Երկուշաբթի, 06. 02. 2023

Յայտնի Դարձան «Յակոբ Պօղոսեանի Անուան Կրթաթոշակ – 2022» Շարադրութիւններու Մրցոյթի Յաղթողները

Ամենամեայ ձեռնարկը, որը նուիրուած է հայ ականաւոր լրագրող, հրապարակախօս, քաղաքական մեկնաբան, «Նոր Օր» թերթի խմբագիր, թարգմանիչ Յակոբ Պօղոսեանի յիշատակին, նախաձեռնուել եւ 2002թ. սկսած իրականացւում է Պօղոսեանների ընտանիքի /ԱՄՆ/ կողմից: Մրցոյթի նպատակն է նպաստել աշակերտների առաջադիմութեան բարձրացմանը, խրախուսել հայոց լեզուի իմացութիւնն ու ստեղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորութիւն հաղորդել աշակերտներին, ինչպէս նաեւ առողջ մրցակցութեան պայմաններում հնարաւորութիւն տալ պատանիներին դրսեւորել իրենց գիտելիքները:

Արդարեւ, Երեւանի Վ. Թէքէեանի անուան թիւ 92 դպրոցում՝ Յակոբ Պօղոսեանի անունը կրող լսարանում, կայացաւ ձեռնարկի արդիւնքների ամփոփումը /մրցոյթը կայացել էր ս.թ. նոյեմբերի 10-ին Թէքէեան Կենտրոնում/: Այս տարուայ ստեղծագործական շարադրութիւնների թեմաներն էին «Պայքար յանուն կեանքի», «Խաղաղութիւն աշխարհին», «Ես՝ ազգիս համար» եւ «Աշնան մեղեդի»: Մրցոյթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, որոնցից վեցը լաւագոյն աշխատանքների համար արժանացան դրամական պարգեւների՝

I մրցանակ – Այտա Մելքոնեան /«Պայքար յանուն կեանքի»/

II մրցանակ – Շուշաննա Խաչատրեան /«Ես՝ ազգիս համար»/  

III մրցանակ – Սոնա Մակինեան /«Պայքար յանուն կեանքի»/

IV /խրախուսական/ մրցանակ – Սոֆի Ռաֆայէլեան /«Պայքար յանուն կեանքի»/

V /խրախուսական/ մրցանակ – Արարատ Արզումանեան /«Խաղաղութիւն աշխարհին»/

VI /խրախուսական/ մրցանակ – Արփինէ Սարգսեան /«Պայքար յանուն կեանքի»/

Յակոբ Պօղոսեան…

Ծնուել է Լիբանանում 1936թ.: Յաճախել է Հայ Կաթողիկէ Մեսրոպեան եւ ՀԲԸՄ Յովակիմեան-Մանուկեան վարժարանները: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Պէյրութի Ամերիկեան համալսարանում, այնուհետեւ աւարտել է Լոնտոնի համալսարանի միջազգային լրագրութեան բաժնի դասընթացները: Դաստիարակուել է հայկական ոգով, հայրենասիրութեամբ ու սիրով դէպի ազգային մշակոյթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնութեան պահպանման կարեւորութիւնը եւ ուսանողական տարիներից ի վեր բեղուն ազգանուէր գործունութիւն ծաւալել լիբանանահայ համայնքի հասարակական կեանքում: Երկար տարիներ Պէյրութի ԹՄՄ եւ Գրական Շրջանակի վարչութիւնների առաջատար անդամներից էր: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում: 1989թ. ընտանիքով տեղափոխուել է Միացեալ Նահանգներ եւ շուտով ստանձնել Քալիֆորնիայի «Նոր Օր» թերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Քալիֆորնիայի յանձնաժողովի վարիչ-քարտուղարը։ Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլոյ մրցանակին: Կեանքից հեռացել է վաղաժամ՝ 2001թ.:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին