Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Յովհաննէս Աղպաշեան. Մեծանուն Հայը

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Իրաւաբանական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր,
ՀՀ Սփիւռքի հիմնադիր նախարար

Յովհաննէս Աղպաշեան անուն-ազգանունը ինձ ծանօթ է 1980-ականներից, երբ հնարաւորութիւն ունեցայ աւելի մօտիկից ծանօթանալու սփիւռքեան մամուլին, ընթերցելու Յովհաննէս Աղպաշեանի հրապարակախօսական եւ երգիծական յօդուածները: Ապա հանդիպեցի նոյն ազգանուամբ այլ հեղինակի` Պարոյր Աղպաշեան, եւ հետագայում, ոչ ի զարմանս ինձ, տեղեկացայ, որ արժանաւոր հօր արժանաւոր որդին նոյնպէս հրապարակախօս-խմբագրապետ է:

Այն ասացուածքը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, կարելի է ամբողջովին վերագրել Աղպաշեան ընտանիքին: Այնուհետ թէ՛ հօր, թէ՛ որդու հեղինակած հրապարակումներն անհրաժեշտաբար գրաւեցին իմ ուշադրութիւնը, քանի որ զբաղւում էի սփիւռքեան հիմնախնդիրներով, Հայաստանի եւ Սփիւռքի համայնքների միջեւ այնքան անհրաժեշտ կամուրջների ձեւաւորման, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման աշխատանքներով: Հնարաւորութիւն ու պատիւ ունենալով գործակցել Սփիւռքի կառոյցների եւ Աղպաշեանների պէս անհատների հետ, գործնական բազմաթիւ շփումների, աշխատանքային հանդիպումների ընթացքում փորձեցի հասկանալ այդ բազմաշերտ, բազմաճիւղ, բարդ երեւոյթը, որ կոչւում է ՍՓԻՒՌՔ:

Անգոյութիւնից ստեղծուել էր ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, որը կարողացանք ձեւաւորել ու կայացնել: Մէկտեղուեցին Սփիւռքեան խնդիրները պատկերացնող մարդիկ: Արդիւնքում` գրագէտ թիմով փորձում էինք ծրագրեր նախաձեռնել ու իրականացնել, գաղափարներին սլացք հաղորդել, հիմնահարցերը դասդասել, վերլուծել եւ նոր որակ հաղորդել արդէն ձեւաւորուած Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, հաստատուած կապերին եւ գործակցութեան բազմաբնոյթ ուղղութիւններին: Հաշուի առնելով Սփիւռքում առկայ մօտեցումները, գերակայ դիրքորոշումներն ու առաջարկները` ծրագրել էինք իրականացնել աւելի շատ կոնկրէտ ձեռնարկներ` միտուած Հայրենիք-Սփիւռք գործակցութեանը եւ յատկապէս համայնքների հետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, որոնք, սակայն, կիսատ մնացին…

Ինչ խօսք, Հայրենիք-Սփիւռք գործակցութեան զարգացման ընթացքում ծագել են հիմնախնդիրներ, որոնց լուծումների փնտռտուքում յաճախ ակամայից ինձ օգնութեան են հասել աղպաշեանների հրապարակախօսութիւնը, քանզի օգտուել եմ նրանց դիպուկ եւ տեղին առաջարկներից եւ չեմ սխալուել:

Ոչ միայն ընթերցել, քննարկել, ուշագրաւ առաջարկներ եմ վերցրել Պարոյր Աղպաշեանի հրապարակային յօդուած – ներից, այլեւ առիթներ եմ ունեցել անձամբ նրա հետ քննարկելու Հայաստան-Սփիւռք գործակցութեան բազմաթիւ խրթին, տարողունակ եւ տարաբնոյթ հարցեր: Ինձ համար Պարոյրը սփիւռքահայ մտաւորականի իսկական կերպար է, ով, կրթուելով Հայաստանում, լաւ ճանաչելով հայաստանեան եւ սփիւռքեան իրողութիւններն ու մարդկանց հոգեբանութիւնը, կարողանում է շատ ճիշդ բացայայտել ամենակարեւոր հարցերը, ախտորոշել խնդիրները եւ իր ճկուն մտքի ու կուռ տրամաբանութեան շնորհիւ բանաձեւել պատասխանները, մատնացոյց անել խնդիրների լուծումները:

Ես հաճոյքով եմ կարդում աղպաշեանական ստորագրութեամբ ցանկացած նիւթ: Իւրաքանչիւր շփում նրանց գրական-հրապարակախօսական ժառանգութեան հետ հիացնում, հարստացնում, մտաւոր սնունդ է տալիս, գեղագիտական բաւականութիւն պատճառում ընթերցողին, օգնում խորհել, բանավիճել, եզրայանգումներ կատարել եւ արդիւնքում` ինտելեկտուալ, հոգեւոր-մշակութային աճ ապահովել:

Անհրաժեշտ եմ համարում ընդգծել հայր եւ որդի Աղպաշեանների հզօր քննական-վերլուծական-ստեղծագործական միտքը, երեւոյթները տարբեր տեսանկիւններից դիտարկելու եւ անաչառութեամբ դրանք ներկայացնելու կարողութիւնը: Նրանք ունեն խոր ասելիք եւ համարձակ հայեացք` հանդէպ գալիքը:

Նրանք միշտ էլ հիացրել են ճիշդ ժամանակին եւ անհրաժեշտ տեղում ասուած տպաւորիչ խօսքով, բազմակողմանի եւ հետաքրքիր վերլուծութիւններով, ինքնատիպ հրապարակախօսութեամբ:

Այսօր, պատերազմի պարտութիւնից յետոյ, երբ բարդագոյն իրավիճակում են յայտնուել մեր դիւանագիտութիւնն ու զինուած ուժերը, երբ թշնամին ներթափանցել է մեր պետական տարածք, երբ ազգը չի կարողանում ուղղել իր կոտրուած ողնայարը, մեզ օդ ու ջրի պէս անհրաժեշտ է Հայրենիքի եւ Սփիւռքի համախմբում: Ի հարկէ, կան տարբեր խօսափողերով հնչող ձայներ, որոնք փորձում են ներկայացնել Հայաստան-Սփիւռք` անչափ կարեւոր եւ Երկրի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող կապերը, սակայն արժէքաւոր ու ծանրակշիռ է Պ. Աղպաշեանի խօսքը, ով հրատապ յօդուածների շարք է տպագրում նաեւ այս դժուարին ժամանակներում: Մեր կարծիքով, նրա ասելիքին պէտք է ականջալուր լինեն պատասխանատուները, եւ այդ մեծածաւալ տեղեկատուութիւնը պէտք է օգտագործեն այս ծանր պայմաններում Հայրենիքի վերականգնմանն աջակցելու համար: Միայն Հայաստանի հզօրացմամբ մենք կը կարողանանք վերականգնել մեր երբեմնի միջազգային վարկը, ապահովել մեր ժողովրդի անվտանգութիւնն ու պաշտպանութիւնը: Ահա թէ ինչ փափաքով են գրուած Պարոյրի յոյժ արդիական յօդուածները, որոնցում բարձրացուած ինչպէս ուղղակի, այնպէս էլ անուղղակի հարցադրումներն անմիջականօրէն վերաբերում են Հայաստան-Սփիւռք հիմնահարցերին, ծառացած բազում մարտահրաւէրներին, հայոց լեզուին, եկեղեցուն, մամուլին, պետութեանը, պետական իշխանութեանը, անվտանգութեանը, Սփիւռքի ուծացումը կանխելուն…

Պէյրութահայութիւնը, առաւել եւս մտաւորականութիւնը, իմ վրայ շատ խոր ազդեցութիւն են ունեցել, իսկ նրանց ամենակարկառուն ներկայացուցիչներից են Աղպաշեանները: Նրանց անցած կեանքի ճանապարհը, թողած հետագիծը դաս եւ օրինակ են երիտասարդ սերնդի համար: Լրագրողական, հրապարակախօսական ասպարէզում «Յովհաննէս Աղպաշեան» եւ «Պարոյր Աղպաշեան» ստորագրութիւններն անառարկելի հեղինակութեան խորհրդանիշ են: Նրանք մի ստուար զանգուածի մօտ հիացում եւ հպարտութիւն են առաջացնում, իսկ մարդկանց մէկ այլ խումբ երկչոտ ու հեւիհեւ ընթերցում է, թէ յանկարծ «հարուածը» դէպի իրենց ուղղուած չլինի:

Աղպաշեանական անհանգիստ, ստեղծագործ ու հայաշունչ ոգին անընդհատ որոնումների մէջ է եւ իր ներքին իմաստուն ձայնով գտնում է պատասխաններ, միաժամանակ, ապագայի խիզախ տեսլականով գալիքի իր Արարատն է հիւսում:

Այն, որ հայր եւ որդի Աղպաշեանները հզօր անհատականութիւն են, նուիրեալ մտաւորական եւ ճանաչուած հրապարակախօս, դիւզն անգամ կասկած չկայ: Բաւարար է ծանօթանալ «Մարդը, Գրողը, Թարգմանիչը, Հրապարակախօսը, Քաղաքական Գործիչը, Երգիծագիրը» գրքին` հասկանալու համար, թէ որտեղ է թաքնուած Պարոյր Աղպաշեանի արմատը, որտեղից է սնւում նրա կենսական ու կենսառատ գենը, ինչպիսի դաստիարակութիւն է նա ստացել իր փառահեղ մտաւորական հօրից: Յովհաննէս Աղպաշեանի այս աշխատութիւնը, որ այդքան խնամքով հաւաքել եւ կազմել է շնորհաշատ որդին, սեղանի գիրք կարող է հանդիսանալ իւրաքանչիւր հայրենասէր հայորդու համար: Յովհաննէս Աղպաշեան /Խիկար/ հեղինակի տարիների տքնաջան ստեղծագործական աշխատանքն ամփոփուած է հէնց «Մարդը, Գրողը, Թարգմանիչը, Հրապարակագիրը, Քաղաքական Գործիչը, Երգիծագիրը» վերտառութեամբ 607 էջից բաղկացած աշխատութեան մէջ: Այն ներառում է ութ բաժին, որոնք բովան – դակում են հեղինակի յօդուածները, խորհրդածութիւնները, մտորումները, խոհագրութիւնները Սփիւռքի, Հայրենիքի, Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների, Հայ Դատի, աշխարհում առկայ գաղափարական-քաղաքական հակասութիւնների, ներգաղթի, հայապահպանութեան, հայ- արաբական կապերի, Միջին Արեւելքում տիրող իրավիճակի մասին: Բացի հրապարակախօսական, քարոզչական, վերլուծական յօդուածներից, գրքում տեղ են գտել հեղինակի «Գրական կտորներ»-ը, «Գրականագիտական գեղարուեստական նիւթեր», ինչպէս նաեւ «Խիկարական կսմիթներ եւ խայթոցներ» բաժինները: Ամփոփիչ մասում զետեղուած են հետաքրքրական յաւելուածներ, ներկայացուած են Յովհաննէս Աղպաշեանի կեանքն ու գործը: Գիրքն արժեւորւում է նաեւ հեղինակի կեանքի անմահացած պատառիկներով` լուսանկարներով, որոնք ե՛ւ ընտանեկան են, ե՛ւ աշխատանքային: Մարդը, ում երակներում հայի արիւն է հոսում, պարզապէս չի կարող չըմբոշխնել եւ չհամաձայնուել հեղինակի հետ` կարդալով Հայկական հարցի, հայկական հողերի պահանջի, անխուսափելի ներ գաղթի, Հայ ազգային ազատագրական շարժման ուղու եւ բազում այլ կարեւոր հարցերի մասին:

Մեծ հետաքրքրութիւն եւ արժէք է ներկայացնում Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններին նուիրուած բաժինը: Ինձ հիացրին նաեւ Գրական կտորները, Խիկարի երգի – ծանքը` պարոնեանական որակի կսմիթներով համեմուած: Հեղինակը կարողանում է իր սուր, դիտողունակ, խայթող երգիծանքի` սատիրայի միջոցով վեր հանել ճշմարտութիւնը եւ «մեղաւորներին գամել անարգանքի սիւնին»:

Աշխատութիւնում խտացուած են ոչ միայն հեղինակի իմացութիւնը եւ տարիների կենսափորձը, այլեւ՝ սէրը, ոգին, նուիրումը Հայրենիքի, Սփիւռքի, նրա մարդկանց նկատմամբ: Այն ազգային արժէքների պահպանմանն ու ամրապնդմանն ուղղուած մօտեցումների, մտահոգութիւն ների եւ լուծումների ուրոյն շտեմարան է, միաժամանակ, հայապահպանութեան, ազգային արժէքների եւ ինքնութեան պահպանման, Հայոց ոսկեղենիկ մայրենիի պաշտպանութեան, Հայրենիքը յաւերժ պահելու նպատակով ուժերի համախմբման իւրօրինակ կոչնակ:

Գրքի առաջին` ընդգրկուն բաժինը վերնագրուած է «Սփիւռքեան Հրապարակումներ, Հիմնախնդիրներ, Հոլովոյթներ»: Այն ներառում է յօդուածներ, որոնցում հեղի նա – կը ներկայացրել է իր հարցադրումներն ու մտորումները խնդրոյ առարկայի վերաբերեալ: Հեղինակին անհանգտացրել է հայերի մասնակցութիւնը երկրորդ համաշխարհային պատերազմին: Նա գտնում էր, որ սփիւռքահայերը եւս պէտք է մասնակցեն համաշխարհային պատերազմին, կռուեն կողք-կողքի հայաստանցիների հետ` օգնելու իրենց եղբայրներին, որպէսզի համատեղ ուժերով ապա – հովեն յաղթանակ գերմանական ֆաշիզմի դէմ` դրանով իսկ հարց բարձրացնեն «Թուրքիոյ տիրապետութեան տակ գտնուող Հայաստանի մասը Սովետական Հայաստանին վերադարձնելուն մասին»: Այս նուիրական երազը, այս տեսլականը` որպէս փափաք, միշտ ընդգծուել է նրա յօդուածներում: Արդէն 1945 թուականին Յովհաննէս Աղպաշեանը մեծ խանդավառութեամբ ողջունել եւ միացել է Դերենիկ Դեմիրճեանի կոչին` «Սովետական Հայաստանի հայերս գրկաբաց կ’ընդունենք արտասահմանի մեր եղբայրներին…», եւ դեմիրճեանական այս մօտեցումները` որպէս հայրենադարձութեան հունտեր, արտայայտել է իր հրապարակախօսական յօդուածներում, հնչեցնելով կոչ սփիւռքահայերին` դարձ դէպի Հայրենի:

Գիրքն ամբողջովին ներծծուած է Հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, միաժամանակ, Հայաստան ներ – գաղթելու, Հայրենիքի շէնացմանը համահաւաք մասնակցութիւն ունենալու յորդորներով: Նրան անհանգստացնում էր հայ ժողովրդի զաւակների անապահով վիճակը` Միջին Արեւելքում կրկնուող յեղաշրջումների պատճառով:

Անհուն ցաւով է անդրադառնում արտագաղթին, ներ – կայացնում է, թէ ինչպէս է տնտեսական բարդ պայման – ների հետեւանքով հայկական համայնքը փոքրանում, ինչպիսի հոգեկան ապրումներ են ունենում հեռացողները, ովքեր ստիպուած են լինում կրկին բռնել գաղթի ճանապարհը, այս անգամ` եւրոպական կամ ամերիկեան երկրներ եւ ամէն բան սկսել նորից: Տարբեր առիթներով բարձրաձայնում է ազգաձուլումի վտանգի մասին` մատնանշելով Ֆրանսիայի եւ Ամերիկայի երբեմնի «ծաղկուն» հայ գաղութների վիճակը: Եւ խորին համոզմունքով քարոզում է, որ փրկութեան գործը մասամբ Սովետական Հայաստանի կազմակերպած պարբերական ներգաղթն է: Հեղինակը մեծ հպարտութեամբ է ընդգծում, որ Մայր Հայրենիքը համայն հայութեան անխորտակ կռուանն է: Խիստ տիպական, աղպաշեանական է հետեւեալ ձեւակերպումը. «Դեռ մօտ կէս դար առաջ, մահուան ու արիւնի ճամբարներուն վրայ ուղեկորոյս դեգերող, անտէր ու անօգ – նա կան, բոլորի կողմէ միայն դժբախտ բառով որակուող հայ ժողովուրդը, Սովետական իշխանութեան տարիներուն անճանաչելիօրէն փոխուեցաւ, դարձաւ բոլորի հիացմունքին առարկայ` աշխարհածանօթ ստեղծագործ ժողովուրդ»: Նա գտնում էր, որ ներգաղթը մի կողմից կը փրկի ներգաղթեալներին ձուլումից, միւս կողմից` կ’աւելացնի Հայաստանի բնակչութիւնը, ինչը երկրի հզօրացման հիմք կարող է դառնալ: Նա հաւատում էր հայերի հայահաւաքին Հայրենիքում` իր հրապարակումների մէջ կարեւորելով ներգաղթը: «Ազատութեան կարաւանը աւելի արագ պիտի ընթանայ», «Իմ Հայրենիքը զիս կը կանչէ», «Դարձ դէպի երկիր», «Երեւան հայ ժողովուրդի ծաղ – կող մայրաքաղաքը», «Աշխարհին բացուած հայրենիքը մեր» եւ այլ յօդուածներում որդիական անհուն սիրով փառաբանում է Հայաստանը, քաղաքամայր Երեւանը:

Մասնակցելով Հայ գրողների երկրորդ համագումարին` մօտիկից ծանօթանում է հայաստանցիների կեանքին ու գործունէութեանը, նուաճումներին, տնտեսութեան զարգացման ընթացքին: Նա անթաքոյց ուրախութեամբ շեշտում է, որ Հայաստանը յետամնաց գիւղատնտեսական երկրից վերածւում է արդիւնաբերական հսկայի: Հերոսաբար, զոհողութիւնների գնով հայերը կառուցում են իրենց երկիրը` այն դարձնելով նաեւ կրթութեան եւ գիտութեան օրրան: Հիացմունքով արձանագրում է, որ հայ նորագոյն գրականութիւնը քառորդդարեայ փառաւոր ուղի է անցել` իւրացնելով հայ գրականութեան լաւագոյն աւանդոյթները եւ դրանք հարստացրել նորերով` դուրս գալով գաւառական մտածողութեան սահմաններից, դառնալով միլինաւոր մարդկանց համար հասանելի եւ սիրելի:

Նա հպարտութեամբ է նշում, որ Երեւանը դարձել է գիտութեան, արուեստի եւ արդիւնաբերութեան կենդանի օջախ, այն արագօրէն աճում է եւ բարեզարդւում, քայլ առ քայլ վերացւում են պատերազմի հետեւանքները: Ինչպիսի հաճոյքով է նկարագրում Բաղրամեան պողոտայի վրայ կառուցուող պետական եւ գիտական կառոյցների շինարարութեան ընթացքն ու աւարտը, ներկայացնում Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալետի շէնքի շինարարութիւնը, բարձունքի վրայ կառուցուող Պետական Ձեռագրատան եւ Մատենադարանի նոր շէնքերը. «ուր պիտի զետեղուին մօտ 13 հազար մագաղաթի եւ հին թուղթի վրայ գրուած ձեռագրեր: Շէնքի մուտքը պիտի զարդարուի հայ հին պատմագիրներու եւ գրչի այլ վարպետներու արձաններով»: Անասելի գորովանքով ու սիրով է նկարագրում Աբովեան պողոտան, պողոտայի վրայ գտնուող ճաշարաններն ու սրճարանները: Նրա ոգեւորութեան աղբիւրը Աբովեան փողոցի վերին ծայրում գտնուող պետական համալսարանն է, իսկ ներքեւում` Երեւանի զարդ հանդիսացող հրապարակը իր անզուգական ցայտաղբիւրներով: Առանձնակի սիրով է ներկայացնում երեւանեան թանգարանները, խիստ տպաւորուած է երկրաբանական թանգարանով, ընթերցողին մանրամասնութեամբ ներկայացնում է պատմութեան թանգարանը, նրա սրահները, յատկապէս կանգ է առնում կերպարուեստի թանգարանի հայ միջնադարեան մանրա նկարչու թեան վրայ, ապա Բաշինջաղեանի, Կոջոյեանի եւ Սար եա նի սրահ – ների նիւթերն է նկարագրում: Նա մեծ հետաքրքրութեամբ ներկայացնում է քանդակագործութիւնը, ցուցադրուած քանդակներն ու նրանց հեղինակներին: Աղպաշեանի համար Հայրենիքում իւրաքանչիւր քար, թուփ, շէնք հարազատ է, գեղեցիկ, անկրկնելի, հայկական` իրենը…

Հայաստանին «Ցտեսութիւն» ասելով` հեղինակը եզրակացնում է, որ Հայաստանի փրկութիւնը նրա սովետականացումն էր եւ ի հարկէ, իր ճակատագիրը ռուս ժողովրդի հետ կապելը: Նրա աշխատանքների մի մասը նուիրուած են համաշխարհային պատերազմին հայերի մասնակցութեանը, հերոս հայորդիների կերպարներին, հայ մարշալների ու գեներալների խիզախութիւններին եւ ի վերջոյ, սովետական ժողովրդի հերոսական յաղթանակին եւ ֆաշիզմի ջախջախմանը: «Սոցիալիզմի գիտական, թեքնիք ու ռազմական նուաճումներուն հիման վրայ, որոնց իրագործման մէջ իր պատուաբեր մասնակցութիւնը բերաւ հայ ժողովուրդը, սովետական իշխանութիւնը Հայաստանը դարձուց անխոցելի, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ապահովուած երկիր»:

Այդքան ազգային, այդչափ հայրենասէր անձնաւորութեանը չէր կարող չմտահոգել հայկական հարցը, եւ նա իր «Բարեկիրթ» թուրք լրագրողը», «Հայկական հողերու պահանջը անբաժանելի է ներգաղթէն», «Մտորումներ Հայ Դատին շուրջ», «1915-1946 երկու հակադիր թուականներ» եւ այլ գործերում արտայայտում է տառապող հայի ճիչը` կապուած իրենից խլուած Հայրենիքի, անարդարութեան, թուրք ենիչերների կատարած ոճրագործութիւն ների հետ: Նա համոզուած գրում է, որ մի օր թուրքը կարող է վերացնել հին թշնամանքը, մասամբ թեթեւացնել իր վզին ընկած արեան պարտքը եւ խաղաղ յարաբերութիւն – ներ ստեղծել հայերի հետ: Նա խաղաղութեան մունետիկ էր եւ մեծ ոգեւորութեամբ է նշում Նիկիտա Խրուշչովի պատգամի մասին, ով առաջարկել էր, որ հողային եւ սահմանային վէճերը պէտք է լուծուեն միայն խաղաղ միջոցներով` միջազգային համաձայնութեամբ: Դիմելով աշխարհասփիւռ հայութեանը` նշում էր, որ նրանք իրենց համեստ լուման կարող են ունենալ խաղաղութեան ապահովման մեծ, համամարդկային գործում, այնուամենայնիւ պէտք է ուշիմօրէն եւ հաւաքական ճիգերով հետապնդեն իրենց Դատը:

Որքան հեռատես էր Յ. Աղպաշեանը, որ իր յօդուածներում երբեւէ Հայ Դատի լուծման յոյսը միջազգային կառոյցների վրայ չէր դնում: Իր «Դարձեալ մոռացուեցաւ հայ ժողովուրդը» յօդուածում շեշտում է, որ հայ ժողովուրդն ամէնուր իր ձայնն է բարձրացնում արդարութեան վերականգնման, դարի իր բազմաչարչար խնդրին անդրադառնալու առումով եւ արձանագրում. «Աշխարհի մեծագոյն բեմը` ՄԱԿ-ը, որուն կ’իյնար առաջին հերթին արձագանգել հայ ժողովուրդին եւ անոր բարեկամներու կոչին քար լռութիւն պահեց ամենահանդիսաւոր մէկ պահուն ` իր իսկ կողմէ հռչակուած «Մարդկային իրաւունքներու օր»-ուան առթիւ»: Աղպաշեանը պատգամում է, որ հայաստանեան իշխանաւորները Թուրքիայի հետ յարաբերութիւններ կարող են հաստատել միայն ցեղասպանութեան ճանաչման եւ մեր հողերը վերադարձնելու դէպքում: Նա երիտասարդութեանը կոչ է անում երբեք մոռացութեան չտալ Հայ Դատը, որպէսզի չխամրի եւ վառ պահուի Ապրիլի 24-ի խորհուրդը:

Երիցս ճիշդ էր Յ. Աղպաշեանը, քանի որ միջազգային կառոյցների քար լռութիւնը, անտարբեր կեցուածքը, ազգային ողբերգութեան նկատմամբ ունեցած մօտեցումներն ակնյայտօրէն դրսեւորուեցին անգամ մեր օրերում` ղարաբաղեան 44-օրեայ պատերազմի ընթացքում, երբ ֆոսֆորի անձրեւ էր տեղում արցախցիների գլխին, երբ Ատրպէյճանն անօրինական կերպով պահում է գերիներին, կոպտօրէն խախտում միջազգային մարդասիրական իրաւունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Իրենց մարդու իրաւունքների պաշտպան հռչակած, համամարդկային մշակութային արժէքների ջատագով կառոյցների աչքի առջեւ ազերիների կողմից ոչնչացւում են հայ դարաւոր մշակութային յուշարձանները, մեր ժանեակակերպ խաչքարերն ու գերեզմանները, կողոպտւում եւ թալանւում են հայկական թանգարաններն ու եկեղեցիները… Արցախի անդամահատումը նման էր Հայոց Ցեղասպանութեան անցքերի կրկնութեանը: Եւ այսօր, այս պայմաններում առաւել պէտք է խօսենք եւ պահանջենք, ձայն բարձրացնենք Արցախի ամբողջականութեան վերականգնման եւ Հայ Դատի արդարացի լուծման համար: Մենք երբեք չպէտք է մոռանանք մեր մեծերի պատգամը: Փոթորկուն այս օրերին Հայոց անհուն ցաւը` ապրիլքսանչորսեան վիշտը, հայ ժողովրդի ցասումը, յատկապէս, երիտասարդների պահանջատիրութիւնը, վերջապէս մէկ դար ու վեց տարի յետոյ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան եղելութեան ընդունումը, կարծես մի նոր քայլ էր հայերի` իրենց իրաւունքների վերականգնման համար պայքարում, եւ այդ պայքարը երբեք կանգ չպէտք է առնի…

Յ. Աղպաշեանը Հայաստանի զարգացման հետ էր կապում նաեւ Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների զարգացումը: Նա մեծ ոգեւորութեամբ ներկայացնում էր ծաւալուն թափ ստացող մշակութային կապերը, փոխադարձ այցելութիւնները, կարեւորում Սփիւռքի հետ մշա – կութային կապերի կոմիտէի գործունէութիւնը, «Հայրենիքի Ձայն» թերթի հրատարակումը Հայրենիքի մէջ: Հայաստանը դիտարկում էր որպէս արտաշխարհի հայութեան յոյսի եւ պարծանքի առարկայ, ազգապահպանումի հզօր կեդրոն: Հայաստանի գոյութիւնն ու հզօրացումը յոյս էր ներշնչում սփիւռքահայի մէջ, որի երգն այլեւս պանդուխտի լացակումաց ողբը չէ` լքուած հայերի օճախի վրայ, այլ գովերգի ու պարծանքի երգ է ծաղկած ու հզօր հայրենիքի մասին: Նրա հոգին ցնծում էր, որ ցեղասպանութեան խնդիրը դարձել է նաեւ հայաստանցիների հարցը, Հայաստանում շուքով նշուել է Ցեղասպանութեան 50-րդ տարելիցը, Ծիծեռնակաբերդում կառուցուել է Ցեղասպանութեան յուշահամալիր:

Հեղինակը Սփիւռք-Հայրենիք փոխյարաբերութիւնների կիզակէտում է պահում հայապահպանութեան հիմնահարցերը: Նրան խորապէս մտահոգող հանգամանքն էր, թէ արդեօ՞ք Սփիւռքում հայերը կը դիմակայեն սպառնացող մարտահրաւէրներին եւ մինչեւ ե՞րբ: Նա գտնում էր, որ խոշոր համայնքներում հայութիւնն իբրեւ իրար հետ նմանութեան հասարակաց յայտանիշ ունեն իրենց հայկական ծագումը, լեզուն ու մշակոյթը, սովորոյթներն ու աւանդոյթները, որոնք տարբեր տարածաշրջաններում, տարբեր արագութեամբ` դանդաղ, թէ արագ, կը շիջեն:

Նա յաճախ է անդրադառնում համայնքային կեանքին եւ մասնաւորապէս լիբանանահայութեան տոկունութեանը: Եւ բազմիցս է արձանագրել, որ հայերն ունեն իրենց աչքառու տեղը Լիբանանի յատկապէս տնտեսական եւ մշակութային կեանքում: Զգալի է նաեւ լիբանանահայութեան մասնակցութիւնը Լիբանանի քաղաքական կեանքին, երբ փառլամենթական ընտրութիւնների միջոցով իբրեւ երկրի սահմանադրական հիմնադիրներից մէկը ներկայացնում է ընտրական ուժ եւ իր հաստատուն տեղը գրաւում փառլամենթում ու նաեւ դրանից ածանցուած կառավարութիւնում:

Հայապահպանութեան գործը Սփիւռքում նա համարում է բարդ եւ դժուարին, անգամ` հերոսական ճիգեր պահանջող գործընթաց: Նա գտնում էր, որ այդ աշխատանքները պէտք է իրականացնել երեք ուղղութիւններով: Այսպէս, ըստ Յ. Աղպաշեանի` հայապահպանութեան հիմնական գործօններն են.

ա) հայ ժողովրդի աշխատաւոր խաւերին բարեկամացնել ու կապել իր գտնուած երկրների դեմոկրատական-առաջադիմական ուժերի հետ, որոնք ապագայ ունեն, յարգում են ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները եւ որոնց մօտ խաթարուելու եւ այլասերուելու վտանգ չկայ,

բ) հայապահպանումի տեղական ճիգը (կրթական, մամուլի, մշակութային կազմակերպութիւնների մարզից ներս) զուգորդել, համակարգել Հայրենիքի ճիգի հետ: Ոգեւորել եւ արմատաւորել Հայրենիքի նկատմամաբ սէր` ճշգրտօրէն տալով Հայաստանի իրական պատկերը` առանց գունազարդումների, առանց թերութիւնները թաքցնելու: Այս է իրական հայրենասիրութիւնը եւ միայն դրա վրայ է հնարաւոր երկարաձգել հայապահպանութիւնը Սփիւռքում` մինչեւ որ ստեղծուեն ընդհանուր հայահաւաքի համար աւելի ձեռնտու ներքին եւ արտաքին պայմաններ,

գ) ցանկալի է, որ Հայրենիքն իր հերթին աւելի ընդարձակ եւ բազմակողմանի դարձնի կապերը Սփիւռքի հետ. տպագրի տարբեր լեզուներով գրքոյկներ եւ տարածի այն երկրներում, որտեղ աւելի շատ հայեր են ապրում: Նրա երազանքն էր, որ Հայաստանը դառնայ միջազգային չափանիշներին համապատասխանող զբօսաշրջութեան կեդրոն, երկիր, որտեղ աւելի ու աւելի շատ հայեր եւ օտարերկրացիներ այցելեն եւ ծանօթանան հայկական մշակոյթին, սոցիալտնտեսական ձեռքբերումներին: Վերջապէս` շարունակուի ներգաղթը, որը հայապահպանման ամենաազդու դարմանն է (ընդգծումը Աղպաշեանինն է):

Նման մօտեցում ներից զատ, հեղինակն առանձնացնում է երիտասարդութեանը, նրան հայրենասիրութեան եւ ազգասիրութիւն ոգով դաստիարակելու խնդիրը, կարեւորում նրա տագնապներին, մտորումներին, նրա առօրեայի եւ ապագայի մասին խորհրդածութիւնները: Նա կարծում է, որ հայ երիտասարդն անպայման վարժարան, բարձրագոյն դպրոց պէտք է աւարտի, սակայն կարեւոր է նաեւ, թէ իր մասնագիտութեամբ կը գտնի՞ արդեօք աշխատանք, որպէսզի լաւատեսութիւնը յոռետեսութեան չվերածուի: Երիտասարդութեան զբաղուածութիւնը նրա ապագայի վրայ կարող է բարերար ազդեցութիւն ունենալ, իսկ գործազրկութիւնը կամ անարդիւնաւէտ աշխատանքը ստեղծում են նեղուածութեան ֆօն, ձեւաւորում ոչ-բարենպաստ մթնոլորտ եւ երիտասարդութեանն ապակողմնորոշում, մղում ոչ-լաւ արարքների: Նրա կարծիքով, երիտասարդ սերնդի լաւագոյն ապագան Հայաստանն է, որտեղ ապահով ապրելու, զարգանալու բոլոր հնարաւորութիւնները կան: Այլ համայնքների մէջ նպատակ պէտք է դնել երիտասարդութեանն աշխատանքով ապահովելու, նրան դէպի զարգացման ուղի ցոյց տալու, ընկերային եւ ազգային լաւագոյն ապագայի համար պայքարող ուժերի մէջ ձուլելու, որոնց մէջ երիտասարդութիւնն ունի իր ակնառու տեղն ու գործուն դերը: Այս քայլերը կարող են ներկայ պայմանների մէջ օգնել, դառնալ երաշխիք` կանխելու երիտասարդութեան յարաճուն վարանումները, սայթաքումներն ու ուղեկորոյս վիճակը եւ նրան տալու հասարակական ու ազգային ճիշդ կողմնորոշում եւ ուղեգիծ:

Լինելով լրագրող եւ երկարամեայ խմբագրապետ` նրան չէր կարող չյուզել հայկական մամուլի վիճակը Սփիւռքում եւ յատկապէս լիբանանահայ մամուլի վիճակն ու գնալով նուազող ընթերցողների թիւը: Նա ցաւով ու վրդովմունքով շեշտում է, որ շատերը պատճառաբանելով ժամանակի սղութիւնը, ընտանիքում հայերէն կարդացողների պակասը, գերադասելով կարդալ օտար մամուլ, չեն բաժանորդագրւում եւ չեն կարդում հայկական մամուլ: Միւս կողմից, չկան հովանաւորներ, բարերարներ, մամուլը գնալով դառնում է առեւտրային, միաժամանակ, ընթերցողների պակասը հարցականի տակ են դնում թերթերի տպագրութեան գործը: Ակնյայտ է, որ հատուածային, ոչհամահայկական կարծիքի ձեւաւորմանը չեն նպաստում նաեւ միայն իր «իւղով տապակուելու» ելած թերթերը: «Մամուլը ազգապահպանումի գործին ճիշդ նպաստելու համար, պէտք է ունենայ իրապաշտ ուղղութիւն, լրջօրէն հաշուի առնէ մեր երիտասարդութեան մտայնութիւնը, ճաշակը, ձգտումները, պահանջները եւ ըստ այնմ բարձրացնէ իր բովանդակութիւնն ու մօտեցումի մակարդակը»: Միանշանակ ճիշդ էր այն պնդումը, որ մեծ է հայ մամուլի դերը Սփիւռքում հայապահպանութեան, ազգային արժեհամակարգի պահպանման, մայրենիի տարածման, հայ մշակոյթի ու գրականութեան զարգացման գործում:

Յովհաննէս Աղպաշեանն իր շատ հրապարակումներում մեծարում, շնորհակալ է լինում նաեւ արաբ ժողովրդից, այն երկրներից, որոնք իրենց դռները բացեցին եւ տանիք ու աշխատանք տուեցին թուրքական եաթաղանից մազապուրծ, ծուատուած հայ ժողովրդի մի հատուածին: Պատերազմը, տնտեսական դժուարութիւնները, ոճրագործութիւններն առաւել եղբայրացրին արաբ եւ հայ ժողովուրդներին: Նրանք ունէին ազատութեան, հոգեկան վեհութեան, նուիրումի եւ խիզախութեան նոյն պատկերացումներն ու ձգտումները: Արաբական աշխարհում ապաստանած հայ ժողովրդի բեկորները արաբների հետ միասնաբար կրեցին ե՛ւ դժուարութիւնների բեռը, ե՛ւ միասնաբար նշեցին յաղթանակներ, տօնեցին եւ զգացին անկախութեան բերկրանքը, արժեւորեցին համատարած գրագիտութեան հասնելու, մշակոյթը զարգացնելու արդիւնքները, նրանք համատեղ կառուցեցին իրենց նոր հայրենիքը: Նա յատկապէս ընդգծում է դպրոցների թուի աւելացումը, ազգային դպրոցների հիմնումը, ինչպէս նաեւ համալսարանների հիմնումը եւ այնտեղ իգական սեռի ուսանողների կրթութեան գործընթացի կազմակերպումը` անգամ հետ չմնալով ԱՄՆ-ից: Ինչպէս կ’ասէր Աղպաշեանը, Սփիւռքը կարելի չէ հակադրել Հայաստանին: Աղպաշեանի տարբեր առիթներով արտասանած ճառերը, յոբելեաններին նուիրուած զեկուցումները լի են ազգասիրութեան եւ հայրենասիրութեան լոյսով, հայապահպանութեան, արաբ ժողովրդի հետ բարեկամութեան ոգով, լիբանանեան համայնքին տուած բարձր գնահատականներով, հայ գրականութեան մեծերին ըստ արժանւոյն գնահատելու ձգտումով: Նրա յօդուածների մի շարքն էլ նուիրուած է Հայաստանեանց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի կեդրոնը Սուրբ Էջմիածինն է: Նա ճշգրտօրէն բնութագրել է հայ եկեղեցու եւ յատկապէս Էջմիածնի տեղն ու դերը հայապահպանութեան գործում. պետականութիւնից զուրկ եւ անտիրական հայ ժողովուրդն իր փրկութիւնը տեսել է Էջմիածնի շուրջ համախմբման մէջ` այն համարելով իր գոյութեան միակ կռուանը: Նրանք կարողացան դիմակայել Շահ Աբասին, ով յանդգնում էր Էջմիածինը տեղափոխել Պարսկաստան: Էջմիածնի վերացումը հայ ժողովրդի համար այդ ժամանակներում կը նշանակէր հաւատքի կորստից աւելի` ազգային գոյութեան կորուստ: Աղպաշեանն անասելի խնամքով ու գորովանքով է նկարագրում իր մուտքը Էջմիածին, թէ ինչպէս անմիջապէս աչքերին է զարկել զանգակատունը, ապա մինչ սովետական կարգերի հաստատումը միակ կրօնական բարձրագոյն ուսումնական հաստատութեան շէնքը` Գէորգեան ճեմարանը եւ տեսել է բակում տեղադրուած` տուեալ ժամանակի հայ քաղաքական մտքի ամենալուսաւոր դէմքի` Անաստաս Միկոյեանի արձանը: Նրան շատ տպաւորել են յաւիտենական քուն մտած մեր տաղանդաշատ Հայրապետների գերեզմանները` եկեղեցու բակում ամփոփուած եւ ծածկուած մարմարէ վերմակներով` Ներսէս Աշտարակեցի, Խրիմեան Հայրիկ… Նա նշում է, որ տպաւորիչ էր Տաճարը, որի որմերն ու պատերը գեղազարդուած էին Նաղաշ Յովնաթանի վրձնով, խորանի առաջամասի մարմարի վրայ գծած էին սրբերի նկարները` իրենց գոյների ամբողջ ուժգնութեամբ: Նա նաեւ խցում տեսել է մասունքներ, զարդեր, թագեր, շուրջառներ, Յիսուսի խաչափայտեայ փշրանքը, գաւազաններ, որոնք հետագայում յաւուր պատշաճի պէտք է տեղ գտնէին Էջմիածնի թանգարանում:

Հիացած ներկայացնում է իմաստուն Վեհափառի ընդունելութիւնը: Իրեն եւ իր ընկերներին վեհարանում ըն – դունելիս` Վեհափառը խօսել է հայերի միասնութեան եւ Հայրենիքի շուրջ համախմբման մասին: Վեհափառը յատուկ շեշտել է, որ «եկեղեցին հայ ժողովրդի ծառան է»:

Հեղինակը թախիծով է յիշում Կոմիտաս Վարդապետի դաշնամուրի մասին, որ այդպէս էլ դարձել է էջմիածնական մասունք` այլեւս երբեք չհնչեցնելով տարաբախտ վարդապետի սրտի ձայնը: Յովհաննէս Աղպաշեանն այնքան հիւթեղ լեզուով, պատկերների առատութեամբ եւ սիրով է նկարագրում իր Հայրենիքը, Էջմիածինը, որ տարագիր հայերը ընթերցելիս անգամ սիրահարւում էին իրենց Հայրենիքին եւ փափաքում գէթ մէկ անգամ այցելել Հայաստան:

Գրքի իւրաքանչիւր էջից վեր է յառնում իր ժողովրդին անպարագիծ սիրով սիրող անձնաւորութեան` նուիրեալ Հայի կերպարը: Նրա բազմակողմանի վերլուծական մտքի շողարձակումները, խորաթափանց դիտողականութեան վառ արտայայտութիւնները լոյս են սփռում ոչ միայն հիմնահարցի, իր կողմից առաջադրուած խնդրի վրայ, այլ մարդկային պայծառ էութեան, լուսաւոր կերպարի ու վառ անհատականութեան վրայ:

Նա իր ամբողջ կեանքը նուիրել է իր ժողովրդին, նրա պատմութեանը, դեգերումներին, ստեղծագործել է, յաճախ գիտական վերլուծութիւն կատարել` կապելով Հայրենիքն ու Սփիւռքը միմեանց:

Յ. Աղպաշեանը թողել է հսկայական գրական ժառանգութիւն եւ ի հարկէ, ժառանգներ, որոնց փայլուն ներկայացուցիչը Պարոյրն է: Այսօր էլ գործող լրագրող ու տաղանդաշատ հայագէտ Պարոյր Աղպաշեանի հզօր խօսքին, վերլուծական մտքին շատերս ենք սպասում:

Ուսումնասիրելով Յովհաննէս Աղպաշեանի գիրքը, հիանալով նրա հարցադրումների, բարձրացուած հիմնախնդիրների խորութեան ու այժմէականութեան վրայ, ամբողջովին միանում եմ գրքի առաջաբանում` «Ձօն»-ում, Պարոյր Աղպաշեանի տուած գնահատականին առ այն, որ ազգաշունչ ու հայրենապաշտ մեծ Մարդ եւ մեծ Հայ էր ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՂՊԱՇԵԱՆԸ, «Ով իր գիտակցական ամ – բողջ կեանքի ընթացքին դարձաւ դրօշակակիրը իր ազգային-գաղափարական հաւատամքին, անսակարկ օրէն եւ անտեղիտալիօրէն ծառայելով, արտադրելով, գաղափարախօսելով, ստեղծագործելով, թարգմանելով, երգիծագրելով ու հրապարակագրելով, իր ազգային առաքելութեանը հաւատարիմ` արդիւնաշատ գործընթացով մը»:

Արդիական են աղպաշեանական բանաձեւումները, համահունչ մեր ժամանակներին: Հաշուի առնելով նրանց հարցադրումները` գործենք խելամտօրէն, լինե՛նք լաւատես ու հաւատա՛նք մեր ժողովրդի իմաստնութեանը եւ ինքնապահպանման ներուժին, փորձութիւններին դիմակայելու եւ վեր յառնելու, զարթօնք ապրելու կարողութեանն ու յաւերժելու վերին հրամանին: Ակնկալենք խաղաղ ու ստեղծագործ օրեր, ճիշդ կողմնորոշում, որոնք պէտք է գան եւ հնարաւորութիւն ընձե – ռեն մեզ` ազգովի վերակառուցելու մեր Սուրբ Ոստանը` մեր բազմաչարչար ու չքնաղ Հայրենիքը` մեր Հայաստանը:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին