Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Ի՞նչ Է Նշանակում Հինգալա Կամ Ո՛վ Է Հինգալան

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Շատերս լսել ենք հայերէն «Հինգալա» գեղեցիկ երգը։ Այդ երգի սկզբից մինչեւ վերջ կրկնւում է Հինգալա բառը։ Բայց ի՞նչ է նշանակում դա։

Որպէս նախաբան հաստատենք․ Հինգալան անձնանուն է․ կնոջ անուն է։ Այս մասին առաջինը գրել է իրանահայ երաժշտագէտ, բանասէր եւ մտաւորական Լիդա Բերբերեանը։ Նրա գրութիւնը տպուել է ժամանակին Թեհրանում հրատարակուող «Հանդէս» գրական ու մշակութային եռամսեայում։

Լիդա Բերբերեանի կազմած գրութիւնը սեղմ էր, ու յիշողութեամբ ասեմ,- Նա իր բացատրութիւնները տուել էր հէնց Հինգալա անձնանունի շուրջ։ Դիմեցի տարբեր բառարանների, որպէսզի աւելին իմանամ, բայց ոչ-մի տեղ չգտայ Հինգալա բառն ու անձնանունը։ Լ․ Բերբերեանը նշել էր, որ «Հինգալա» երգի հերոսուհին շումերական աստուածուհի է՝ նոյն անունով։

Առցանց հարթակներ ձեւաւորուելուց յետոյ եւս չկարողացայ իմանալ Հինգալայի մասին։ Ոչ-մի տեղ բացատրութիւն չկայ։ Առցանց մի քանի տեղ սխալ մեկնաբանութիւններ կան, որ Հինգալան նշանակում է «հինգ լալա»։ Երբ որ կարդում ենք երգի բառերը եւ իմանում ենք երգի բովանդակութիւնը՝ «հինգ լալա» բացատրութիւնը տրամաբանական չի լինում։

Բայց․․․ Բերբերեանը տուել է Հինգալայի մասին լրիւ իմանալու մի կարեւոր բանալի․ շումերական դիցաբանութիւնը։ Այդ բանալիով բացուեց դուռը, ու ես կարողացայ ամբողջապէս իմանալ թէ՛ շումերական դիցաբանութիւնը, թէ՛ շումերական Նինգալ/ Նինգալա մեծագոյն աստուածուհուն։ Բաւական է առցանց որոնել եւ իմանալ շումերների եւ նրանց աստուածների մասին։


Չկան շումերները։ Շատ քչերն են իմանում շումերների աստուածների վերաբերեալ։ Բայց շումերական այդ սիրավէպը, որ անցել է հայոց երաժշտութեան մէջ՝ դեռ երգում են հայերը, իհարկէ, առանց իմանալու թէ ինչ է նշանակում Հինգալա, եւ ով է եղել նա։ Առիթ եմ ունեցել այս մասին հարցնելու հայ շատ երաժիշտների ու գրականութեան բնագաւառի գործիչների, բայց ոչ ոք չէր իմանում հարցի պատասխանը։ Այս գրութիւնը հաստատ կը հետաքրքրի նաեւ նրանց։


Շումերները ապրում էին Միջագետքում։ Հիւսիսային Միջագետք էր կոչւում միթանիների ու հիթիթների բնօրրանը։ Հիթիթները նոյն խեթերն են հայերէնում։ Միթանիներն ու խեթերը համարւում է հայոց նախապապերը։ Միջագետքն ու Հիւսիսային Միջագետքը ազդել են միմեանց վրայ՝ նաեւ մշակութապէս։

Հայոց եւ ժամանակի ուրիշ ցեղերի ու ազգերի հին աստուածների մասին կան բազմաթիւ ուսումնասիրութիւններ։ Այս գրութեան նպատակը դա ներկայացնելը չէ։

Շումերական մեծագոյն աստուածուհի Նինգալը

Ես չգիտեմ շումերների Նինգալ մեծագոյն աստուածուհին համապատասխան է հայոց ո՞ր աստուածուհու հետ։ Հայոց գերագոյն աստուածն էր Արամազդը, ու ոչ-մի յիշատակում չկայ նրա կնոջ մասին։ Արամազդը համապատասխանում է իրանական Ահուրա-Մազդային եւ յունական Զեւսին։ Նրա որդիներն են Միհր եւ Վահագն աստուածները, ու Անահիտ, Աստղիկ եւ Նանէ դիցուհիները։ Հայոց դիցուհիները չեն կոչուել մեծագոյն։ Բայց շումերական Նինգալը համարւում է շումերների մեծագոյն աստուածուհին։ Նինգալ անուան ստուգաբանութիւնն էլ նոյնն է վկայում,- «Նին» այսինքն կին, ՏԻԿԻՆ, «գալ»՝ այսինքն մեծ, մեծագոյն։ Այս յոյժ մասնագիտական քննարկումները չշարունակենք ու բաւարարուենք այսքանով։

Նինգալի կեանքի մասին այստեղ բաւ է յիշատակել, որ նա ապրել է Միջագետքի  հարաւային շրջանում՝ «Ուր» հնադարեայ քաղաք-ամրոցում, որ համարւում էր շումերների մշակութային կենտրոնը։ Դա ներկայ Իրաքի հարաւն է։ Պեղումների ժամանակ յայտնաբերուել է այդ քաղաքը եւ Նինգալին նուիրուած տաճարի աւերակները։

Գալով սիրավէպերին,- Առանց մանրամասնութիւնների մէջ մտնելու՝ Նինգալ աստուածուհին ունեցել է սիրեկաններ ու սիրուհիներ։ Իմանալու համար՝ թէ ի՞նչ աւարտ է ունենում արկածներով լի նրա կեանքը, հետաքրքրուողները կարող են դիմել տարբեր տպագիր ու առցանց աղբիւրների։ Հայերէնով որոնել «Նինգալ», պարսկերէնով՝ «نین گال»-, իսկ անգլերէնով՝ որոնել Ningal.

Հայերի մօտ պահպանուած ու մինչեւ հիմա երգուող «Հինգալա» երգը՝ հովիւի սէրն է շումերական Նինգալ աստուածուհու հանդէպ։ Հովիւը սովորական մարդ է՝ հասարակ խաւից, բայց Նինգալ/ Հինգալան բարձրաշխարհիկ է։ Նա չի արժանանում Նինգալի սիրոյն, նուագում է սիրոյ երգը, յիշում է Նինգալ/ Նինգալա/ Հինգալայի վառ այտերն ու բոց աչքերը․․․ Սարում տխրում է խեղճ հովիւը,  խոր ձորում մնում է,  որ իր  բաժինն է կեանքից։

Ներքեւի կապով նորից լսենք այդ երգը, ու ամբողջութեամբ կ՛իմանանք Հինգալային գովերգող հովիւի վիշտն ու տխրութիւնը։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին