Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

«Գաւառը» Լուսարձակի Տակ – 24-

Փուշքինօ․ Ռուսական Անուանումով Փոքրիկ Դրախտը՝ Հայաստանում
Քրիսթինա  Աղալարեան
«Զարթօնք»ի Երեւանի Աշխատակից

Մեր հայրենիքի կանաչ դրախտը՝ Լոռու մարզը բացայայտելու ու չքնաղ բնութեամբ հիանալու համար օրերը, շաբաթներն ու ամիսները անգամ քիչ են։ Երբ ճանապարհին հանդիպում ես «Լոռու մարզ» գրութեամբ ցուցանակ, արդեն պարզ է, որ դրախտի դռները բացւում են։ Սակայն, ցաւալին այն է, որ մարզում ցանկացած գիւղ մտնելիս աչք ծակող առաջին հանգամանքը քարուքանդ ճանապարհներն են։

Մեր կանգառը Լոռու Փուշքինօ գիւղն է։  Ճանապարհին չկայ ցուցանակ, որը կը յուշի, որ դա Փուշքինօ գիւղն է։ Նախկինում հաւանաբար եղել է, հիմա չկայ։ Տեղաբնակներն ասում են՝ մենք անտէրութեան մատնուած գիւղ ենք։ Բայց ինչպէ՞ս կարելի է հայրենիքի այս դրախտային հատուածներից մէկը մատնել անտէրութեան։ Աններելի է։

Փուշքինօ գիւղը գտնւում է Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի աջակողմեան Գարգառ վտակի ափին։ Փուշքինօ է վերանուանուել 1937 թ. փետրուարի 14-ին։  Բարձրութիւնը ծովի մակերեւոյթից՝ 1450 մ, հեռաւորութիւնը մարզկենտրոնից՝ 15 քմ հիւսիս-արեւմուտք։

Բնակչութիւնն հիմնականում զբաղւում է անասնապահութեամբ, հացահատիկի եւ կերային ցանքի մշակութեամբ։ Գիւղը շրջապատուած է բարձր սարերով եւ թաւուտ անտառներով: Համայնքով հոսում է Գարգառ գետակը, որը սկիզբ է առնում Բազումի լեռնաշղթայից: Օդը կազդուրիչ է, առողջարար, բուսականութիւնը` նախալեռնային:

Փուշքինոյում պահպանուել են միջնադարեան եկեղեցու կանգուն մնացորդներ: Համացանցում շատ քիչ տեղեկութիւն կարելի է գտնել գիւղի մասին։ Բայց շրջելով գիւղում անհնար է չնկատել այն հարստութիւնը, որն առկայ է։

Ցարական կայսրութեան ժամանակ Փուշքինօն եղել է ռուսական գիւղ, ապրել են միայն ռուսներ։ Տեղաբնակ Ռուբէն  պապիի պատմելով՝ այստեղ հայերին թոյլ չեն տուել ապրել։ Երբ տեղաբնակներին հարցնում ենք գիւղի անուան պատմութիւնը, բոլորը յիշատակում են ռուս գրող Ալեքսանդր Փուշքինի եւ Ալեքսանդր Կրիպոյետովի հանդիպման դիպուածը։ 

Ըստ այդմ՝ գիւղը կրում է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Փուշքինի անունը, ով 1829 թուականին Էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է ռուս գրող, դիւանագէտ Ալեքսանդր Կրիպոյետովի աճիւնը սայլով Իրանից Թիֆլիս տեղափոխողներին։ Հանդիպման վայրում կառուցուած է աղբիւր-յուշարձան։

Կրիպոյետովը դեսպանատան 37 աշխատակցի հետ միասին սպաննուել է Պարսկաստանի մէջ 1829 թուականի Յունուարի 30-ին, մոլեռանդ իսլամ խառնամբոխի ձեռքով։ Նրա՝ անճանաչելիութեան աստիճան այլանդակուած դիակը երկու հայ եզասայլով հասցրել են  Թիֆլիս։

Գիւղապետարանի մօտ կայ Երկրորդ աշխարհամարտին զոհ դարձած Փուշքինոյի բնակիչ զինուորականներին նուիրուած յուշարձան։

Հայերը գիւղում սկսել են բնակուել 1988 թուականի երկրաշարժից յետոյ, երբ ռուսները լքել են գիւղը։ Տեղաբնակները ասում են՝ Փուշքինօն մեծ ներուժ ունեցող գիւղ է, որը, սակայն, այսօր չի օգտագործւում։ Այն կարելի է օգտագործել եւ՛ գիւղատնտեսական նպատակներով, եւ՛ զբօսաշրջային։ Գիւղում մի քանի հիւրատներ կան, կարելի է ասել զարգանում է զբօսաշրջութիւնը, մարդիկ սկսում են աւելի շատ տեղեկանալ գիւղի մասին։ Բայց դա դեռ բաւարար չէ։ Հարկաւոր են աւելի լուրջ քայլեր։

Փուշքինոյի գիւղապետ Սուրէն Աւետիսեանը, սակայն, ասում է՝ Փուշքինօն աղքատ գիւղ է, մարդիկ լաւ չեն ապրում։ Ճիշտ է պետական աջակցութիւն լինում է, օգնութիւններ յատկացւում են, բայց դա շատ քիչ է գիւղը նորոգելու համար։

Փուշքինոյում զբօսնելիս գեթ մէկ նորակառոյց տուն չես նկատի։ Բոլորը նախկինում եղած տներն են՝ ռուսական ճարտարապետութեամբ։ Լաւագոյն դէպքում տների պատուհաններն են փոխուած։ Որոշների դէպքում անգամ դա արուած չէ։ Մեր աչքից չէր վրիպում նաեւ այն տները, որոնց դարպասների վրայ ներկով գրուած է՝ վաճառւում է։ Այդպիսի տները քիչ չեն։

Քարուքանդ փողոցներով քայլելիս հանդիպեցինք գիւղի տարեցներից մէկին, ով այգում աշխատանքներ էր իրականացնում։ Նա Փուշքինօ է տեղափոխուել Գարգառ գիւղից՝ երկրաշարժից յետոյ։ Փուշքինոյում բնիկ 4 ընտանիք է եղել հայ, մնացած բոլորը գիւղ են եկել 1988-ի երկրաշարժից յետոյ։ «Մենք Կիրովականում էինք ապրում, ես ծնունդով Գարգառից եմ, երկրաշարժից յետոյ աղջկաս ամուսինը եկաւ էստեղ, տունն առաւ, նորոգեցինք ու սկսեցինք ապրել։ Էն ժամանակ ռուսները չէին թողում այստեղ հայեր ապրէին, ասում էին՝ հայերը գող են»,- պատմում է պապիկն ու ցոյց տալիս իր այգին, մշակաբոյսերը, որոնք իր կնոջ հետ եղանակին աճեցնում են։ Գիւղում հիմնականում զբաղւում են գիւղում ու հողագործութեամբ։ Դրանով վաստակած գումարներով էլ ապրում են։ Չեն բողոքում։ Ժպտում են։

Փուշքինօն  մանկապարտէզ չունի, չնայած որ մանկահասակ երեխաներ շատ կան գիւղում։ Դպրոցում էլ սովորում է 50 աշակերտ։ Փուշքինոյի հիմնական դպրոցը վերակառուցուել է 2001 թուականին: Աւելի ուշ՝ 2019 թուականի հոկտեմբերին գիւղի միակ դպրոցը բարեկարգուել է «Զարթօնք»-ի «Գաւառը լուսարձակի տակ» շարքի հեղինակ, 1960 –ականներից հայրենադարձ նախկին եգիպտահայ մեր աշխատակցի՝ Վահան Անտոնեանի հոգեհարազատ Եգիպտոսի Գալստեան-Նուպարեան-Պօղոսեան վարժարանների նախկին սաների աջակցութեամբ։ 

Երիտասարդներ գիւղում  ամեն քայլափոխի չես հանդիպի։ Նրանք կա՛մ Երեւանում են, կա՛մ Ռուսաստանի դաշնութիւնում։ Մեղադրելու չէ, գիւղումապրելը դժուար է․․․

Փուշքինոյի գիւղատնտեսական առեւտուրի հնարաւորութիւնների ու ներդրումային ներուժի մասին կը խօսենք յաջորդիւ։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին