Ուրբաթ, 30. 09. 2022

Հայաստանը՝ Աշխարհաքաղաքական Ներկայ Իրավիճակում

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Հայաստանին ծանր ու դժուարին ժամանակներ են սպասում, ու երկիրը ոչ-մի առումով պատրաստ չէ դիմակայել այդ դժուարութիւնները։ Ոչ-մի առումով։

Թուրքիան շատ ճկուն դիւանագիտութիւն է վարում։ Նա ասել է կը խոչընդոտի Ֆինլանտայի եւ Շուէտիայի անդամակցութիւնը ՆԱԹՕ-ին, քանի որ այդ երկրները հովանաւորում են քրտական կազմակերպութիւններին։ Կարծում եմ, Թուրքիան հիմա սակարկում է Ռուսաստանի հետ․ դա բացայայտ չէ։ Թուրքիան հաւանաբար սակարկում է կուլիսներում։ Նա դէմ կը քուէարկի այդ երկու երկրների անդամակցութեանը ՆԱԹՕ-ին՝ Հայաստանը ստանալու փախարէն․․․

Սա արդէն նշանակում է Հայաստանը վերածել Թուրքիոյ վելայաթի։ Ու նկատի ունենալով, որ այդ վերջերս շա՜տ է ակտիւացել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը, ակտիւացել են եւրոպական կառոյցները, ինձ թւում է Հայաստանը հզօր ճնշման է ենթարկւում, եւ իշխանութիւնները ուզելո՞վ կամ պարտադրաբար՝ գնալու են հայրենակործան նոր որոշումների։ Հայաստանը գահավիժում է՝ արեւմտեան ուժերի ծրագրերի համաձայն, որոնք նեցուկ են Թուրքիային ու փանթուրքիստական ծրագրերին։

Վերջինով լրիւ բացայայտուեց վաղուց հետապնդուած այդ ծրագիրը։ Լուրը՝ ստորեւ։ Ու յիշենք, ԱՄՆ դեսպանի խօսքը, որ իրենք նեցուկ են կանգնում նիկոլի իշխանութեանը։ Դա հենց այսպէս չէ։

Թէ ինչ կը լինի Ռուսաստանի որոշումը, դժուար է ասել։ Ռուսաստանը հիմա մխրճուած է Ուքրանիայում պատերազմում։ Չեմ ասում Ուքրանիայի դէմ պատերազմում, քանի որ այդ պատերազմի միւս կողմը Ոըքրանիան չէ միայն։ Պատերազմը Ուքրանիայում է, բայց միւս կողմը արեւմտեան աշխարհն է, ՆԱԹՕ-ն է՝ իր արդիական զէնքերով։

Յուսադրիչն այն է, որ երկու կողմից, ե՛ւ եւրոպական երկրների կողմից, արդէն կոչեր ու պահանջներ կան զինադադար կնքել ու սկսել բանակցութիւնները։ Ուքրանիական իշխանութիւնների պատասխանները հակասական էին․ նախագահ Զելենսկին ընդառաջեց, բայց նրա խորհրդարանականը նշեց՝ պիտի շարունակուի պատերազմը, մինչեւ այն ժամանակ, երբ ռուս բանակը դուրս մղուի Ուքրանիայից։ Ռուսներն առաջանում են Դոնբասում։

Նկատում եմ, Ուքրանիական հարցում հիմա տարբեր դիրքորոշումներ ունեն եւրոպական երկրներն ու Միացեալ Նահանգները։ Աւելի ճիշտը՝ տարբեր են աշխարհի գլոբալիստների ու եւրոպական միւս ուժերի դիրքորոշումները։ Հրադադար հաստատելու՝ եւրոպական երկրների կոչի հետ միաժամանակ, Միացեալ Նահանգները 40 միլիարդ օգնութիւն վաւերացրեց Ուքրանիային․ մի մասը ռազմական օգնութիւն է, մի մասը՝ մարդասիրական օգնութեան անուան տակ։ Հաւանաբար, ճեղք է տուել արեւմտեան կողմը։ Նկատի ունենանք նաեւ եւրոպական մի քանի երկրներին, որոնք պատրաստ չեն հրաժարուել ռուսական գազից։ Նրանք կարող են արգելափակել ԵՄ-ի նման որոշում։

Չխօսենք այն մասին, թէ ինչ է սպասւում Հայաստանին՝ ներկայ պայմաններում․ դա տեսանելի է իւրաքանչիւր հային, բացի ժողովրդի հասարակ այն խաւին, որոնց աչքերը փակ են ու նրանց վախի մէջ են պահել՝ նախկինների վերադարձով․․․

Իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանն ու հայութիւնը այս պայմաններում։

Նախ՝ ժամանակ շահի, ժամանակ ձգի, եւ չգնայ արագ որեւէ որոշման՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու համար։ Ժամանակ ձգի, մինչեւ որ Ուքրանիական հարցին ինչ-որ հանգուցալուծում տեսանելի լինի աշխարհին։ Դրա նախանշանները կան։ Ժամանակ ձգի, մինչեւ որ այս տարուայ Նոյեմբերին տեղի ունենան ԱՄՆ Կոնգրեսի ընտրութիւնները ու ժողովուրդը ռադ անի Դեմոկրատ կուսակցութեան սպառուած եւ վտանգաւոր ուժի վերածուած թեւին․․․ Դա պատահելու է, քանի որ չասեմ դրա նախանշանները, ՆՇԱՆՆԵՐԸ կան։

Ճիշտ է, Ուքրանիային 40 միլիարդ օգնութեան առաջարկը վաւերացուեց թէ դեմոկրատների, թէ հանրապետականների քուէով, բայց այս պատերազմը տեղի չէր ունենայ, ՆԱԹՕ-ն աւելի առաջանալու որոշում չէր ընդունի, եթէ հիմա ԱՄՆ-ի նախագահը լինէր ընտրուած թեկնածուն՝ նախագահ Թրամփը։ Սա իրականութիւն է։ Նորից յիշենք դեմոկրատ Քիսինճըրի նամակը ՆԱԹՕ-ին՝ կանգ առնելու եւ Ուքրանիան ՆԱԹՕ-ի անդամ չդարձնել ԵՐԲԵՔ։ Մեծանուն դեմոկրատ քաղաքական գործիչ՝ Քիսինճըրի ահազանգը անտեսեց հենց Դեմոկրատ կուսակցութեան հին, սպառուած թեւը․․․ Շատ եմ գրել։

Հայաստանը պատրաստ չէ դիմագրաւել մարտահրաւէրները։ Հայաստանում ընդդիմութեան դաշտը յստակ ձեւաւորուած չէ, եղած ուժերը չեն կարողացել երկար ժամանակուայ ընթացքում իրագործումներ անել, որպէսզի շահեն ժողովրդի համակրանքը։ Սա իրականութիւն է, ցաւալի իրականութիւն է, որի հետ պիտի առերեսուել։ Թէ ինչ պատճառով մինչեւ հիմա Հայաստանում ձեւաւորուած չէ քաղաքական ընդհանուր դաշտը, խորքային վերլուծութիւն է պահանջում։ Ես չեմ ուզում ու չեմ կարող այս վերլուծութիւնն անել․ հիմնական պատճառն այն է, որ իշխանութիւններն ու քաղաքական դաշտը հասարակութեան հայելին է։ Իսկ թէ որոշակիօրէն Հայաստանում ինչ է տեղի ունեցել, ինչ պիտի կատարուէր, որ չի եղել, այս հարցին հիմա չանդրադառնանք։ Ես չեմ կարող այս մասին բան ասել, քանի որ հեռու եմ այդ միջավայրից։ Այս հարցը անպայման պիտի քննուի՝ աւելի հանդարտ պայմաններում։

Հիմա հայութիւնը իր առջեւ պիտի դնի ներկայ մարտահրաւէրները միասին դիմագրաւելու հարցը, իհարկէ, եթէ կան նախադրեալներ այս ուղղութեամբ։ Նկատի ունեմ ժամանակ ձգելու հարցը։ Մինչեւ որ գայ եւ անցնի Նոյեմբերը, մինչեւ որ Ուքրանիական հարցի կապակցութեամբ երեւայ լուծման նշանները։

Կարդանք այն կարեւոր լուրը, որի մասին ակնարկեցի վերում։ Հայաստանը Թուրքիայի վելայաթ դարձնելու ծրագիրն ունի Միացեալ Նահանգների ներկայ իշխանութեան հովանաւորութիւնը։ Ուրիշ փա՞ստ,- Նրանց որոշում Թուրքիային առաջնակարգ ռազմօդանաւեր ծախելու վերաբերեալ։

ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Էտկար Էլփաքեան,

Մայիսի 19, 2022
  • Այսօր ԱՄՆ լաւագոյն 100 բուհերի ցանկում գտնուող Բալտիմորի համալսարանի Հանրային եւ միջազգային յարաբերութիւնների բաժնի գործադիր ղեկավար Իվան Սաշա Շիհանը բաց տեքստով ձեւակերպել է այն, ինչ ես եւ գործընկերներս միշտ հիմնաւորում ենք աւելի երկար ու հանգամանալից։
  • Մէջբերում յօդուածից՝ «ԱՄՆ-ն պէտք է խթանի Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքումը եւ զուգահեռաբար՝ Թուրքիայի հետ յարաբերութիւնների լաւացումը, անգամ եթէ դա Հայաստանին արժենայ նոր զիջումներ։ Միայն դրանից յետոյ երկարաժամկէտ հեռանկարում Հայաստանը կը կարողանայ ազատ արձակուել ռուսական օրբիտայից»։
  • Սա հենց այն է, ինչ մենք կոչում ենք Հայաստանի թուրքական վիլայեթացում՝ յանուն քաղաքական արեւմուտքի շահերի եւ բնիկ հայկական շահերի զոհաբերման գնով։

Իմ կողմից աւելացնեմ ու յիշենք, որ 21 տարի առաջ՝ ճիշտ այսօրը, նիկոլը խօսել է այս մասին։

2001 թուականի Մայիսի 23-ին իր յօդուածում ներկայիս վարչապետը դէմ չի եղել, որ Հայաստանի մի փոքր հատուած ծառայի Թուրքիային կամ ԱՄՆ-ին, օրինակ՝ Մեղրին։

Եզրակացնենք,-

    նիկոլն ու նրա իշխանութիւնները ոչ թէ հարկադրաբար են Հայաստանը դարձնում թրքական վելայաթ, այլ՝ տասնամեակներ առաջ յստակ ծրագրով եւ դա իրագործելու նպատակով են առնում ամեն մի որոշում, ամեն մի քայլ։

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին