր հպարտ որպէս լոյս լեռն է մեր կանգուն:                 

ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին