Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

Տեսակէտ

«Մրջիւնը Ի՛նչ Է, Որ Նրանից Պատրաստուած Խաշը Ինչ Լինի․․․»

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Սոցցանցերը ծանրաբեռնուած են Խազախստանի դէպքերի մասին լուրերով ու վերլուծութիւններով։ Հայկական ցանցերը կենտրոնացել են Նիկոլի որոշման վրայ․ որպէս խաղաղապահներ Ղազախստան ուղարկել հայ զինուորներ։ Թիւը՝ 70-100․

Նախ հաստատենք, որ այդ թուով զինուոր Ղազախստան ուղարկելն ունի խորհրդանշանական իմաստ։ Նրանք չեն կարող դերակատար լինել դէպքերի ընթացքի վրայ։ Հայաստանում չեն կարողանում, կամ՝ չեն ուզում, որ հայ բանակը պաշտպանի երկրի սահմանները․․․ Եւ ի՞նչ պիտի անի այդ զօրամիաւորը Ղազախստանում։ Պարսկերէն յայտնի խօսք կայ,- «Մրջիւնը ինչ է, որ նրանից պատրաստուած խաշը ինչ լինի․․․». Նոյնը հիմա Նիկոլի որոշումն է։

    Հայաստանը ինքը չի որոշում իր անելիքները․ դուրսն է թելադրողը, եւ Հայաստանի իշխանութիւնները թելադրանքի գործադրողներն են միայն։ Հայաստանը ԶՐՕ դերակատար է աշխարհում ու տարածաշրջանում։ Մեզ չխաբենք։

    Թէ ի՞նչ պատճառով ՀԱՊԿ-ն որոշում ընդունեց խաղաղապահ զինուորներ ուղարկել Ղազախստան, մենք բան չասենք, քանի որ աշխարհում միշտ եղել են, կան ու կը լինեն հարցեր, որ մենք՝ սովորական մահկանացուներս, չենք իմանայ երբեք։ Հետեւաբար՝ սխալ է թերի տեղեկութիւնների հիման վրայ վերլուծութիւն անել․ յատկապէս հիմա, երբ դէպքերը իրենց զարգացումն են ապրում, եւ կայ տեղեկութիւնների պակաս։

    Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահութիւնը, ու բնական էր այդ որոշումը պիտի հրապարակուէր հենց Նիկոլի կողմից։ Դա բացատրելի ու հասկանալի է լրիւ։ Ու քանի որ չգիտեմ ՀԱՊԿ-ի կանոնագրութիւնը (թէ ինչ դէպքում են խաղաղապահների ուղարւում անդամ երկրներ), ես միշտ մտածել էի, որ եթէ անդամ երկիրը արտաքին ուժերի ոտնձգութեան ենթակայ դարձաւ․․․ Բայց ո՞րն է այդ կանոնագրի 4-րդ կէտը, որին յղում անելով՝ հիմնաւորեցին խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ներքին առճակատումները խաղաղեցնելու համար։ Գուցէ կայ նման կէտ, որ մենք չգիտենք։ Այդ դէպքում, բացատրելի ու հասկանալի է լինում Նիկոլի որոշումը։

    Բայց հայերը զայրացել են այդ որոշումից, պատճառաբանելով որ՝ Ղազախստանն ու ՀԱՊԿ-ը չօգնեցին Հայաստանին ու Արցախին՝ 44-օրեայ պատերազմի օրերին․․․ ՀԱՊԿ-ի այդ կանոնագրից ես յիշում եմ մի ուրիշ դրուագ,- ՀԱՊԿ-ն կ՛օգնի իր անդամ երկրներին, երբ որ այդ երկրի կողմից օգնութիւն ստանալու պաշտօնական դիմում կատարուի։ Հենց նիկոլը հաստատեց, որ չի դիմել օգնութեան․․․ Ուրեմն, այստեղ բացատրելի չէ ու հասկանալի չէ հայերի բողոքը՝ 44-օրեայ պատերազմում մենակ մնալու կապակցութեամբ։ Այս հարցում էլ մեղաւորը հենց ինքն է՝ Նիկոլը։

    Կարծում եմ, սրանից յետոյ կարծիք յայտնելու համար պիտի տեղեակ լինել ամեն ինչից՝ մանրամասնութեամբ։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ի կանոնագրութիւնը։ Իսկ ԵԹԷ այդ կանոնագրութեամբ Նիկոլը կարող էր օգնութեան դիմել 44-օրեայ պատերազմում, ու չի կարել, ապա եւս մի ուրիշ յանցանք ու դաւաճանութիւն բարդւում է Նիկոլի ու նրա թիմի վրայ․․․ Տեսնո՞ւմ էք, հարցերն ունեն շատ ծալքեր, ու մենք պարտաւոր չենք ստոյգ ու վերջնական բան ասել այս ամենի մասին։


Բայց եւ կայ մի վտանգաւոր զարգացում ու նախընթաց,-

    Արդէն իմացանք, որ 2022 թուականին չեն աւելանալու թոշակները․ գնաճը մեծ է, բայց թոշակները չեն աւելանալու։ Կառավարութեան որոշումով բարձրացրել են միայն նուազագոյն թոշակների շեմը՝ 4 – 5 տոլարի չափով։ Իսկ նկատի ունենալով աշխարհում նոր թանկացումների ալիքը, ու նկատի ունենալով Հայաստանում մօտալուտ նոր, ահաւոր թանկացումները, գուցէ իշխանութիւնները նախատեսում են ժողովրդական զանգուածային բողոքներ՝ ինչպէս դա տեղի ունեցաւ Ղազախստանում՝ գազի գնի աւելացման պատճառով։

    Արդէն Ադրբեջանում են ծայր առել բողոքի ցոյցեր՝ հացահատիկների ու հացի թանկացման հետեւանքով։ Թուրքիայում դեռ կարողանում են զսպել ժողովրդի բողոքը։ Բայց, ի՞նչ հեռանկար են պարզում այս ամենը, միայն կարող ենք նախատեսել ու անհանգստանալ։

    (Հայաստանում վիճակն աւելի բարդ է։ Բողոքների պատճառ են ոչ-միայն թանկացումները։ Օրինակ Աւագանիի ընտրութիւններին ՔՊ-ականների ընթացքը։ Շարքը երկար է։ Իհարկէ, Ադրբեջանն ու Թուրքիան փող լցնելով Հայաստան, պիտի փորձեն մասամբ կասեցնել տնտեսական անկումը՝ ինչպէս դա արեցին «թաւշեայ յեղափոխութիւնից» անմիջապէս յետոյ ու 44-օրեայ պատերազմից յետոյ։ Հիմա հարց է՝ նրանք նորից կ՛անե՞ն դա, թէ՞ հասունացել է Հայաստանը վերջնականապէս տրոհելու պահը․․․)։

    Ղազախստան հայ զինուորներ ուղարկելը Նիկոլը հիմնաւորեց այդ երկրի անվտանգութիւնն ու ապահովութիւնը պաշտպանելու նպատակով, հակասահմանադրական շարժումները կասեցնելու նպատակով։ Այստեղ տեղին են քննադատութիւններն ու յիշեցումներն առ այն, որ նոյն Նիկոլը 2008 թուականին հրահրում էր զանգուածային ցոյցեր, անկարգութիւններ անելու կոչ էր անում եւ այլն։ Հիմա նոյն մարդը հանդէս է գալիս կարգ ու կանոնի պաշտպանութեան դիրքերից՝ խաղաղութիւն հաստատելու համար․․․ Երկակի ստանդարտ․․․

    Մի բան պարզ է․ Նիկոլը յիմար չէ։ Կամ յիմար է, բայց ունի լաւ խորհրդատուներ։ Խորհրդանշանական թուով հայ զինուորներ Ղազախստան ուղարկելը, կը լինի լաւ նախադէպ Նիկոլի համար, որ եթէ Հայաստանում ժողովուրդը դուրս գայ փողոց՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով, նիկոլը կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ օգնութիւն ստանալու ակնկալիքով՝ իր եւ ՔՊ-ականների իշխանութիւնը պահելու համար։ (Իհարկէ, եթէ նման յօդուած կայ ՀԱՊԿ-ի կանոնագրում, որ, ըստ երեւոյթի, կայ)։

    Հայաստանը խաղաղապահ ուժեր ունէր Աֆղանիստանում։ Հայաստանը խաղաղապահներ ունի Քոսովոյում, Լիբանանում։ Ղազախստան 70 կամ 100 զինուոր ուղարկելու իմաստը սակայն, ոչ թէ այդ երկրին խաղաղութիւն բերելու մէջ է, այլ՝ լրիւ ուրիշ․․․ Բայց, արագ չդատենք։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին