Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսուած օթեակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահուածքի դէմ։
Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կը ներես», «Անդրանիկ Քոչարեան, շուրթերդ մաքրի՛ր» գրութիւններով, ինչից յետոյ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:
Ակցիան իրականացւում էր՝ ի պատասխան օրեր առաջ ՔՊ-ական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի՝ Yerevan Tribune լրատուական կայքի լրագրող Հռիփսիմէ Ջեբեջեանին սանձարձակ բառապաշարով վիրաւորելու:
Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինեանի թիմակցի պէս չէին վիրաւորում որևէ մէկին, լուռ իրականացնում էին իրենց ակցիան՝ իրենց համար իսկ այս իշխանութեան օրօք ապակեպատ, իրենցից մեկուսացուած առանձին օթեակում:
Լրագրողները պահանջում էին յարգել իրենց աշխատանքն ու չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականութիւնների իրականացմանը: ՊՊԾ աշխատակիցները որևէ իրաւունք չունէին տառացիօրէն յարձակուել լրագրողների վրայ, բռնութիւն կիրառել նրանց նկատմամբ, քաշքշել ու խոչընդոտել նրանց աշխատանքին:
Ազգային ժողովի անվտանգութեան ապահովումն ունի հիմնարար կարևորութիւն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպէտք է «թաքցուեն» անվտանգութեան կանոնների հետևում:
Լրագրողների աշխատանքի առանձնայատկութիւնները պէտք է բխեն բացառապէս ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպէտք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:
Բաւական չէ՝ անվտանգութեան կանոնների «հովանու ներքոյ» լրագրողների աշխատանքի սահմանափակումները պահպանելու համար ամենուր անվտանգութեան ծառայողներ են տեղակայել, նոյնիսկ իրենց իրաւունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկէ, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարութեան կողմից իջեցուած հրամանի:
Հայաստանի ժուռնալիստների միութիւնը ևս մէկ անգամ յիշեցնում է, որ ինչպէս լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպէս էլ լիազօրութիւններից չբխող գործողութիւններ կատարելիս ֆիզիքական հարկադրանքի կիրառումը քրէական պատասխանատուութիւն ենթադրող արարքներ են:
Գլխաւոր դատախազութեանը յորդորում ենք այս յայտարարութիւնը դիտարկել որպէս հաղորդում յանցագործութեան մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ի դէպ, տեղին է յիշեցնել, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան համանուն ԱԺ խմբակցութեան լրագրող-պատգամաւորները նախկին իշխանութիւնների օրօք իրենց լրագրողական գործունութիւնն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում՝ կառավարող մեծամասնութեան՝ Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) ներկայութեամբ, հանդուրժողականութեան մթնոլորտում, իսկ այժմ նոյն այդ քաղաքական թիմը չի հանդուրժում անգամ լրագրողական օթեակում իրականացուող լուռ ակցիան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՆ ԱՀԱԶԱՆԳ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ
Կոչով դիմում ենք նաև միջազգային լրագրողական և իրաւապաշտպան կազմակերպութիւններին՝ Հայաստանում իշխանութիւնների կողմից լրագրողների, լրատուամիջոցների նկատմամբ տեղի ունեցող սանձարձակ, լկտի վերաբերմունքի, բռնութիւնների, լրագրողական աշխատանքի խոչընդոտման բազմաթիւ դէպքերի, ազատ խօսքի ոտնահարման և, ամենակարևորը, երկրում ստեղծուած անպատժելիութեան մթնոլորտի առնչութեամբ: Հայաստանում իրաւապահ համակարգը ծառայում է բացառապէս իշխանութիւններին՝ քաղաքական ընդդիմախօսներին և լրագրողներին լռեցնելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆԵԱՆ
26.03.2025թ.