Շաբաթ, 27. 04. 2024

spot_img

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

2021թ. նոյեմբերի 21-ին յայտարարուել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

– կանխել սահմանագծման եւ սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թւում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացուած փաստաթղթերը,

–  թոյլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանութիւնները լիարժէք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային  ամբողջականութիւնը:

Նոյն յայտարարութեամբ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին շտապ հաւաք է հրաւիրուել Երևանի Հանրապետութեան հրապարակում:

Նոյեմբերի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Երևանում տեղի են ունեցել հանրահաւաքներ և երթեր:

26.11.2021թ. ՌԴ, Հայաստանի և Ազրպէյճանի ներկայացուցիչների ստորագրած յայտարարութեան համաձայն արձանագրուել է, որ Հայաստանի և Ազրպէյճանի միջև ստեղծւում է սահմանազատման և սահմանագծման յանձնաժողով՝ ՌԴ խորհրդատուական օժանդակութեամբ:

Յայտարարութեան մէջ ստորագրող կողմերը հիմնուել են երեք պետութիւնների 09.11.2020թ. յայտարարութեան վրայ, որի կէտերն ի վնաս Հայաստանի խախտուած են, այն է՝ ազրպէյճանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել հայկական ուժերի զբաղեցրած ուժերի դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք, ռազմագերիները և պատանդառուած անձինք չեն վերադարձուել հայրենիք, նոյեմբերին առաջնագծում հայորդիներ են զոհուել, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Արցախի կարգավիճակի հարցի վիժեցմանը:

Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինեանի և Արմէն Սարգսեանի հրաժարականների պահանջը՝ արձանագրելով Նիկոլ Փաշինեանի ապազգային գործունէութիւնը: Արմէն Սարգսեանի հրաժարականի պահանջը ներկայացուել է, քանի որ վերջինս ի խախտումն ՀՀ Սահմանադրութեամբ ամրագրուած պարտականութեան 2018-2021թթ. ընթացքում չի հետևել Սահմանադրութեան պահպանմանը և չի կատարել պետութեան գլխի իր՝ համապետական և համազգային շահերի պաշտպանութեան հիմնական գործառոյթը:

Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են ոտքով ուխտագնացութիւն Երևան քաղաքի Հանրապետութեան հրապարակից դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ յանուն ազգի համախմբման՝ առանց քաղաքական կոչերի:

Նոյեմբերի 29-ին Երևանում կրկին տեղի է ունեցել հանրահաւաք:

Հանրահաւաքների ընթացքում, Ազատագրական շարժման ներկայացուցիչները յայտնել են, որ ճանապարհների բացումը Ադրբեջանի հետ առանց անվտանգութեան հարցի նախապէս լուծման վտանգ է ներկայացնելու Հայաստանի ժողովրդի համար:

Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ՝

  1. Շարունակելու է յայտարարուած նպատակների իրագործմանն ուղղուած գործողութիւնները, այդ թւում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինեանի և Արմէն Սարգսեանի հրաժարականների պահանջների շուրջ.
  2. Ազատագրական շարժումը վերկուսակցական շարժում է և պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միաւորների, մասնագիտական համայնքների և անհատների հետ.
  3. Շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպէս նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողութիւնների իրականացումը:

Ազատագրական շարժման պատասխանատուներ՝

Նայիրի Հոխիկեան- հեռուստամեկնաբան

Արա Զոհրապեան- փաստաբան, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու

Վազգէն Պետրոսեան- թրքագէտ, քաղաքական մեկնաբան

Վահագն Չախալեան- իրաւապաշտպան

Անդրանիկ Մարգարեան- հանրային կառավարման մասնագէտ

Գագիկ Յարութիւնեան- դերասան

Սևակ Յակոբեան- քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող

Հայկ Սահակեան- փաստաբան

և այլք

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին