Չորեքշաբթի, 22. 05. 2024

spot_img

Ստորագրահաւաք

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶԵԱՆ

Մի բառ կայ, որն իմ մէջ միշտ ծիծաղ է առաջացնում՝ ժողովրդավարութիւն:

Կովկասի ինստիտուտի տնօրէն Ալեքսանդր Իսկանդարեանն ասում է, որ դա շատ լաւ բան է, բայց ժողովրդավարութիւնից չես կրակի։ Չի ստացւում։ Նաեւ ասում է, որ հայաստանցիների մտային քարտէզը չի համընկնում աշխարհագրական քարտէզի հետ, այսինքն աշխարհագրականօրէն Հայաստանին աւելի մօտ է Սիրիան, քան Լիւքսեմպուրկը, բայց մտային քարտէզով ճիշտ հակառակն է։ Իրօք, ո՞րտեղ է գտնւում ՀՀ-ը։ Հարաւային Կովկասո՞ւմ։ Ճիշդ կլինի գտնել մեր երկիրը Մերձաւոր Արեւելքի քարտէզում. Ովքե՞ր են մեզ շրջապատում։ Յիշենք ինչ օրի է Աֆղանիստանը, Իրաքը, Սիրիան, ովքեր են մեր անմիջական հարեւանները եւ մոռանանք, որ երբեւէ այս տարածաշրջանում խաղաղութիւն կը տիրի։

Աղանդաւորներ, աղանդաւորներ

Օրերս փողոցում ինձ մօտեցան աղանդաւորները

եւ փորձեցին ափիս մէջ հրաւէր դնել․ «Բարեւ ձեզ, Յորդանանից ջուր ենք բաժանելու»։ Ես լուռ անցայ․․․ մօտենալով մրգավաճառի խանութին, որն աշխատացնում էր Հադրութից վտարուած սքանչելի մի ընտանիք, սարսափելի գոռոց լսեցի․ «Գնացէ՛ք, գնացէ՛ք Ղարաբաղ, 30 տարի մեր վզին էք նստել»,-մեր շէնքի հարեւանուհին էր, եկել էր առեւտուր անելու արցախցիների մօտ եւ տեսել էր, որ խանութի կողքին երկու հոգի սեղան էին տեղադրել՝ ստորագրահաւաքի համար «Ո’չ Արցախի էթնիկ զտմանը» եւ «Ո’չ Արցախն Ադրբեջանի կազմում»։ Նրա հերսը ուղղուած էր երիտասարդին, որը ստորագրահաւաքի կամաւորականն էր։ Ես ստորագրեցի թուղթը եւ նստեցի երիտասարդի քովը, որը չափազանց վրդովուած էր հարեւանուհուս ելոյթից․

– Ախր ես 33 տարեկան եմ։ Շատ հայհոյանքներ ենք լսում ստորագրահաւաքի առիթով, բայց այս տիկինը մեր ներւերը լրիւ խախտեց։

Ես սկսեցի նրան հանգստացնել․

– Հասկանո՞ւմ ես, կան մարդիկ, որոնք ունեն ատելութեան օրկան եւ այդ օրկանը բաւարարւում է Արցախի միջոցով։

Յետոյ մենք սկսեցինք նայել Հայաստանի քարտէզին՝ այ այսքանն է մեզ մնալու, յետոյ դա էլ կը վերցնեն․․․Ստորագրահաւաքի կամաւորական կինը անցորդներին հարցնում էր, չէն ցանկանում արդեօք ստորագրել այս կոչի տակ, բայց մարդիկ անցնում էին, ինչպէս ես անցայ աղանդաւորների կողքով։

– Ուզում էք, որ ցեղասպանուե՞ն,- բացականչեցի մի կնոջ ետեւից

– Այո,-պատասխանեց նա, բաւարարելով իր ատելութեան օրկանը։

Չգոյութեան խոստովանութիւն

Ամէնավիրաւորական բանը, որ կարելի է լսել մեծամասնութիւնից, որոնք քոմֆորթը չեն փոխի հայրենիքի համար պայքարի հետ, դա հետեւեալ բանաձեւն է․

  • Ամէն ինչ որոշուած է վերեւներում, նա ընդամէնը ենթակայ անձ է։

Իսկ այդ բանաձեւի տարբերակը հետեւեալն է․

– Ամէն ինչ ռուսին է պատկանում՝ Ադրբեջանը, Սիւնիքը, հանքերը, նրանց է ենթարկւում վարչապետը, մենք ոչինչ չենք կարող անել․․․

Բայց ռուս խաղաղապահները ոչ ոքու չհարցնելով 2020-ին մտան Արցախ, համոզելով արցախցիներին չլքել Ստեփանակերտն ու Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի եւ Մարտունու շրջանների այն մասերը, որոնք մնացին արցախցիներին, այսինքն 3170 քառ. քմ. մինչ այդ եղած 11458 քառ. քմ-ից․․․ Ուրեմն մեր դաշնակցին պէտք է, որ Արցախը մնայ հայկական։ Բայց ըստ հակառուսական քարոզչութեան ստացւում է, որ ռուսն ինքն իր դէմ ցանկանում է երկրորդ ճակատ բացել Կովկասում։ Մինչդեռ ռուսը խոստովանում է, որ չի կարող հայից աւելի հայ լինել եւ պաշտպանել սեփական հողը։ Յունիսի 24-ին, երբ բովանդակ աշխարհը ուշի-ուշով հետեւում էր ՌԴ-ան մէջ պատահած յեղաշրջման փորձին, շատ-շատերը Հայաստանում սպասում էին ՌԴ-ան կործանմանը եւ մեծ հիասթափութիւն ապրեցին․ 24 ժամուայ մէջ փորձը աւարտուեց եւ Փութինը յայտարարեց, որ փորձութիւնները մեզ աւելի են ուժեղացնելու։ Թող ոչ ոք չկարծի, որ այն ինչ կատարուեց այդ օրը ՌԴ-ում, ինչ-որ մէկի խելքի բանն է։ Միայն իմացանք, որ միջնորդի դեր կատարեց Պելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Փառք ու պատիւ նրան․․․Իսկ մենք, այսինքն մեր երկրի պարտուած ղեկավարութիւնը թակում է այս կամ միջազգային կառոյցների դռները եւ  արեւմուտքի անհատներից մենք լսում ենք ճշմարիտ, բայց անօգուտ իրավիճակի գնահատական։ Յետո՞յ ինչ, որ ակնարկեցին քրիստոնեայ ազգի ցեղասպանութեան վտանգի մասին։ Ինչպէ՞ս կարող է խօսքը, ընդունուած բանաձեւը, թուղթը պաշտպանել մարդուն։ Եւ ինչպէս կարող է անզեն, անպաշտպան ու յիմար ժողովուրդը չցեղասպանուել։ ինչու է յիմա՞ր։ Որովհետեւ չի զգում, որ ցեղասպանութիւնից 5 րոպէ է պակաս։

Սօս Սարգսեանի վէպը

Թղթի վրայ գրուած բանաձեւերը, վճիռները, համաձայնագրերը առ ոչինչ են մեր թշնամիների համար։ Սակայն թղթի վրայ գրած հայոց միտքը զօրաւոր ուժ ունի, ինչպէս, օրինակ, մեծն Սօս Սարգսեանի «Ընդհատում» վէպի այս տողերը (վէպը գրուել է1992-1994 թթ.-ին եւ լոյս տեսել 2000-ին)․

»Ի՛նչ մեղաւոր, ի՛նչ բան: Ո՞ւմ տեսար էս աշխարհում, որ իր մեղքն ընդունի: Ինչո՞ւ ընկրկեցիր, մտար պատեանիդ մէջ խխունջի նման: Քո իրաւունքն ո՞վ է պաշտպանելու, քո մի կտոր հացը ինչո՞ւ զիջեցիր, քո պատառը բերանիցդ փախցրին: Ուրուրի նման ինչո՞ւ չյարձակուեցիր՝ աչքերը հանէիր, երեսն ինչո՞ւ չճանկռոտեցիր՝ արիւնլուայ անէիր: Դե ետ գնա, վերադարձիր կեանքիդ սկիզբը, առաջին կռիւդ մարդավարի արա, տղամարդու նման ծեծուիր, ջարդուիր, մեռիր, բայց մի պարտուիրԳնա, ետ գնա, նորից սկսիր, գնա, գնա՛, գնա՛Գուցէ ուրիշ կերպ ընթանայ կեանքդ․․․»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին