Ուրբաթ, 09. 12. 2022

Ամփոփագիր

Տեսակէտ

ՌՈՒԲԷՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

«Քաղաքակրթութիւն մը կը կործանի

 իր հոգեւոր արժէքներէն հեռացումով, իր

 անդամներուն ինքնահաւանութեան  պատճառով»:

«ԶԱՐԹՕՆՔ»

Բազում են մեր հայրենակիցները՝ ի  սփիւռս աշխարհի, որ անհանգիստ են եւ մտատանջ, թէ ի՛նչ պիտի լինի տիրող խաժամուժի վերջը, որ ստեղծուել է իշխանութեան եւ ընդդիմադիր հատուածների միջեւ: Մեղաւորն ու արդարը պիտի չփնտռեմ, այն իրաւական հարց է եւ թերեւս երկուստեք    պարտականութիւնները ընկալելու   սխալ մօտեցում կայ՝ այն  թողնենք մասնագէտներին վերծանելու, միայն թէ տիրող անտրամաբանական եւ ոչնչի չծառայող թոհ ու բոհի պայմաններում առաւելս թուլանում են երկրի դիրքերը թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին աշխարհում, որից եւ ծնւում է ատելութիւն, հարազատ միջավայրի նկատմամբ եւ շատերի հայեացքն է ուղղուած դէպի արեւմուտք՝ առանց գիտենալու, որ այնտեղ չէ, որ պիտի գտնեն իրենց անդորրը, փոխանակ առարկայական մասնակցութիւն ունենալու բոլոր տեսակի անց ու դարձի: Չէ որ ընտրելու իրաւունքը՝ քուէն, հզօր   զէնք է բանականութեամբ գործածելու պարագային: Վերջին ընտրութիւններին  զանգուածի կէսից աւելին չէր մասնակցել քուէարկութեան, բայց այն վաւեր եւ օրինական է (լեգիտիմ նման շատ երկրների), որ բառացի նշանակում է, թէ մեր հասարակութիւնը թմբիրի մէջ է եւ անգիտակից, որ մեր գլխին դոմոկլէսեան  սուր է կախուած եւ մեր ոչնչացման հարցը դեռ շարունակում են անդադար որոճալ մեր հարեւանները, իսկ մենք թուրք որակելով միմեանց՝ իրար յօշոտելու քայլեր ենք ձեռնարկում ի հեճուկս ճիւաղների: Ալիեւը մեր կողմը լրտես ուղարկելու այլեւս կարիք չունի, քանզի ոչ միայն մեր զինծառայողները,  այլ ոմանք պատրաստ են մի քանի դոլարի դիմաց տեղեկութիւններ տալ թշնամուն՝ արարք, որ մեր պարտութիւնների պատճառ է եղած պատմական դարերի ընթացքին:        Ամօթ է եւ ստոր:

Պիտի չանդրադառնամ քաղաքական գործիչ կոչուողների բռի, անկիրթ, գաւառական կեցուածքին թէ՛ ԱԺ նիստերի եւ թէ՛ որեւէ առիթով: Ատելութեան բռնկումը եւ ցուցադրումը ամէնուրեք նոյնն է՝ ծայրայեղ, մինչեւ իսկ իւրաքանչիւրը իրաւունք է վերապահում ընթացիկ կանոնները արհամարհել, նոյնիսկ ոստիկանին ապտակել՝ վստահ լինելով, որ այդ քայլը իր իրաւունքների մաս է կազմում եւ օրինական է:

Անհերքելի է, որ մեր հայրենի հասարակութեան կմախքը վերականգնելու կարիք ունի, այլակերպ նա չի կարող եւ առկայ է նրա բացակայութիւնը, մանաւանդ լուսանցքում պահ մտած մտաւորականութիւնը, որ անհրաժեշտ տարր է երկրի վերակառուցման ընթացքին:

Ինքնակոչ «փրկարարները», որոնցից փրկուելը նոյնքան   առաջնահերթ է, երկրում տիրող անյաջողութիւնների եւ  անկումների հեղինակներից են՝ ինքնամաքրումի  լուրջ խնդիր ունեն եւ անհրաժեշտ է նրանց ուղղորդել, բայց ինչպէ՞ս, երբ իրար լսելու եւ հասկացուելու ունակութիւնից զուրկ են: Տարիներ է որ միեւնոյն հարցը տալով չեմ կարողանում պատասխան գտնել, թէ ի՛նչն է պատճառը եւ ո՛ր տրամաբանական սկզբունքներն են, որ թելադրում են կարեւորել  իրար հակադրուելը, արդեօք ցեղայի՞ն արատ է, որ ժառանգել ենք, թէ՞․․․ չունեմ պատասխան, բայց վստահ եմ որ օտարութեան մէջ ձուլուելու առաջատար ենք:

Արդի՝ իշխանութիւն-ընդդիմութիւն բախումի ընթացքին, եթէ առաջինը, որ կատարեալ լինելուց հեռու է, իր ընթացիկ խնդիրները լուծելու հոգսերը ունի, ապա, ընդդիմութեան օրակարգ չունենալն արդէն ոչ միայն իր խնդիրն է, այլ ազգի, քանզի երկիրն է, որ մնում է առանց ճշգրիտ ծրագրի՝ այդ է հակադիր ուժերի գոյութեան իմաստն եւ առաքելութիւնը, եթէ կարողանան հասկանալ:

44-օրեայ դժոխքի պարտութեան բազում պատճառները  կապուած  արտաքին եւ ներքին քաղաքական ելեւէջների եւ տնտեսական,  ռազմական   սխալների հետ  թնջուկ դարձած ոմանց համար շահարկումի  թեմա է եւ ամէն կողմից մեղադրեալ են փնտրում, եւ նոյնիսկ յաւակնողներ կան, որ կարծում եւ յայտարարում են, որ եթէ իրենք լինէին իշխանութեան ղեկավար, ապա այն չէր լինի, մինչեւ իսկ առաջին պատերազմի յաղթանակին տէր են  կանգնում եւ անգէտ  են, որ՝ Գորդեան հանգոյց քակողների դարը վաղուց անցել է, մանաւանդ մեր երկրում, ուր բաւական տիրակալ են սուտն ու կեղծիքը՝ բոլոր բնագաւառներում: Յայտնի չէ, թէ արդեօք ստախօսութիւնից   մեռնող եղե՞լ է:

Ոչ ոք չի ցանկանում հասկանալ, որ այդ պատերազմը կորցրել էինք 1994-ին, երբ թշնամին ծնկադիր զինադադար էր խնդրում ռուսների միջնորդութեամբ: Մեր իմաստունները լաւագոյն առիթը չգնահատեցին, որ պէտք էր յանձնէին մեզ չպատկանող տարածքները՝ պահելով միայն Արցախը՝ անկախ մնալու պայմանով՝ ստորագրուած պայմանագրի դիմաց:  Փոխարէնը բազում էին յոխորտացողները, թէ մինչեւ Պաքու կը գնան:

 Չարիքի  հետեւանքների ամբողջ ծանրութեամբ մեզ վրայ ճնշումով հանդերձ, դեռ իշխանութեան վերադառնալու լուրջ ցանկութիւն ունեցողների թիւը համալրուել է սերնդափոխ թեկնածուներով:

Արդի վէճերը «կապիտուլանտի» տրամաբանութեամբ ոչ մէկ հիմք ունեն եւ անհասկանալի է, թէ ինչո՞ւ Աղդամը եւ  Ջեբրայիլը մեր հայրենիք համարելով մօտ քսան տարի պահեցին ամայի վիճակում, ուր անգամ առնէտներ չկային եւ երբեւէ մենք չէինք կարող այդ տարածքները բնակեցնել, երբ արցախցիների երազը Երեւանում հաստատուելն է իսկ երեւանցիների մեծամասնութեան հայեացքը՝ դէպի դուրս: Հիմնականում մեր պետական այրերը որպէս միասնական հանրութիւն ունէին անհասանելի մի ծրագիր, որից եւ մեր կրած կորուստները։ Այլուր յանցաւոր փնտռելու կարիք չկայ:

Ցաւալի է, բայց նոյն պարզամտութեամբ եւ տարրական հոգեբանութեան բացակայութեամբ, առարկայական փորձ է  արւում իշխանութիւնը վերագրաւել, որին հասնելու ճիշտ եւ օրինական ճանապարհը ընտրութիւններն են, որ շատերի կարծիքին չի համապատասխանում:

Իրաւունք ունինք յուսալ եւ հաւատալ, որ մօտ ապագային հայ հանրութիւնը հասունութեան շեմը կը հատի եւ տիրոջ իրաւունքով կը մասնակցի  երկրի իրադարձութիւններին՝  հրաժարուելով իր կրաւորական, իմա՝ ազգակործան եւ հակապետական ընթացքից:

Սեն Ռաֆայել


ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին