ՔՐԻՍՏԻՆԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Նկարիչ Միքայէլ Յարութիւնեան, 25 տարեկան, բայց ոչ նոր անուն հայ կերպարուեստում։ Միքայէլ Յարութիւնեանը նկարել սկսել է վաղ մանկութիւնից, ինչպէս բոլոր երեխաները, սակայն չի դադարել, ինչպէս նրանցից շատերը․ միայն մի պահ, երբ զբաղւում էր երաժշտութեամբ, թւում էր՝ դա է արուեստի իր ճանապարհը։ «Ցանկութիւնները շրջադարձային եղան մեզ համար, եւ նկարչութեամբ զբաղուող եղբայրս վերջնականապէս սկսեց զբաղուել երաժշտութեամբ, իսկ ես հրաժարուեցի երաժշտարուեստից եւ սկսեցի իմ ուղին նկարչութեան ոլորտում»,- մեզ հետ զրոյցում նշում է Միքայէլ Յարութիւնեանն ու համեստօրէն յաւելում՝ անհատական չորս ցուցահանդէս է ունեցել, առաջինը, երբ ընդամէնը 12 տարեկան էր։
Ժամանակն էր զարգացնել բնատուր տաղանդը․ Միքայէլը երկու տարի դասեր է առել նկարիչ Էդուարդ Սասունի մօտ, իսկ 2016-ին ընդունուել Գեղարուեստի ակադեմիա, ուսանել Արամ Իսաբեկեանի եւ Արթուր Յովհաննիսեանի արուեստանոցում։ «Դա գիտելիքների եւ փորձի ձեռքբերման ժամանակաշրջան էր ինձ համար»,- յաւելում է Միքայէլը։
Նկարչի տաղանդի արդիւնքը նրան մշտապէս ուղեկցող շռնդալից յաջողութիւններն են ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Ընդամէնը վերջերս՝ 2021-ին, ԱՄՆ-ում «Catholic Art Institute»-ի կազմակերպած «Sacred Art Prize – 2021» միջազգային մրցոյթում արժանացաւ 1-ին մրցանակի, իսկ հեղինակաւոր «Figurativas – 2021»-ում նրա աշխատանքը ճանաչուել է լաւագոյններից մէկը եւ 4 ամիս ցուցադրուել Բարսելոնայի Ժամանակակից արուեստի եւրոպական թանգարանում։ 2016 թուականին, երբ Միքայէլը դեռ 1-ին կուրսի ուսանող էր, արժանացաւ Հայաստանի Թէքէեան մշակութային միութեան «Վահան Թէքէեան» մրցանակի՝ դառնալով «Կերպարուեստ» անուանակարգի ամենաերիտասարդ մրցանակակիրը։ Պարգեւները, յաղթանակները, միջազգային բազմաթիւ մրցոյթների մրցանակները Միքայէլի համար իւրատեսակ հաճելի գնահատական են, սակայն նկարչի ստեղծագործական կեանքի ամենասպասուած իրադարձութիւնը ստեղծագործական դադարի առիթ հանդիսացաւ․ նրա «Կատարուեց» կտաւը, որ պատկերում է Յիսուս Քրիստոսի խաչելութիւնը, վերջերս օծուեց Երուսաղէմում եւ իր մշտական տեղը գտաւ Սուրբ Յարութեան Տաճարում՝ Քրիստոսի գերեզմանի մօտ։ Մեզ հետ զրոյցում Միքայէլ Յարութիւնեանը խոստովանում է՝ իրադարձութիւնն իսկապէս արտառոց էր իր կեանքում, որից յետոյ որոշ ժամանակ ձեռքը վրձին չէր վերցնում․ եղածը կարծես հոգեւոր մեծ պարգեւ լինէր։
Ի դէպ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի պատուէրով Միքայէլ Յարութիւնեանին է վստահուել հայոց կաթողիկոսների դիմանկարների շարքը․ դրանք իրենց տեղն են գտել Մայր Աթոռի վեհարանում։
Թէեւ արուեստասէր հանրութեանը յայտնի են Միքայէլ Յարութիւնեանի՝ հոգեւոր թեմաներով աշխատանքները, սակայն նա ստեղծագործում է տարբեր թեմատիկաներով․ կտաւներում ողջ ներկապնակն է՝ հեղինակային մօտեցումներով եւ իւրատեսակ ներշնչանքով։
Նկարիչն իր տուն-արուեստանոցում ամէն օր «հանդիպում է» տարբեր տարիների իր ստեղծագործութիւններին։ Հեղինակի խօսքով՝ դա իւրատեսակ նկարաշար է իր պատմութեան մասին, թէ որտեղից է եկել, որտեղ է հիմա եւ ուր կարող է հասնել․ «Իմ սկիզբն անընդհատ իմ աչքի առջեւ է»։
Անցեալի եւ թերութիւնների մասին խօսելիս Միքայէլը խոստովանում է՝ աւելի վաղ շրջանում եղել են պահեր, որ ցանկութիւն է ունեցել նոր շերտերով շտկել աշխատանքները, սակայն մտափոխուել է՝ պատմութիւնն ուղղելու կարիք եւ անհրաժեշտութիւն չունի, դրանից միայն դասեր պէտք է քաղել։
Միքայէլը մեզ հետ զրոյցում վստահեցնում է՝ իր առաջին քննադատը հենց ինքն է, ապա ծնողները, որոնք մեծ դեր են ունեցել նկարչի կեանքում՝ ստեղծագործական ճանապարհին ամուր կանգնելու համար։ Աւագ վրձնընկերների հետ եւս մշտապէս կապի մէջ է․ նրանցից խորհուրդներ է լսում, հաշուի նստում։
Նկարչի մօտ այսօր էլ ստեղծագործական բուռն շրջան է, ստանում է պատուէրներ աշխարհի տարբեր անկիւններից։ Նա հպարտութեամբ է յիշում 17 երկրների եկեղեցիներում, թանգարաններում եւ մասնաւոր հաւաքածուներում պահուող աշխատանքները, բայց առանձնացնում է մէկը․ հայազգի հանրայայտ ջազ-դաշնակահար, գործարար Աւօ Ուվեզեանն իր դիմանկարը հենց Միքայէլ Յարութիւնեանին էր վստահել, երբ նա դեռ 16 տարեկան էր: Աւելի ուշ այդ դիմանկարը տպուել էր ամերիկեան «La Cohoba» ամսագրի շապիկին:
«Գոյնն ինձ համար ասելիք փոխանցելու միջոց է, ոչ թէ կարեւորութիւն։ Մինչ այս ստեղծագործել եմ շատ ժանրերում, աշխատել տարբեր նիւթերով»,- նշում է Միքայէլ Յարութիւնեանն ու յաւելում՝ արուեստը խենթութիւն է, անկանխատեսելիութիւններ եւս հնարաւոր են։
Իսկ մինչ այդ խենթութիւններն իրականութիւն կը դառնան, Միքայէլը յաջորդ տարի կը մեկնի արտասահման՝ կատարելագործելու ի վերուստ տրուած այն շնորհը, որ երիտասարդ հեղինակի համար կը նախանշի նոր ուղի՝ ծնունդ տալով իր զգայուն ներաշխարհի գեղարուեստական արտացոլանքին։
Հայաստանի «Թէքէեան» Մշակութային Միութեան
լրատուական կենտրոն