Երկուշաբթի, 06. 02. 2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ուղերձը Ամանորի Առիթով

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յարցախ եւ ի սփիւռս,

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնը, սէրն ու բարեմաղթանքներն ենք բերում ամէնքիդ:

    Նոր տարուայ սեմին ենք մեր սպասումներով ու յոյսերով, նաեւ անհանգիստ սրտով ու մտահոգութիւններով: Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղաւ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ: Հայրենիքը տակաւին կանգնած է անվտանգային մարտահրաւէրների առջեւ․ թշնամական նշանառութեան տակ են մեր սահմաններն ու խաղաղ բնակավայրերը: Արցախաբնակ Մեր զաւակները աննկուն ոգով շարունակում են պայքարել յանուն իրենց անկախ կեանքի իրաւունքի պաշտպանութեան` դիմագրաւելով բազում նեղութիւնների` նաեւ Լաչինի ճանապարհի արգելափակումով պայմանաւորուած: Այսպիսի դժուարին իրավիճակում մենք չենք կարողացել մեր ազգային ներուժով լիարժէք միաբանուել հայրենիքը զօրացնելու եւ ծանր կացութիւնից դուրս բերելու համար: Այսօր աշխարհն ալեկոծող աշխարհաքաղաքական սուր դիմակայութիւնները, որ տեղիք են տուել հոգեւոր, սոցիալական եւ տնտեսական բազմազան խնդիրների, նոյնպէս իրենց անմիջական ներգործութիւնն են ունենում մեր տարածաշրջանում ծաւալուող զարգացումների վրայ:

    Այդուհանդերձ, առ Աստուած ապաւինութեամբ Ամանորի այս երեկոյ մենք բարեմաղթանքներ ենք ուղղում միմեանց: Բարեմաղթանքներ` աշխարհի խաղաղութեան, մեր հայրենիքի` Հայաստանի եւ Արցախի ապահովութեան ու առաջընթաց կեանքի: Մեր հոգում առաւելաբար ակնկալիքներն են մեր կորուստների վերականգնման, յառնած խնդիրների յաղթահարման եւ ազգային մեր կեանքի նորոգութեան:

    Սիրելիներ, քրիստոնեայի առաքելութիւնն է ապրել յոյսով եւ լինել լաւատես` համոզումով, որ, ինչպէս ասում է առաքեալը, «յոյսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5. 5):  

    Պետութիւնները կործանւում են, ժողովուրդները անհետանում ոչ թէ փորձութիւնների ծանրութիւնից, այլ յոյսի սպառումից, ապագայի հանդէպ տեսլականի եւ այն կեանքի կոչելու վճռականութեան բացակայութիւնից: Մեր ժողովրդի յարագնայ երթը եղել է ու պիտի շարունակի մնալ Քրիստոսախարիսխ հաւատքի, յոյսի ու լաւատեսութեան պատմութիւն: Այս վստահութեամբ ապրենք ու գործենք` ամրօրէն կառչած մեր ինքնութեանը, մեր լինելիութեան անփոխարինելի գրաւականներին` հայրենիքին, մեր լեզուին ու մեր հաւատքին: Հեռու վանենք մեզանից վհատութիւնը, ապազգայնութիւնն ու անտարբերութիւնը եւ յուսառատութեամբ համախմբուենք ազգային ու պետական շահերի շուրջ: Գիտակցենք, որ այս է ուղին մեր վիրաւոր հայրենիքի ապաքինման, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան, հայրենիք-սփիւռք միասնականութեամբ լուսաւոր գալիքի երաշխաւորման եւ ազգիս յարատեւութեան: Ուստի, առաքելական յորդորով «արթու՛ն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք» (Ա Թես. 5. 8-9):  

    Հայրապետիս աղօթքն է, որ Ամենակարողն Աստուած խաղաղութեան մէջ պահի մեր հայրենիքը եւ անփորձանք` հայրենեաց պաշտպան մեր զինուորներին: Տիրոջ օրհնութիւնն ու մխիթարութիւնն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինութիւն` վիրաւորներին, շուտափոյթ վերադարձ` գերեվարուած ու անյայտ կորած մեր զաւակներին:

    Ամանորի սեմին միասնաբար հայցենք Ամենակալից, որ նոր տարում մեր ժողովրդին ի Հայաստան, յարցախ եւ ի սփիւռս պահպանի խաղաղ ու ապահով, սիրով միասնական ու շնորհի հայրենաշէն ու ազգաշահ իրագործումներ: Թող Տէրը մեր կեանքում առատացնի յոյսը մեր հայրենիքի ու ազգի ապագայի հանդէպ: Եւ թող Աստծոյ սէրն ու շնորհները այսօր եւ միշտ ուղեկից լինեն մեզ եւ ամէնքին:

    Օրհնեալ, բարի նոր տարի:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին