Երեքշաբթի, 16. 04. 2024

spot_img

Ցուցահանդէս՝ «Իմ Ժամանակի Մեծերը»

ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ

«Թէքէեան» կենտրոնի ցուցասրահում բացուեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Անատոլի Աւետեանի՝ «Իմ ժամանակի մեծերը» խորագրով դիմանկարների ցուցադրութիւնը։ Այն կազմակերպուել էր Անատոլի Աւետեանի յոբելեանի՝ 70-ամեակի շրջանակներում՝ Հայաստանի «Թէքէեան» մշակութային միութեան նախաձեռնութեամբ։

Ցուցահանդէսի բացմանը ներկայ էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանեանը, ՀԹՄՄ նախագահ Ռուբէն Միրզախանեանը, Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Սուրէն Սաֆարեանը, նկարիչներ, արուեստասէր հանրութիւն։

Ներկայացուած է 30 աշխատանք, որոնք հեղինակի 2022 թուականի ստեղծագործութիւններն են։ Դիմանկարների շարքում ներկայացւում են նկարչի ժամանակակիցները, երեւելի հայեր, որոնցից մի քանիսի հետ Անատոլի Աւետեանը հանդիպել է իր կեանքի տարբեր փուլերում։ Սա բացառիկ ցուցադրութիւն է եւ արուեստասէր հանրութեանն է ներկայացւում առաջին անգամ։

Ցուցադրուած են Մարտիրոս Սարեանի, Մինաս Աւետիսեանի, Շառլ Ազնաւուրի Յարութիւն Կալենցի, Առնօ Բաբաջանեանի, Վիկտոր Համբարձումեանի, Սերգէյ Փարաջանովի, Տիգրան Պետրոսեանի, Պարոյր Սեւակի, Վազգէն Առաջինի, Սերգէյ Դովլաթովի, Հրանդ Մատթէոսեանի, Յովհաննէս Բաղրամեանի, Լուսինէ Զաքարեանի եւ այլոց դիմանկարները։ Հեղինակը վստահեցնում է՝ ծնուել է մի ժամանակաշրջանում, երբ ներկայացուած մեծանուն հայերը մեծ ճանաչում ունէին ոչ միայն մեր երկրում, այլեւ նրա սահմաններից դուրս՝ ամենատարբեր ոլորտներում։

Հայաստանի «Թէքէեան» մշակութային միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեանը բարձր գնահատեց նկարչի՝ մշտապէս հետաքրքրութիւն առաջացնող ցուցադրութիւնները եւ յաւելեց, որ նրա արուեստը վաղուց յայտնի է մշակութասէր հանրութեանը ինչպէս թանգարաններում մշտական ցուցադրութեամբ, այնպէս էլ մասնաւոր հաւաքածուներում։ «Այս ցուցադրութիւնն առանձնանում է յատկապէս իր կրթական նշանակութեամբ․ ներկայացուած են 20-րդ դարի այն մեծերը, որոնք նշանաւորում են հայի մեծութիւնը տարբեր ասպարէզներում»,- նշեց Ռուբէն Միրզախանեանն ու շնորհաւորեց անհատական ցուցահանդէսի բացման առթիւ։

Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Սուրէն Սաֆարեանը եւս շնորհաւորեց նկարչին հերթական հետաքրքիր ցուցադրութեան բացման առթիւ եւ վստահեցրեց՝ հաճելիօրէն զարմացած եւ հիացած է Անատոլի Աւետեանի աշխատասիրութեամբ։

Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան լրատուական կենտրոն

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին