Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Կայացավ «Խոտանել Խեղաթյուրված Դասագիրքը» Կլոր Սեղան- Քննարկումը

Կայացավ «Խոտանել Խեղաթյուրված Դասագիրքը» միջոցառումների շարքին առաջին հանդիպումը: Գործողությունները կնպատակադրեն ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելը։

Ապատեղեկացնող և ապազգային բովանդակությամբ այդ ձեռնարկը կիրառելու վտանգները ներկայացվեցին ս․թ․ հունվարի 24-ին, ժամը 14:00-ին Երեվանի Թեքեյան կենտրոնի մէջ (հասցե՝ Խանջյան 50) կայացած Կլոր Սեղան-Քննարկմանը ընթացքին։

Ելույթներ ունեցան՝

  1. ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆ – «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրենը:

 «Պատմության խեղաթյուրման ազդեցությունը ապագա սերունդների վրա» թեմայով տիկին Տոնոյան հատկապես ըսավ. «Պատերազմը հասել է հայ դպրոցի շեմին։ Ազգն իրավունքն չունի իր դպրոցը մենակ թողնելու։ Նահանջում է մեր լեզուն, նահանջում է հայոց պատմությունը»։

«Ինձ ամենից շատ ցավ է պատճառում, որ նահանջողը հայ ուսուցիչն ու հայ դպրոցի տնօրենն է։ Ես ուզում եմ նրանց հարցնել՝ դուք ո՞նց եք մտնելու դասարան, երբ մանկավարժի գլխավոր գործառույթն ազատ մտածող և իր ինքնությանը տեր կանգնող երեխա դաստիարակելն է»,- հարց է ուղղեց «Հայ ասպետ» 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Նրա համոզմամբ՝ եթե մենք չենք պայքարում, ուրեմն ստրուկների ենք դաստիարակում, որոնք դառնում են սպասարկող ժողովուրդ։

Եզրափակելով Կարին Տոնոյանն առաջարկեց. «Մենք էլ ստեղծենք մե՛ր դասագիրքը՝ հակադրելով իրենց ստեղծածին»։

Մանրամասները՝ տեսանյութում

  • ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Պղծված դասագրքի հոգեբանական որոգայթները» թեմայով հոգեբան Կարինե Նալչաջյանը կրթության ոլորտում տեղի ունեցող իրողությունները համարեց  մեր դեմ հայտարարված մեծ պատերազմ։

Զոհասեղանին մատաղ սերունդն է, որին պետք է  խեղաթյուրված դասագրքերով ու արժեհամակարգով դաստիարակել։ Այդպես է պետք մեր թշնամուն, ցավով նշեց տիկին Նալչաջյանը։

«Թշնամուն պետք է մեզ նախ թուլացնել բարոյապես ու հոգեպես, իսկ դրանից հետո ֆիզիկապես ոչնչացնելն ընդամենը տեխիկական հարց է։ Երեխաներն ու պատանիներն ուզում են իրենց տեսնել ուժեղ հանրության մաս, բայց երբ նրանց հրամցվում է, որ այն ազգը, որի ներկայացուցիչն եք դուք, պետք է անընդհատ զիջի, պարտվի, ուրիշների առաջ գլուխ խոնարհի, նրանք չեն ուզում  դառնալ դրա մի մասը, և ցանկություն է առաջանում այլ տեղ, այլ հանրույթի մաս դառնալ» եզրահանգեց բանախոսը ։

Հոգեբանի մյուս դիտարկումները՝ տեսանյութում։

  • ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ – գրող, գրականագետ

«Պատմության խեղաթյուրում՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ» թեմայի մասին խոսելով պարոն Վարդանյան հաստատեց, որ այն, ինչ թուրքերը ծրագրում էին անել 100 տարի առաջ, իրականացնում են հիմա։

«Բայց 100 տարի առաջ նրանք պատերազմում պարտված էին, դեպքերն էլ նրանց օգտին չդասավորվեցին, իսկ հիմա Էրդողանն ամբողջ աշխարհի հետ լեզու է գտնում, Հայաստանի իշխանություններն էլ նրա համար փաթեթավորված քաղցրավենիք են, որ կան՝ ոչ ընդդիմանալ, ոչ ընդվզել ու պայքարել» ավելացուց ան:։

Գրող, գրականագետ Կարո Վարդանյանը 100 տարի առաջվա մեր պատմության ոչ այնքան հանրայնացված դեպքերը լավ է  ուսումնասիրել, համադրել ու ցավալի եզրահանգման եկել՝ այն ժամանակ էլ, հիմա էլ թույլ իշխանություն ենք ունեցել՝ թուրքի սրտով։

100 տարի առաջվա ծրագիրը հիմա փուլ առ փուլ իրականացվում է՝ մի ամբողջ ժողովրդի միջից նախ հանելով ազգային գիտակցումի, ինքանպաշտպանության, արժանապատվության բնազդն ու զգացումները։

Իր ելույթին ընդմեջեն Կարո Վարդանյանը պատմական զուգահեռներով ցույց տվեց, թե ինչ աղետ է սպասվում մեզ հիմա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ապա ողջյունի խոսքով հանդես եկավ իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

Պարոն Զոհրաբյանը ներկայացրեց, թե ինչ են պատրաստվում անել փաստաբանները։ Նրանք «Հայոց պատմություն» դասագիրքը մերժելու և գործածությունից հանելու դատական ճանապարհով են գնում՝ վիճարկելու են «Հայոց պատմություն» դասագիրքը գործածության մեջ դնելու՝ ԿԳՄՍ նախարարի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Քննարկումը վարող «ԱԶԳ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ:

Պարոն Ավետիքյանը հատկապես դիտարկեց, որ «200 տարի մեր դասագրքերը գրել են հեղինակավոր մարդիկ՝ Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, Բենիամին Թաշյան, Էդվարդ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, Հովհաննես Բարսեղյան, Գուրգեն Սևակ, եւ ուրիշներ»։

Ան ներկայացուց հետեվյալ մանրապատումը. «Ձմռան մի երեկո գողերը բռնում են Գուրգեն Սևակին։ Նա ասում է.

-Այս ի՞նչ եք անում, ախր ես ձեր երեխաների դասագիրքը գրողն եմ։

Գողերը նրան բաց են թողնում»։

«Խոտանենք «Հայոց պատմություն» խեղաթյուրված դասագիրքը» քննարկմանը Հակոբ Ավետիքյանը պատմական այս անդրադարձով ցույց տվեց, թե դարեր շարունակ մեզ համար որքան կարևոր է եղել դասագիրքը, ու որքան բծախնդրորեն են ընտրվել դասագրքերի հեղինակները։

Մանրամասները՝ տեսանյութում.

Քննարկման ավարտին նախաձեռնող խումբը հրապարակեց առաջիկա գործողությունների ծրագիրը, որ ընթերցեց միջոցառումների շարքը նախաձեռնողներից՝ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆը:

Նախաձեռնող մարմնի անունով Պետրոսյան հետեվյալը հայտարարեց.

«Խոտանել Խեղաթյուրված Դասագիրքը» շարժումը նախաձեռնող խումբը,  նկատի ունենալով, որ

  • Հանրակրթական պետական չափորոշիչի (ՀՊՉ) համաձայն գրված և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված  «Հայոց պատմություն» ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի միակ դասագիրքը՝ (հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան) մերժվել է հայկական ակադեմիական հիմնարկների, պատմաբանների, մանկավարժների և հասարակական գործիչների կողմից,
  • ԿԳՄՍ նախարարը, վստահաբար, գիտի վտանգավոր դասագիրքը կիրառելու դեմ բարձրացող ալիքի մասին,
  • ԿԳՄՍ նախարարն ընդամենը առաջարկել է հանձնաժողով կազմել, որի աշխատանքների մասին տեղեկություն չկա, մինչդեռ փորձով ապացուցված է՝ հանձաժողովներն այնտեղ ուղարկված բողոքների գերեզմաններն են,
  • Այսօր (24.01.2024) կայացած կլոր սեղան-քննարկման ընթացքում ներկայացված ապատեղեկացնող դասագրքով ուսուցում կազմակերպելու վտանգներն ու հետևանքները և այն, որ նշված դասագիրքն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը,

Հիմնվելով վերը նշվածների վրա, նախաձեռնող մարմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկում է «Հայոց պատմություն» ՀՀ  հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել՝ առաջիկա 72 ժամում։

Հակառակ պարագայում՝ «ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» միջոցառումների շարքի նախաձեռնող խումբը

սթ հունվարի 29-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց       (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3) կանցկացնի հրապարակային բողոքի ակցիա՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Ակցիային կարող են միանալ ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձինք, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, եւ իրենց զավակներուն արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող ազնիվ հայորդիներ։

Մանրամասները՝ տեսանյութում

***

Ավարտին հիշեցնենք, որ «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը նախաձեռնել են՝

Վազգեն Պետրոսյանը – «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող,  

Վահագն Չախալյանը – «ԿԱՄՔ» ՀԿ ներկայացուցիչ,

Հակոբ Ավետիքյանը – «ԱԶԳ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,

Սևակ Հակոբյանը – «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր,  

Նարե Նավասարդյանը – հասարակական գործիչ

Արման Մխիթարյանը – հասարակական գործիչ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին