Շաբաթ, 27. 04. 2024

spot_img

Հրանուշ Յակոբեանի «ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈՒՂԻՆ (2008-2018 ԹԹ.)» Եռահատորը

Առաջաբան

ԱԼԲԵՐՏ ԽԱՌԱՏԵԱՆ

Պատմական գիտութիւնների դոկտոր,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Աշխատութիւնը կազմուած է երեք հատորից, որոնցում ամփոփուած են Հրանուշ Հրանդի Յակոբեանի՝ ՀՀ սփիւռքի նախարար աշխատած ժամանակաշրջանի հիմնական ելոյթները,  զեկուցումները, ողջոյնի և շնորհաւորանքի խօսքերը: Նախարարը, շուրջ տասը տարիների ընթացքում վարելով Հայաստան-Սփիւռք գործակցութեան քաղաքականութիւնը, հրապարակային ելոյթներով հանդէս է եկել համահայկական, մասնագիտական համաժողովներում, համահայկական կազմակերպութիւնների, սփիւռքեան համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։ Համայնքների հետ աշխատանքները կազմակերպելու գործընթացում ներկայացրել և հիմնաւորել է ՀՀ պետական քաղաքականութեան հիմնական դրոյթները։ Սկզբունքային մօտեցումը եղել է այն, որ Հայրենիքը կամ Սփիւռքը առանձին չեն դիտարկուել. Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնները, դրանց քաղաքական, ազգային, բարոյական, պատմական, հոգևոր-մշակութային շերտերը քննուել են միասնաբար, ինչը, կարծում ենք, խիստ տրամաբանուած և արդարացուած մօտեցում է: Երեք հատորի բոլոր գլուխներում արծարծուած թեմաներում տարբեր տեսանկիւններից անդրադարձ է կատարւում ՀՀ պետական քաղաքականութեանը, Հայաստան-Սփիւռք գործակցութեան սկզբունքներին, համագործակցութեան զարգացման ուղիներին, Սփիւռքի ներուժի օգտագործմանը՝ յանուն Հայաստանի Հանրապետութեան և Արցախի հզօրացման, հայապահպանութեան խնդիրների լուծման։

Հ. Յակոբեանի գրեթէ բոլոր հրապարակային ելոյթներում շեշտադրւում են ազգային արժէքների և հայ ինքնութեան որակների պահպանման անհրաժեշտութիւնը և նոր սերնդին փոխանցման կարևորութիւնը: Հեղինակը համայնքներում բազմիցս ընդգծում է այն հիմնարար դրոյթները, որ հայապահպանութեան գլխաւոր սիւներն են մայրենի լեզուն, հայ ընտանիքը, հայ մշակոյթը և հայ հաւատքը: Նա ցաւով նշում է, որ «Այսօր մեր առջև ծառացած ամենածանր մարտահրաւէրն ուծացման անտես ուրուականն է, որ ամենուրեք կլանում է հայ ժողովրդի զաւակներին, կոտրատելով մեր տոհմածառի դալար շիւերը: Իւրաքանչիւր հայ, ով գիտակցում է իր ազգային ինքնութիւնը, պարտաւոր է դառնալ հայապահպանութեան զինուոր ու նուիրեալ` գոնէ իր ընտանիքում, առաւել ևս, եթէ իր ընտրեալն այլ ազգի ներկայացուցիչ է: Այս խնդիրը առաւել հրատապ է դառնում, եթէ նա ապրում է Սփիւռքում և ոչ թէ Հայրենիքում»:

Հրանուշ Յակոբեանի և նախարարութեան ջանքերով, գիտնականների և մասնագէտների առաջարկութեամբ տասը տարիների ընթացքում կազմակերպուել են տասնեակ գիտաժողովներ, համաժողովներ, քննարկումներ, հետազօտութիւններ՝ նուիրուած հայոց լեզուին, նրա անաղարտութեան պահպանման խնդիրներին: Յատուկ քաղաքականութիւն էր որդեգրուել լեզուի երկու ճիւղերի մերձեցման ռազմավարութիւն իրականացնելու, ձեռնարկներ մշակելու և հրատարակելու համար: Ցաւով է ընդգծում, որ հայկական դպրոցները փակւում են, նուազում է աշակերտների թիւը, ԵՈՒՆԵՍՔՕ-ն արևմտահայերը դասել է վտանգուած լեզուների շարքին, աստիճանաբար պակասում է արևմտահայերէն սովորողների և լեզուակիրների թիւը: Նա համարում է, որ հայ երիտասարդի պարտքը պէտք է լինի սովորել մեր վսեմաշուք լեզուն, ջանքեր գործադրել պահելու և պահպանելու այն իբրև սրբութեան սրբոց, իբրև մեր լինելիութեան և ազգային ինքնութեան անփոխարինելի ու անօտարելի վկայութիւն։ Եւ աշխատութիւնից պարզ է դառնում, թէ ինչպիսի ջանադիր գործունութիւն է կատարել ՀՀ սփիւռքի նախարարութիւնը Սփիւռքում մայրենի լեզուի ուսուցման, երիտասարդներին ոգևորելու, տարաբնոյթ մրցոյթներ անցկացնելու, արագացուած ուսուցմամբ դպրոց կազմակերպելու, տեղեկատուական տեխնոլոգիաների հնարաւորութիւններն օգտագործելու, հեռուստադպրոց հիմնելու, առցանց դասեր կազմակերպելու և այլ ուղղութիւններով: Ամենուր կարմիր թելի պէս անցնում են Սփիւռքում մայրենի լեզուին տիրապետողների թուի աւելացման, ուսուցման արդիւնավետութեան բարձրացման, հայկական կրթօջախների աւելացման, հայապահպանութեան, հայ երիտասարդների հայակերտումի և մարդակերտումի գործը բարելաւելու, հայկական մշակոյթի, պատմամշակութային ժառանգութեան հարցերը համայնքների ուշադրութեան կենտրոնում պահելու խնդիրները։

Մեծ ուշադրութիւն է դարձնում հայ ընտանիքին, նրա աւանդոյթների և սովորոյթների պահպանմանը: Անդրադառնալով այս խնդրին՝ Րաֆֆին շատ դիպուկ նշել է. «Ոչինչ աւելի վնասակար չէ կարող լինել, քան թէ այն, երբ յանկարծ քանդւում են դարերով հաստատուած եւ կեանքի մէջ մտած սովորութիւնները, եւ առանց փոխարինուելու նոր եւ աւելի բարոյական հիմունքներով, նրանց տեղը դրւում է կատարեալ համարձակութիւն»: Գաղտնիք չէ, որ ժամանակի հոլովոյթում փոխւում է նաև հայ ընտանիքը, սակայն այն ընդհանուր առմամբ պահպանում է իր ազգային նկարագիրը: Հեղինակը կոչնակ է հնչեցնում, որ անհրաժեշտ է անել հնարաւորը, որպէսզի օտար բարքերն անարգել չներթափանցեն հայ ընտանիք և ներկայացուեն որպէս անսակարկելի «արժէքներ», որ անհրաժեշտ է յատկապէս երիտասարդութեանը հեռու պահել կեղծ արժէքներից: Յատկանշական է այն, որ կա խնդրանք, յորդոր մեր հայրենակիցներին՝ հայկական անուն-ազգանունների պահպանման առումով, որպէս ազգային ինքնութեան գրաւական:

Աշխատութեան մէջ առանձին գլուխ է յատկացուած հայ կանանց հիմնախնդիրներին, որոնք հնչեցուել են տարբեր համաժողովներում։ Հիմնաւորւում է, որ անարգել ազատականացման դարաշրջանում, օտար բարքերի ընդօրինակման պայմաններում հայ կինը պէտք է գործի դնի իր խելամտութիւնն ու բանիմացութիւնը, խոհեմութիւնն ու նրբանկատութիւնը՝ երեխաների հայեցի դաստիարակութեան գործում: Հեղինակը ընդգծում է, որ բոլոր դարերում հայ կինը, Անահիտ Աստուածուհուն իր հոգում ու սրտում ունենալով, եղել և մնում է ազգապահպանութեան երաշխաւորը, ազգի թիւ մէկ դաստիարակը, օրինակ սերունդների համար:

Հայ ինքնութեան կարևոր առանցքն է համարում հայ մշակոյթի իմացութիւնը, դրա պահպանումն ու տարածումը: Ցաւ ու զայրոյթ կա յ նրա խօսքում, երբ անդրադառնում է Արևմտեան Հայաստանում մշակութային եղեռնին, մեր կորուստներին, Ջուղայի աւերածութիւններին: Հայ ժողովրդի՝ գեղեցիկը զգալու և արարելու բացառիկ տաղանդի արդիւնք է հայ բազմադարեան հարուստ մշակոյթը, որը ձգւում է ժայռապատկերներից մինչև Գառնի, որմանկարներից, խեցեղէն ու արծաթեայ սկիհներից, զարդերից մինչև պրոնզաձոյլ կիսանդրիներ, բազմահազար ձեռագիր մատեաններից մինչև գեղանկարչութեան գլուխգործոցներ, աշխարհատարած ճարտարապետական քարեղէն հսկաներ, եկեղեցիներ, խաչքարեր, յուշարձաններ և, իհարկէ, գրականութիւն, կրօնափիլիսոփայական հանճարեղ ստեղծագործութիւններ և այլն: Բազում ճանաչուած հետազօտողներ են ուսումնասիրել հայ մշակոյթը, նրանց զարմացրել ու հիացրել են հայկական գոյները, գծերը, կառոյցները, հայի ստեղծագործ միտքը: Հեղինակը տարբեր տեսանկիւններից վերլուծում է հայկական մշակութային ժառանգութիւնը և դրա պահպանման համար դիմում բոլոր համայնքներին, անհատներին, մշակութային գործիչներին և, իհարկէ, գլխաւոր պատասխանատուն է համարում Հայոց պետութեանը: Սիրով ու երկիւղածութեամբ է անդրադառնում հայկական մշակութային հսկաներին, Մխիթարեան միաբանութիւնում, Զմմառում, Երուսաղէմում, Անթիլիասում կուտակուած մեր գանձերին և առաջարկում դրանք թուայնացնել, պահպանել և փոխանցել սերունդներին:

Հեղինակը տարբեր զեկուցումներում անդրադառնում է Հայոց մեծ վշտին, դառնութեամբ նշում, որ ցեղասպանութեան կրակներում մեր ազգը ճաշակեց սահմռկեցուցիչ փորձութիւնների դառնութիւնը, կոտորուեց, հայրենազրկուեց և աշխարհասփիւռ դարձաւ, և համախմբման կոչ է անում հայութեանը՝ միասնական ուժերով պայքարելու Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար:

Ներկայացւում են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական, տարածքային յանձնաժողովների գործունութիւնը, նրանց կազմակերպած ձեռնարկները և դրանց տրուած գնահատականները, ինչպէս նաև արժևորւում են համայնքային աշխատանքները՝ Հայաստանի և Սփիւռքի առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Յատկանշական է, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութեան ժամանակաշրջանը համընկաւ ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների նախապատրաստման ու անցկացման աննախադէպ իրողութեան հետ, և նախարարութիւնը դարձաւ համայնքների, տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան համակարգման ազգային կենտրոն՝ սերտ գործակցելով Հայ եկեղեցու հետ: Յակոբեանն ընդգծում է Սփիւռքի անգնահատելի դերակատարութիւնը և պայքարի շարունակմանն ուղղուած քայլերը: Բազում հանդիպումներում ունեցած ելոյթների մէջ մեծ տեղ է յատկացուել պատմական յիշողութիւնը սերունդներին փոխանցելու, Հայ Դատի, հայ ժողովրդի արդար իրաւունքների վերականգման գործընթացում նոր սերնդին ներգրաւելու անհրաժեշտութեան հարցերին։

Գնահատելի է, որ համաշխարհայնացման մարտահրաւէրների պայմաններում, որոնք ծառանում են նաև աշխարհասփիւռ հայութեան առջև, առանձնացւում են համայն հայութեան գերակայ խնդիրները, ձևակերպւում է համահայկական օրակարգը, և նպատակ է դրւում՝ համատեղ ուժերով, տասը միլիոն հայերի ներուժով փորձել լուծելու Հայրենիքի առջև ծառացած տարածաշրջանային և ներքին հիմնահարցերը։ Դրանց լուծման արդիւնաւէտ ձևեր և մօտեցումներ գտնելու համար գրքում ներկայացւում են կոնկրետ առաջարկութիւններ, ծրագրեր, հարցադրումներ։ Ծրագրերի ճնշող մեծամասնութիւնը հասցէագրւում է երիտասարդութեանը: Սփիւռքի հետ կապերի ուժեղացման առումով ընդգծւում է ՀՀ սփիւռքի նախարարութեան դերակատարութիւնը, ներկայացւում են նախարարութեան գործունէութեան սկզբունքներն ու կառուցակարգերը՝ սփիւռքեան համայնքների հետ աշխատանքները կազմակերպելիս, նրանց օժանդակելիս։ Գնահատելի է ժամանակին նախարարութեան որդեգրած այն սկզբունքը, որ միայն միմեանց ճանաչելով և միմեանց վստահելով է հնարաւոր գործակցութեան որակեալ մակարդակ ապահովել, որին հեղինակը յաճախ է անդրադառնում։

Ակնյայտ ընդգծւում է և էական հանգամանք է համարւում այն, որ նախարարութիւնը չի միջամտել համահայկական կառոյցների գործունէութեանը, նրանց «ղեկավար ցուցումներ» չի տուել, չի վերահսկել, չի պահանջել և, ամենակարևորը, իր կողմից առաջադրուած ծրագրերն իրականացրել է պետական պիւտճէի միջոցների հաշուին և չի ակնկալել ֆինանսաւորում Սփիւռքի որևէ կառոյցից կամ բարերարից՝ նախարարութեան գործունէութեան ապահովման համար։ Իհարկէ, եղել են կազմակերպութիւններ, որոնք մասնակցել, համաֆինանսաւորել են այս կամ այն ծրագիրը, սակայն դրանք միայն իրենց կամքով ու ցանկութեամբ, իրենց համայնքի մասնակիցների թիւն աւելացնելու համար է եղել, իսկ շատ դէպքերում դրանք առաւել խորհրդանշական բնոյթ են կրել:

Հարիւրաւոր ողջոյնի և շնորհաւորական խօսքերից ներկայացուածը միայն պատառիկներ են, որոնք ուղղուած են հայ մեծերի ու կառոյցների յոբելեաններին և նաև սրտի խօսքեր են՝ նշանաւոր և յիշատակման արժանի ձեռնարկների վերաբերեալ։

Հեղինակը նշում է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգի ամրացմանը, Արցախի անվտանգութեան ապահովմանը զուգահեռ (ելնելով Սփիւռքի հետ տարուող աշխատանքների բարելաւման անհրաժեշտութիւնից, նկատի ունենալով նրա ներուժի օգտագործման կարևորութիւնը) նախարարութիւնը հետևողականօրէն կատարել է իր գործառոյթները, իր վրայ դրուած պարտականութիւնները՝ դառնալով համայնքների, հոգևոր կառոյցների, կազմակերպութիւնների գործընկերն ու հայաստանեան ներկայացուցիչը: Հիմնաւոր է այն, որ գրքի առաջին գլուխը նուիրուած է պետական քաղաքականութեան հիմնական ուղղութիւններին, որը ներկայացւում է նախարարութեան հնգամեայ գործունէութեան մասին ՀՀ սփիւռքի նախարարի զեկուցման և այդ առթիւ Հանրապետութեան նախագահի կողմից տրուած գնահատականների, ինչպէս նաև տասը տարուայ աշխատանքների մասին ծաւալուն հարցազրոյցի միջոցով: Նրա բոլոր ելոյթներում հնչում են չարենցեան միասնութեան, Շնորհալու սիրոյ, Նարեկացու ընթանալու և հասնելու, այսինքն՝ համախմբուած ու սիրով զարգանալու, հզօրանալու պատուիրանները, որոնք ուղղուած են տասը միլիոն հայութեանը, ազգը համախմբելու, Հայաստանը հզօրացնելու, Արցախն անվտանգ պահելու և Սփիւռքը առաւել կազմակերպուած դարձնելու գաղափարախօսութեան իրականացմանը՝ «Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ-Սփիւռք» եռամիասնութեամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին