Շաբաթ, 25. 03. 2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան Թեմի Ուխտաւորներին

Յուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Պոսթընի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտաւորներին` առաջնորդութեամբ հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Վարդ քահանայ Գեօզալեանի:

Հանդիպման սկզբում Արժանապատիւ Տէր Հայրը ներկայացրեց ուխտաւորներին` հայցելով Նորին Սրբութեան օրհնութիւնը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու պատգամը փոխանցեց ուխտաւորներին` կարեւորելով ուխտագնացութիւնների կազմակերպումը դէպի Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգեւոր ապրումները` հաղորդ դարձնելով սեփական ինքնութեանը եւ հոգեւոր արժէքներին:

Զրոյցի ընթացքում Հայոց Հովուապետը նաեւ անդրադարձ կատարեց Արցախում առկայ իրավիճակին եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին` վստահութիւն յայտնելով, որ հայորդիները լաւատեսութեան ոգով եւ զօրեղ հաւատքով կը յաղթահարեն բոլոր դժուարութիւնները:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնաւոր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց Արժանապատիւ Տ. Վարդ քահանայ Գեօզալեանին նախանձախնդիր ու նուիրեալ ծառայութեան համար:

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաեւ ուխտաւորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելութեանն ու գործունէութեանը:  

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին