Ուրբաթ, 26. 04. 2024

spot_img

ԿՈՉ

Հայկական Մշակութային Ժառանգութեան Ոչնչացման Վտանգը Արցախում

Երեւան, 19.07.2022 թ․

2022 թ․ յուլիսի 15-19-ը Երեւանի պետական ​​համալսարանում եւ Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցաւ «Արցախի մշակութային ժառանգութիւնը» խորագրով միջազգային գիտաժողով։ Աւելի քան երեսուն օտարերկրացի եւ հայ գիտնականներ ու փորձագէտներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժէքների ստեղծման, պատմական զարգացման եւ ներկայիս վտանգուածութեան խնդիրները։ Այս արժէքները պատկանում են հայկական մշակոյթին, որով նաեւ մաս են կազմում համաշխարհային քրիստոնէական հնագոյն ժառանգութեան։

Պարբերական դարձած գիտաժողովի շարժառիթը 2021 թ․ մարտի 4-ին ստուարաթիւ գիտնականների կողմից հրապարակուած կոչն էր՝ ի պաշտպանութիւն Արցախի մշակութային կոթողներրի։ Այն մատնացոյց էր անում տեղի հայ բնակչութեան եւ նրա մշակութային ժառանգութեան խիստ վտանգուածութիւնը։

Դրանից առաջ բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ, որպիսիք են՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանացի կաթոլիկների կենտրոնական կոմիտեն եւ Ռենովաբիս Արեւելաեւրոպական օժանդակութեան հիմնադրամը, հռչակագրեր էին հրապարակել հայ բնակչութեան տառապանքի եւ մշակութային ժառանգութեան վտանգուած լինելու վերաբերեալ։ Նաեւ Եւրոխորհրդի Խորհրդարանական համաժողովը (PACE) 2021 թ․ սեպտեմբերի 27-ի որոշման մէջ եւ ԱՄՆ Պետական դեպարտամենտը 2022 թ․ յունիսի 2-ի Ադրբեջանում կրօնական ազատութեան մասին զեկոյցում արտայայտել են իրենց դիրքորոշումը։

Այնուհետեւ՝ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը 2021 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ Ադրբեջանին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վանդալիզմի եւ հայկական մշակութային ժառանգութեան կոթողների պղծման գործողութիւնները կանխելու եւ պատժելու համար։ Ի վերջոյ, 2022 թ․ մարտի 10-ին Եւրախորհրդարանը խստագոյնս դատապարտել է Ադրբեջանի կողմից շարունակուող այն քաղաքականութիւնը, որն ուղղուած է Արցախում եւ շրջակայ տարածքներում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացմանն ու, առհասարակ, վերջինիս գոյութեան ժխտմանը։

Այս ամենի դրդապատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ծակուռի գիւղի 12-րդ դարի Ս․ Աստուածածին հայկական եկեղեցի այցի ժամանակ արուած յայտարարութիւնն է, որ այնտեղից հեռացուելու են հայերէն վիմագիր արձանագրութիւնները։ Բացի այդ, Ադրբեջանի մշակոյթի նախարար Անար Քարիմովը 2022 թ․ փետրուարի 3-ին իրազեկեց մի աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը բացայայտօրէն օրինականացնելու է տարածաշրջանում հայկական մշակութային բոլոր արժէքների համակարգուած ոչնչացումը։

Բացի դրանից յայտնի է, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. սանձազերծուած պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուած ուժերը երկու անգամ բարձր ճշգրտութիւն ունեցող զէնքով հրթիռակոծել եւ լրջօրէն վնասել են Շուշիի Ս․ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) տաճարը: Աւերուել է նաեւ Ս․ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) այն բանից յետոյ, երբ ադրբեջանական զօրքերը հսկողութեան տակ են վերցրել այս քաղաքը։ Վնասուել, պղծուել եւ աւերուել են նաեւ ուրիշ եկեղեցիներ, արձանագրութիւններ եւ խաչքարեր։ Արբանեակային լուսանկարները փաստում են, որ ոչնչացուել են մի քանի ժամանակակից եւ պատմական գերեզմանատներ:

Ադրբեջանն արդեն իսկ ոչ վաղ անցեալում ոչնչացրել է Նախիջեւանեան Էքսկլավի տարածքում գտնուող հայ մշակութային ժառանգութիւնը, ինչն իր մէջ ներառում է Ջուղայի միջնադարեան հայկական գերեզմանատան հազարաւոր խաչքարերի եւ այլ յուշարձանների ամբողջական ավերումը:

Մենք, գիտաժողովի մասնակիցներս, դիտարկում ենք, որ հայկական նիւթական եւ ոչ նիւթական մշակութային արժէքներն Արցախում եւ նրա շուրջ խիստ վտանգուած են։

Մենք կոչ ենք անում․

  1. որ բոլոր քաղաքական եւ հասարակական դերակատարները, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնները ներգրաւուեն Արցախում եւ նրա շրջակայքում մշակութային արժէքների ու վտանգուած բնակչութեան պաշտպանութեան գործին,
  2. որ բոլոր որոշում կայացնողները մշակութային արժէքների եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը դարձնեն Ադրբեջանի հետ ցանկացած տեսակի համագործակցութեան նախապայման,
  3. որ ներկայումս հակամարտութեան կարգաւորման շուրջ եւ խաղաղութեան համաձայնագրի կնքման նպատակով տարբեր մակարդակներում տարուող բանակցութիւններում նաեւ հաշուի առնուեն արցախահայութեան իրաւական շահերը։ Միայն արդար խաղաղութիւնը կարող է երաշխաւորել մշակութային արժէքների եւ մարդու իրաւունքների կայուն պաշտպանութիւնը, ինչին Ադրբեջանը պարտավւորուել է միջազգային իրաւունքի համաձայն,
  4. ապահովելու, որ Եւրոպական միութիւնն ու նրա անդամ երկրները բարձրացնեն նաեւ պատմութեան վերանայման, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ Արցախում մշակութային արժէքների վտանգուածութեան եւ ոչնչացման խնդիրները, երբ Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ բանակցութիւններ են ընթանում եւ համաձայնութիւններ կնքւում,
  5. որ Ադրբեջանը անսահմանափակ իրաւունք տա գիտնականներին, ԵՈՒՆԵՍՔՕ-ին եւ միւս միջազգային կազմակերպութիւններին՝ Արցախում եւ շրջակայ տարածքներում գտնուող մշակութային կոթողների այցելութեան համար եւ չարգելի հաւատացեալների մուտքը պաշտամունքի վայրեր:

Կազմակերպիչներ՝

Մարտին Թամքէ, դր․, փրոֆ․, բազմ․ պատուոյ դր․, Գյոթինգեն

Անդրէաս Մյուլլեր, դր․, փրոֆ․, Քիլ

Դագմար Հելլեր, դր․, Բենսհայմ

Յարութիւն Գ․ Յարութիւնեան, դր․, Երեւան

Մասնակիցներ եւ կոչը ստորագրողներ՝ աշխարհի չորս կողմէն ականաւոր եկեղեցականներ եւ ակադեմականներ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին